Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից

Ապրիլ 07,2021 23:13

Զանգվածային լրատվության միջոցների դիտարկմամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր արձանագրել է, որ Հանրապետության հրապարակի հարակից` ՀՀ կառավարության վարչական շենքի դիմացից ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժիններ: Մի շարք նույնաբովանդակ ահազանգեր են ստացվել Պաշտպանի աշխատակազմ:

Նշվածի հաշվառմամբ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացրել են այցեր Ոստիկանության բաժիններ, առանձնազրույցներ ունեցել բերման ենթարկվածների և նրանցից մի քանիսի փաստաբանների հետ:

Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողներն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները: Հիմքերն ու պատճառները չեն ներկայացվել նաև Ոստիկանության բաժիններում: Գրեթե բոլորը նշել են, որ Ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն իրավունքները:

Առանձնազրույցի ընթացքում քաղաքացիները նաև հայտնել են, որ հավաքի ընթացքում Ոստիկանության ծառայողների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ: Օրինակ` ազատությունից զրկված կանանցից մեկը նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4, իսկ մյուսը` 3 ծառայող` գործադրելով անհամաչափ ուժ: Նմանատիպ խնդիր բարձրացրել են այլ բերման ենթարկվածներ ևս:

Ազատությունից զրկված անձանց Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են նրանց նվազագույն իրավունքները:

Այսօրվա այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին` կապված ազատությունից զրկելիս հիմքերն ու պատճառները ձերբակալվողներին տեղում չներկայացնելու, իրավունքները չպարզաբանելու, բերման ենթարկելիս ուժի գործադրմանը: Անհրաժեշտ է հնարավորինս անհատական մոտեցում` բերման ենթարկելը դիտելով վերջին միջոց և հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի առանձնահատկությունները, ձերբակալվողի սեռը և այլ հանգամանքներ:

Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում ծանոթացել են վարչական վարույթի նյութերին, անհրաժեշտ պարզաբանումներ ստացել Ոստիկանության բաժինների ղեկավար կազմից:

Այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողները պատշաճ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի հետ, տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Այցի արդյունքներն ամփոփվում են, դրանց արդյունքներով պայմանավորված պարզաբանումներ կպահանջվեն Ոստիկանությունից:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930