Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հարցեր կան օդում կախված, ինչ-որ գումարներ կան Դաշնակցության հաշիվներին…». ՔՊ-ական Գնել Սարգսյանը՝ պատերազմը հաղթած համարելու, Փաշինյանի ու ընդդիմադիրների մասին

Մարտ 31,2021 23:23

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ Գնել Սարգսյանը Գյումրիում հավաքի ժամանակ հայտարարել էր, թե «համարում եմ, որ մենք պատերազմը հաղթել ենք»: Այս արտահայտությունը սոցցանցերում դարձել էր բուռն քննարկման առարկա: Այսօր նա եկել էր խորհրդարան, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ձեզ հարցադրումներ են հնչեցնում՝ ո՞նց կարող է 5000 զոհ ունենալու, տարածքների այսպիսի կորուստ ունենալու դեպքում համարեք, թե չենք պարտվել:

Նա պատասխանեց, թե խոսքը բարոյական հաղթանակի մասին է ու պետք չի այստեղ Ավարայրի ճակատամարտը հիշել. «Մենք բոլորս հրաշալի գիտենք ինչ ենք կորցրել, հատկապես այդ խոսացողները, աղմուկ հանողները չգիտեն ինչ են կորցրել: Իրենք չգիտեմ վերջին անգամ երբ են եղել, կամ եթե եղել են Արցախում՝ միայն կերուխումերի: Իրենցից ոչ մեկի ես չեմ տեսել Արցախում երբեք, մարտական գործողությունների ընթացքում նույնպես: Հատկապես նոյեմբերի 9-ի գիշերը տեսել եմ Ազատության հրապարակում, շատ հետաքրքիր էր այդ «հայրենասերների» նման ոգեւորությունը»:

Ինչ վերաբերում է հաղթելուն՝ նա ասաց, որ բարոյապես հաղթել է, օրինակ Ջաբրայիլի փոքրամարմին այն զինվորը, որը զենքը վերցրեց ու ասաց. «Դե եկեք ասեմ ում մերն է տղա բերել»:

Մենք հարցրեցինք Գնել Սարգսյանին՝ հնարավո՞ր է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվի՝ որպես պատգամավոր: Նա պատասխանեց. «Չգիտեմ, մեր կուսակցությունում անձերը չեն որոշում, ինչ-որ մեկը չի որոշում այսպես կամ այնպես»: Զարմացանք՝ Նիկոլ Փաշինյա՞նը չի որոշում ձեր կուսակցությունում՝ նա պատասխանեց. «Ոչ: Մեր կուսակցությունում Նիկոլ Փաշինյանը չի որոշում, որոշում են վարչության անդամները, կուսակցականները, բոլորն ունեն հավասար իրավունքներ, գաղափարները պաշտպանելու հավասար իրավունքներ, բոլորը բոլորին լսում են: Եթե ընդհանուր որոշվի առաջարկել ինձ, ես իրենց հետ կմասնակցեմ այդ քննարկումներին, ըստ այդմ որոշում կկայացնենք: Եթե գտնենք, որ մեկը կա, որ կարելի է ինքը լինի, ոչ թե ես, ես սիրով կհամաձայնեմ»:

Հարցին՝ չե՞ք գտնում, որ այս տարիներին խորհրդարանը դարձել է ոչ մասնագետների հավաքատեղի, սա օրենսդիր մարմին է, հատկապես խորհրդարանական կառավարման երկրում պետք է օրենքով մասնագետները զբաղվեն, դուք մշակույթի ոլորտի մարդ եք, դերասան եք, զբաղվեք ձեր գործով, ո՞նց եք դուք համարում, որ կարող եք հայտնվել խորհրդարանում՝ նա պատասխանեց. «Նույն  հարցը ես ձեզ տամ՝ պոլիտեխնիկ ինստիտուտում ռադիոֆակուլտետն ավարտած մարդն իրավունք ունի՞ լինի քաղաքական դաշտում, այն էլ՝ հեռակա սովորած: Բոլորիս քաջ հայտնի քաղաքական գործչի մասին է խոսքը: Մանկավարժականն ավարտածը, ընդհանրապես չավարտածը…Գուցե ես այն առանձին տեսակներից եմ,  ով կարող է լինել լավ դերասան եւ ռեժիսոր եւ խորհրդարանում կարողանա ծառայել իր պետությանը»:

Խոսելով «Հայրենիքի փրկության շարժման» մասին՝ Գնել Սարգսյանն ասաց. «Ես չգիտեմ իրենք ո՞ր հայրենիքն են փրկում, լավ կլիներ բարձրաձայնեին՝ ո՞րն է իրենց հայրենիքը…Հարցեր կան օդում կախված, ինչ-որ գումարներ կան Դաշնակցության հաշիվներին, տղերքը ցրտին կանգնած էին, իրենք սիրուն վրաններ ունեին, կարո՞ղ է տային՝ սիրուն, հարմարավետ վրան: Այնտեղ տեղում կանգնած, որ իրենք սիրում են ցույց տալ՝ «նայե՜ք, ադրբեջանցին 5 մետր  այն կողմ է», այ հենց այդ տղան այնտեղ ձների մեջ կանգնած էր ու մի 3-4 օր այդպես լուսացրել է, չի տրտնջացել: Իրենք կարո՞ղ են ասել, թե նոյեմբերի 9-ից մինչ այսօր քանի՞ անգամ են գնացել առաջնագիծ ու փորձել մի լուցկու չոփով օգտակար լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նախկին իմքայլական says:

    Տղա ջան, ձերոնց, ովքեր նախկինում մերոնք էին, լափած պարգևավճարներով հազար հատ վրան ու ավել բան կարելի էր առնել: Ձեր դատարկ ուղեղով` եթե ընդդիմադիրները օղի խմեն` դուք կասեք` տղերքը դիրքերում մրսում են, իսկ դուք էստեղ խմում տաքանում եք, ուղարկեիք տղերին էդ օղին: Դու գնացել մի քիչ ֆռֆռացել ու եկել ես, որ ասես, թե դու պատերազմ ես տեսել: Դու բան էլ չես տեսել: Հիմա` աչքովս տեսածի մասին. էնքան, ինչքան դաշնակները ծախսեցին ու շարունակում են ծախսել Արցախի ու Արցախում կռվողի համար` դուք ձեր իշխանությունով էդքան նույնիսկ երազում չեք տեսել: Իսկ Դաշնացության տղերքի կատարած սխրանքների ու տված զոհերի մասին ուրանալը մեղմ ասած շանտղություն է: Դու և քո նմանները երբեք էլ չեք հասկանալու` ինչ է հայրենիքը և ինչպես է պետք սիրել այն…

  2. Garo says:

    Նիկոլի շկոլան միանգամից երևումա, սոված բոլշևիկ վիճակները. Տո ասա քեզ ինչ ում հաշվին ինչ կա.
    Ըստ հավաստի լուրերի, Ձեր Հայկ Մարությանը, Ալեն Սիմոնյանը քաղաքի կենտրոնում թանկարժեք տներ ունե ու ոչ մի հատ. Բա ծախեք վրան առեք. Կամ Նիկոլի թիմի համար հոգի տվող Գռզոն միլիոններ ունի բա ասեք թող մի 10հատ աթս առնի.

    Կամ էտ տափակ խոսքը, որ ես իրանց Արցախում կռվելուց չեմ տեսել; Իբր մեծն Գնելը Քարվաճառից մինչև Հորադիզ ամենուր եղելա բոլորին տեսելա, հատ հատ գիտի ովա կռվել ով չէ.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031