Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Հովհաննիսյան. «Տարածաշրջանում մեծ առումով փոխվել է միայն այն, որ Ադրբեջանը օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքները»

Ապրիլ 19,2021 16:10

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի վերլուծությամբ, որքան էլ պաշտոնական Երեւանից հնչեն խաղաղության կամ հակամարտությունը լուծված լինելու մասին հայտարարություններ, միեւնույն է, Թուրքիան այդպես չի ընկալում եւ ընդունում, չնայած, որ Ադրբեջանը եւս հայտարարում է, թե արցախյան հակամարտությունը լուծված է: «Թուրքիան այս պահի դրությամբ Հայաստանի նկատմամբ ունի երեք պահանջ, որը, ըստ նրա, Հայաստանը պետք է իրականություն դարձնի: Առաջին՝ ընդհանրապես Արցախից հրաժարվել եւ կարգավիճակի մասին այլեւս չխոսել: Երկրորդ՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման փոփոխություն եւ Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջի վերացում: Երրորդ՝ Կարսի հայտնի պայմանագրի վավերացում Հայաստանի Հանրապետության կողմից:

Սրանք են հիմնական պահանջները սահմանները բացելու. ընդհանրապես, դիվանագիտական հարաբերություններ ունենալու համար: Այնպես որ, տարածաշրջանում մեծ առումով ոչինչ չի փոխվել: Փոխվել է միայն այն, որ Ադրբեջանը օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքները, կատարել մի շարք ռազմական հանցագործություններ, որոնք դեռեւս միջազգային հանրության կողմից հավուր պատշաճի գնահատական չեն ստացել:

Հստակ կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ չի փոխվել: Նույն ռազմատենչ հայտարարությունն է: Ավելին ասեմ, վերջին շրջանում նաեւ մեծ քանակությամբ զորք է կուտակել իր արեւելյան, Հայաստանի՝ արեւմտյան սահմանին: Մեծ հաշվով, կարծես, Թուրքիան ինչ-որ վտանգներ է նաեւ զգում Հայաստանից: Ավելի ճիշտ, Ռուսաստանի Դաշնությունից, որովհետեւ պատերազմից հետո Ռուսաստանի ռազմական ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետությունում մեծացավ»,-ասաց փորձագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930