Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշին 1902թ. մարտին

Ապրիլ 22,2021 12:30

Կամ՝ չջնջվող պատմություն

Մարտի 1-ին Շուշիում ձյուն է եկել մոտ «5 վերշօկ խորութեամբ» (ռուսական երկարության հին չափ, որը հավասար է 4,4 սմ): Այդ առթիվ մամուլում նշվել է. «Ամբողջ գաւառը ծածկված է սպիտակ սաւանով: Ցուրտը սաստիկ է: Ամբողջ ձմեռվայ ընթացքում դեռ այսպիսի ձիւն եւ ցուրտ չէ եղել: Կարծես թէ ձմեռը նորից է սկսվում: Խեղճ գիւղացիների դրութիւնը կրիտիկական է: Ջուալում ցորեն չը կայ, իսկ մարագում ապուռ անասունների համար»:

Ամսվա սկզբին Շուշիի հայ երիտասարդությունը որոշում է ստեղծել մի խմբակ, որը աշխուժություն կմտցներ իրենց կյանքում եւ բազմաթիվ գրական միջոցառումներ կիրագործեր: Այդ մասին գրվել է. «Ահա Շուշու այդ նորաբողբոջ խմբակը, երիտասարդների ու հասարակութեան ստորին խաւերի մէջ մի զգալի կերպարանափոխութիւն մտցնելու նպատակով, վճռել է գրական երեկոյթները կազմակերպել: Գրական երեկոյթների մասին աւելորդ ենք համարում խօսել. այսքանը միայն կը յիշենք, որ դա մի ուշադրութեան արժանի միջոց է ոչ թէ միայն մի փոքր նպաստելու մեր ամբոխի մտաւոր յարժողութեան, ոչ թէ միայն մտաւոր գործունէութեան մի նոր դուռ բաց անելու, այլեւ ուսումնասիրելու տեղական շատ կարեւոր խնդիրներ: Ապագան ցոյց կը տայ, թէ ժողովուրդն ինչպէս է վերաբերւում դէպի այդպիսի մի ձեռնարկութիւն: Շուշու հայ հասարակութիւնը պարտաւոր է ամեն կերպ խրախուսել այդ տեսակ ձեռնարկութիւնները, լաւ հասկանալով, որ ձեռնարկողները ժողովրդի անկեղծ բարեկամներն են, որոնք ոգեւորուած են հասարակական բարօրութեան գաղափարով»:

Մարտի 17-ին, ցերեկը, ժամը 4-ին, որոտացել է երկինքը, որին հետեւել է մեղմ ախորժ անձրեւը: Եղանակը Շուշիում սկսել է տաքանալ:
Մարտի 23-ին Շուշիից ստացված թղթակցությունում խոսվել է հոգեւոր քարոզների մասին. «Մեզ մօտ արդէն սկսվել է քարոզների սեզօնը: Անցեալ կիրակի Բենիկ վարդապետը «արտաքոյ կարգի» մի քարոզ խօսեց. արտաքոյ կարգի եմ ասում, որովհետեւ մինչեւ այսօր այդ ուղղութեամբ քարոզ չենք լսել: Մենք յաճախ ենք լսում քարոզներ, ուր մարդկանց աներեւոյթ եւ բացակայ բարեմասնութիւններն են դրուատում, ուր նրանց երկինք են բարձրացնում, ինչպէս օրինակ, համարեա ամեն ննջեցեալի վրա խօսած քարոզները, ուր անձնաւորութիւնը, նրա գործերը ի նկատի չեն առնվում, այլ դրուատում են անխնայ: Ե՞րբ են եղել քարոզները ժողովրդին մատչելի, նրա սրտին մօտիկ…»:

Մարտի 26-ին Խանդամիրյանի թատրոնի դահլիճում, տեղի թատերական սիրողական խումբը, Վերին թաղի Սբ Հովհաննես եկեղեցու բակում գտնվող ծխական դպրոցի օգտին ներկայացրել է «Արշակ Բ» պատմական դրաման եւ Փառնակեսի «Բանաստեղծ» վոդեւիլը: Դահլիճը կիսով չափ լիքն էր հասարակությամբ: Ներկայացումը անցել է շատ հաջող, որովհետեւ դերասանները բարեխղճությամբ են վերաբերվել իրենց պարտականությանը: Իսկ ներկայացման վերջում կատարվել են պարեր:

Սբ Հովհաննես եկեղեցին անվանել են նաեւ «Կանաչ ժամ», քանի որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի: Այն կառուցվել է 1818թ. նախկին փայտաշեն եկեղեցու տեղում եւ ունի խաչաձեւ հատակագիծ: Կողային ավանդատները բեմի տակ իջեցնելու հետեւանքով, արտաքին՝ արեւելյան ճակատապատը կիսակլոր է։ Եկեղեցուն արեւմուտքից կցված է 1847թ. կառուցված գմբեթավոր զանգակատունը, որը որմնամույթերով որոշ չափով առանձնացված է նրանից։ Դրանով ավելի է ընդգծվում դեպի աղոթասրահը տանող շքամուտքի հանդիսավորությունը։ Խորհրդային շրջանում, եկեղեցին, որի շրջապատում գտնվում էին առողջարաններ, հանգստյան տներ, ադրբեջանցիների կողմից վեր էր ածվել հանքային ջրերի ըմպելասրահի։ Արդյունքում հուշարձանը խիստ տուժել էր։ Եկեղեցին գործում է 1995թ. սկսած: Վերջին տարիներին վերանորոգվել էր, սակայն 2020 թ. ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո ավերվել է։ Վնասված է գմբերթն ու զանգակատունը:

Մարտի 30-ին, Սբ Գրիգոր Լուսավորչի տոնի առթիվ, Ղազանչեցոց Սբ Աստվածածին եկեղեցում Արցախի թեմի առաջնորդը մատուցել է հանդիսավոր պատարագ: Ներկա են եղել Թեմական դպրանոցի աշակերտներն ու ուսուցիչները եւ հոծ բազմութուն: Պատարագից հետո եկեղեցու բակում հողին են հանձնել այրի տիկին Մարգարիտ Ալեքսանյանի մարմինը: Հանգուցյալը 70 տարեկան էր եւ ապրել էր առաքինի ու համեստ կյանքով, ներկայացնելով հայ կնոջ կատարելատիպը: Նա ժառանգ չուներ: Դեռ երիտասարդ հասակում զրկվելով ամուսնուց, նա իրեն նվիրել էր սուրբ գրքերի ընթերցանությանը: Տիկին Մարգարիտը իր բնակարանը, որը մոտ 3000 ռ. արժողություն է ունեցել եւ իր ձեռակերտ ավետարաններից մեկը նվիրել էր Ղազանչեցոց եկեղեցուն: Իր այդ արժանիքի համար էլ Վեհափառ Հայրապետը թույլատրել էր հանգուցյալի մարմինը ամփոփել Ղազանչեցոց եկեղեցու բակում:

Մարգարիտ Ալեքսանյանը ծնվել է 1832թ. (կամ 1838թ.) Շուշիում, Ումբրի բեկ Օհանյանցի, այն ժամանակներում տեղի առաջավոր եւ ազդեցիկ անձերից մեկի ընտանիքում: Ումբրի բեկը եղել է աստիճանավոր եւ ունեցել է կալվածներ: Մարգարիտը նախնական կրթությունը ստացել է Շուշու Կուսանոցի միաբանուհի Եղիսաբեթ Սարգսյանի դպրոցում: Վերջինս հայտնի էր Աքեր անունով եւ Շուշիում կատարել է միայն հարուստ աղջիկների վարժուհու պաշտոնը: Այդ դպրոցը խալֆայական էր. մի հողի կտուրի տակ հավաքված 10-15 օրիորդներ ծնկաչոք սերել են հայոց այբբենարանը, սաղմոս, եւ կտակարան:

Մարգարիտը փոքր հասակից սիրել է ասեղենագործությունը, իսկ հետագայում իրեն ամբողջովին նվիրել է գեղագրությանը: Պատրաստել է գեղագրության մի տետրակ, որը ցանկացել է տպագրել Վենետիկում (Մխիթարյանները այն համարել են «գործ զարմանահրաշ»)։ Նրա կենսագրությունում գրվել է. «Մի անգամ նա ազգականների հետ գնում է Տաթեւի հռչակաւոր վանքը: Այդտեղ նա հիացած տեսնում է եկեղեցական հին ասղնագործ զգեստները, որոնք իրենց նրբութեամբ, սիրուն գործւածքով այնքան գրաւում են նրան, որ նա վճռում է իրագործել իր վաղեմի ցանկութիւնը – գործել մի ուրար, նման Գրիգոր Տաթեւացու զգեստի հետ պահւող ուրարին, որի վրայ ոսկի թելերով նկարւած են եղել տասներկու առաքեալները: Պատահաբար նա տեսնում է Տաթեւացու գեղեցիկ ձեռագիր Աւետարանը, որ միանգամայն յափշտակում է նրան: Պատմում են, թէ այդ Աւետարանը գրել է Տաթեւացու քոյրը: «Մի՞թէ ես չեմ կարող գրել», հարցնում է նա ինքն իրեն եւ որքան խնդրում է վանքի վանահօրը, որ թոյլ տան գրութիւնը լաւ տեսնել, սովորել, բայց վանահայրը թոյլ չի տալիս, ասելով, որ կինարմատը իրաւունք չունի եկեղեցական սրբութիւնը ձեռքն առնել: Բայց Տաթեւացու գրչի պտուղը վառում է շնորհալի օրիորդի սրտի մէջ այն սէրը, որ չի մարում»: Նա թողնում է ձեռագործը եւ նվիրվում է գրչությանը: Հին գրչագրերը դառնում են նրա ոգեւորության առարկան եւ կարճ միջոցում նա հայտնի է դառնում իբրեւ գեղեցիկ ձեռք ունեցող գրչակ: 1880-ական թթ. սկզբներից սքանչելի ձեռագրով արտագրել է մի Ավետարան, որն ավարտել է 1886 թ. եւ նվիրել Սբ Էջմիածնին: Շուտով, Հայոց Մաթեւոս կաթողիկոսից ստացել է օրհնության կոնդակ, որն ավելի է ոգեւորել իրեն: Այդ ծանր ու հոգեմաշ աշխատանքի ընթացքում նա վնասել է աչքերը։ Բժիշկներն արգելել են գրել, սակայն շարունակել է իր սիրած գործը եւ արտագրել է երկրորդ օրինակը։

Նրա այդ սքանչելի աշխատանքը նկարագրվել է. «Տիկինը այնպէս է ձեռքը վարժեցրել, որ բոլոր տառերը ընդհանուր տպաւորութիւն են թողնում, ինչպէս տպած գիրքը եւ վարժ ուշքն էլ չի կարօղ անկանօնութիւն գտնել: Պէտք է ասել, որ գծերը, տառերը զարմանալի նրբութեամբ են նկարւում, ընդունած կանոնների դէմ ոչ մի բառի կազմւածքը չի մեղանչում: Երեւակայեցէք, թէ որքան համբերութիւն, որքան տոկունութիւն է հարկաւոր, որքան ուշադրութիւն պիտի լարել այդպիսի մանր գծերով քանոնի օգնութեամբ տառեր կազմելու եւ ամբողջ չորս աւետարանները գրելու համար … Մարդը ապշում է տեսնելով այդպիսի դաժան աշխատութիւն, որ օրերով, ամսիներով եւ տարիներով է տեւում եւ որի մէջ է տիկինը իր մենակութեան միակ մխիթարութիւնը գտնում»:

Նա չունենալով որեւէ ուսուցիչ, խորհրդակից առաջնորդ, որ կարող էր նկարչության համար տալ կարեւոր խրատներ, ինքնավարժությամբ, մենակ, առանձնացած իր սենյակում, տասնյակ տարիների ընթացքում հնարել է գեղագրության գեղեցիկ, ինքնուրույն ձեւեր: 1868թ. Շուշիում լույս է տեսել նրա «Հայկական գեղագրություն» աշխատությունը:

Եվ վերջում, մարտի 30-ի երեկոյան, Շուշիում Գալֆայանը ներկայացրել է Շեքսպիրի հանրահայտ «Օթելլոն», որն անցել է բավականին հաջողությամբ եւ դահլիճը եղել է բազմամարդ:

ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
21.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930