Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի հետ հանդիպմանը մեծ մասն անծանոթ մարդիկ էին, հավանաբար՝ կողքի գյուղերից». «Հրապարակ»

Մարտ 23,2021 11:25

Ուջանի համայնքապետ, ինչպես ինքն է ասում, «պապենական դաշնակցական» Նաիրի Կիրակոսյանը վստահեցնում է, որ նախկինում 3 հազար 400, բայց ներկայումս 2 հազար 300 բնակիչ ունեցող Ուջանում 70-100 ուջանցի է մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը, մնացածն իրեն անծանոթ մարդիկ էին, հավանաբար՝ կողքի գյուղերից։ Գյուղապետը ոչ մեկին ո՛չ արգելել է գնալ հանդիպման, ո՛չ էլ հակառակն է արել. «Դե, տեղակալս է ընդունել, ինքն ասեց՝ հազիվ 70-100 մարդ լիներ, կողքից էին շատ»։ Ինքն անձամբ չի դիմավորել Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ խնդրել-հորդորել է իր բազում գյուղացիներին՝ ակցիաներ չիրականացնել. «Էդ մարդիկ էսօր գալու են, վաղը գնան, մենք գյուղի մարդիկ ենք, իրար երես ենք նայելու, դրա համար էլ նպատակն էն էր, որ բախում չլինի»։ Դիտարկմանը, որ իր կուսակիցները հենց այդ գործով են զբաղված՝ բողոքի ակցիաների միջոցով խոչընդոտում են Փաշինյանի ազատ տեղաշարժը, ասաց․ «Դե, չգիտեմ, գյուղում պետք չէր։ Մեր գյուղում շատ կարգին, տաքարյուն մարդիկ կան, ուզեցել են, բայց ես արգելել եմ, գյուղացիք ամբողջ կյանքում իրար հետ են ապրելու»։ Իսկ դպրոցական երեխաների ներկայության մասին էլ ասաց․ «Մեր գյուղից էլ կային, բայց շատերն անծանոթ էին»։

Ներքին Բազմաբերդի համայնքապետ Խաչատուր Նորեյանը զրույցի սկզբում նախկին ՀՀԿ-ական ներկայացավ։ Իսկ հիմա՞։ «Հիմա էլ՝ նույնը»,- պատասխանեց նա։ Նորեյանը նաեւ ասաց, որ տեղակալ չունի, ինքն է անձամբ դիմավորել Նիկոլ Փաշինյանին. «Ես համայնքի ղեկավար եմ, հո էս իմ անձնական բոստանը չի՞, որ կուսակցական եմ՝ չդիմավորեմ»։

«Մի բանը, որ ժողովուրդն ուզում է, ես չեմ կարա ասեմ՝ չէ, մի եկեք։ Մարզպետարանից զանգեցին, ասեցին, որ ուզում է գա ձեր մոտ, մենք էլ ընդունել ենք։ Բայց էդ հավաքվածները, շատը հարեւան գյուղերից էին, մեր համայնքից մի 100-150 երեւի։ Դե, երեխեք էլ կային»։ Ներքին Բազմաբերդը 1700 բնակիչ ունի, համայնքապետը, սակայն, սոցհարցում չի արել, չի կարող ասել՝ իր ղեկավարած համայնքն իշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր. «Ես անգամ կազմակերպական աշխատանքին չեմ մասնակցել, հայտարարություն ենք խփել գյուղում, որ գալիս է, իրանք էլ եկել են, էդքան բան»։ 44-օրյա պատերազմին համայնքը երեք զոհ է տվել, Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրն այցելել է զոհվածների գերեզմաններին, այնտեղ են եղել նաեւ նրանց հարազատները։ «Շաբաթ օր էր, մարդիկ էդ ժամին ամեն շաբաթ գերեզմանոց են գնում, ինքն էլ ուզեց՝ գնաց»,- ասաց նա՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցերը եւս, մեր տեղեկություններով, կազմակերպվելու են անսպասելի եւ հույժ գաղտնիության մթնոլորտում, որպեսզի ընդդիմադիրները բողոքի ակցիաներով չխանգարեն Փաշինյանի նախընտրական գեղանկարչությունը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031