Լրահոս
Օրվա լրահոսը

Արծկեի փրկված հայ բեկորները…

Ապրիլ 24,2021 14:00

«Թե իմ տունն ինձ տան, չոքեչոք կերթամ ու կգտնեմ…»: Մորենական տատիս արծկեցի մոր՝ Ռեհան Խլոյանի խոսքերն են: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արծկե քաղաքից (Վանի նահանգ, Բզնունիք գավառ) եզակի վերապրողներ եղան, որոնցից մեկը Ռեհան Մեծ տատս է: Փոքր ժամանակ, Մարո տատիս պատմած պատմություններով ու հիշողություններով՝ աղբյուրի ճերմակ ջրակաթիլի նման հյուսում էի իմ պատկերացրած ու երազած աշխարհը Վանա: Շրջում էի Արծկե-Ադըլջեւազով, անցնում Ռեհանի անցած ճանապարհով, պատկերացնում այն տունը, ուր ապրել են պապերս, մեր ընկուզենիների այգին, որով հայտնի է եղել ողջ Ադըլջեւազը (անունը նշանակում է՝ «անվանի ընկույզ»), հասնում մեր Տըկես ու Բերդի գլուխ թաղերը, պապերիս ուխտավայր Սքանչելագործ Սուրբ Նշան (Երաշխավոր) վանքը:
Մոր մասին պատմության ավարտին, տատս մի երազային հայացք ամփոփած իր կանաչ աչքերում, պարտավորեցնող ձայնով ասում էր. «Ձագ ջան, հիշի՛ր, մեր տնից կղզի էր երեւում…»:

Մեծացա այդ պատմություններով, մեծերիս հիշատակներով եւ տատիցս ժառանգություն մնաց ամենանվիրականը՝ հուշերն ու երազանքը: Իսկ Արծկե՝ Ադըլջեւազ անունը վաղուց հավերժացել էր Դիլիջան քաղաքի հին գերեզմանատան 1924 թվականի մի տապանաքարի վրա, որին փորագրված է՝ «Աստ հանգչի Վանա Ալջավազ քաղաքում ծնւած Մկրտիչ Խլոեան»:

Գերդաստանիս անցյալի կտրված թելը եւ տատիս պատմած պատմություններն ամբողջացան այն ժամանակ, երբ տարիներ առաջ ազգականներս Դիլիջանում ինձ հանձնեցին այն թանկ ձեռագիրը, որը գրվել էր 1940-ական թթ. վերջին, Ռեհանի ավագ եղբոր՝ Ալեքսան Մկրտիչի Խլոյանի կողմից (1898-1954թթ.): Հայոց ցեղասպանությունից հետո, կյանքի ու բախտի ճանապարհի հորիզոններով անցած՝ նա ուժ գտավ գրելու, նորեն սրտաթրթիռ հույզերով հիշելու ծննդավայր Արծկեն, Վանա աշխարհը, թղթին թողնելով իր այրված պատանեկության օրերը:

Քույր եւ եղբայր՝ Ալեքսան եւ Ռեհան Խլոյաններ, Դիլիջան, 1918թ.:

Ռեհան Մեծ տատս ծնվել է Արծկե քաղաքում, 1905 թվականին: Վանա լճի հյուսիս-արեւմտյան ափին ծվարած, դարավոր եւ գեղեցիկ ծառաստաններով հարուստ այս քաղաքը 1915թ. ուներ 200 տուն հայ ընտանիք, որից փրկվել են միայն երկուսը, այն էլ՝ մասամբ: Այս փաստի մասին բազմաթիվ են վկայությունները: Երկուսից մեկը՝ Մկրտիչ Ղազարի Խլոյանի ընտանիքն է: 1915թ. Արծկեի առաջին զոհերն այս գերդաստանի զավակներ էին՝ Մկրտիչի կրտսեր եղբայրը՝ 32-ամյա Պողոսը եւ ավագ եղբոր՝ Հարութի որդին՝ 25-ամյա Միսակը:
Ոստիկաններին հրահանգված էր հատուկ հաշվեհարդար տեսնել Մկրտիչից եւ նրա ընտանիքից, չմոռանալով վաղեմի մի պատմություն. ժամանակին դրացի թուրքը ապօրինի ձեւով տիրանում է Մկրտիչի մեծ հողակտորին ու ընկուզենիների այգուն: Մկրտիչը չզիջելով՝ պայքարում է: Հասնում է Պոլիս, դիմում դատարան՝ ապացուցում, որ այգին իրենն է, կրկին տեր կանգնելով իր սեփականությանը: Իսկ դրացին իր մեջ պահել էր ոխն ու փորձում էր այն իրականացնել ցեղասպանության օրերին: Ձերբակալությունների ցուցակում Մկրտիչի անունը առաջինն է եղել:

Ռեհանը (կենտրոնում, գրկին մայրս է՝ ավագ թոռնուհին) հինգ դուստրերի եւ նրանց ընտանիքների հետ, Դիլիջան, 1955թ.:

Արծկեցի շատ ընտանիքներ բաժանվում են երկու մասի, մի մասը թաքնվում է քաղաքում, մյուսը՝ քաղաքի մոտակա ժայռոտ վայրերում եւ այգիներում: Կարծում են, որ այդպես հնարավոր կլինի ամեն ընտանիքից մեկ կամ երկու զավակ փրկել:

Ռեհան տատս մնում է մոր՝ Հայկանուշ Ռշտունու, կրտսեր եղբոր՝ 8-ամյա Ղազարի եւ նորածին քրոջ՝ Սեւգյուլի հետ: Թաքնվում են դրացի Սադըխ Չավուշի տանը: Իսկ Ալեքսանը եւ Մկրտիչը, շատ արծկեցի տղամարդկանց հետ, թաքնվում են մոտակա քարանձավներում: Երկա՜ր է նրանց անցած դժվարին ու տառապանքով լի ուղին, տխուր է պատմությունը, դեգերումների ճանապարհը, բայց այս ընտանիքը ապրեց: Մկրտիչն ամեն գնով ձգտում է, որ իր տոհմից գոնե մի արու զավակ ազատվի, որ Խլոյան ազգանունը աշխարհի երեսից իսպառ չջնջվի եւ ավագ զավակին՝ Ալեքսանին միշտ կողքին է պահում: Մի անգամ էլ Զեյնալ անունով մի թուրք, իր սուր դաշույնով ուզում է Ալեքսանին սպանել. հայրը մատները կտրելով եւ արյունոտելով բռնում է շեղբը, բայց փրկում որդու կյանքը:

Պատմությունները շատ են, իսկ մեկը առավել սրտառուչ. Արծկեի Բերդի թաղում թաքնված մի խումբ հայերի տեղն իմանալով՝ մի փոքրիկ թրքուհի մատնում է ոստիկանությանը: 30 թաքնված արծկեցիների շղթայակապ բերում են քաղաքի հրապարակ: Հատկապես հարցնում են Ալեքսանի ու Մկրտիչի տեղը, խոստանալով ասելու դեպքում ազատել: Բոլորը լռում են, իսկ 15-ամյա մի արծկեցի՝ Սերոբ Նալբանդյանը, որը Ալեքսանի դասընկերն էր եղել Արծկեի հայկական վարժարանում, ասում է. «Միեւնույն է, ասենք, թե ոչ՝ մեզ կսպանեն: Թող նրանք մնան, գուցե ազատվեն եւ մի օր մեզ հիշեն…»: Այս պատմությունն ամիսներ անց Ալեքսանին պատմել է Սերոբի Անթառամ մայրը: Մահից առաջ շղթայակապ Սերոբը մի շատ տխուր երգ է երգում… Տարիներ անց իր հուշագրության մեջ Ալեքսանը գրում է. «Ես, որ հիմա ապրում եմ, դա իմ ազնիվ ընկեր Սերոբ Նալբանդյանի շնորհիվ է: Ինքը մեռավ, բայց իր ընկերոջը կյանք տվեց, որ նա ապրի… Ապրեցի, որ հիշեմ…»:

Արծկեի Բերդի թաղի հայկական գերեզմանատանը թաղված վերջին հայը Ռեհանի մայրն է, որը չդիմանալով հոգեկան տառապանքին, վախճանվում է այն ժամանակ, երբ հայ կամավորականները եւ ռուսական զորքը Մուշից նահանջելով հասել էին Արծկե, շատերը իրենց թաքստոցներից դուրս էին եկել: Զորքի հետ ընտանիքը գաղթում է Արեւելյան Հայաստան: Սակայն բազմաթիվ արծկեցիներ չեն լքում քաղաքը, այդ թվում՝ իմ ազգականներից շատերը, որոնց ճակատագիրը անհայտ է:

Մկրտիչն իր չորս զավակների եւ եղբոր որդու՝ Մուրադի հետ Իգդիրով հասնում է Էջմիածին, նախապես ապաստանում Գայանե վանքի բակում: Դարավոր այս վանքի պատերի տակ իր մահկանացուն է կնքում փոքրիկ Սեւգյուլը:

Ցուցակագրված մի խմբով Արծկեի գավառից փրկվածները տեղափոխվում են Դիլիջան, որն այդ ժամանակ գաղթականների քաղաք էր դարձել: Արծկեցիներից շատերը մահանում են ճանապարհին, հատկապես Ախտայում: Դիլիջանում վախճանվում է նաեւ պատանի Մուրադը: Սկսվում է որբերի ցուցակագրումը: Մկրտիչը ստիպված, որ երկու փոքր զավակներին չկորցնի, 10-ամյա Ռեհանին ու 8-ամյա Ղազարին հանձնում է Դիլիջանի Ամերիկյան որբանոցի խնամակալությանը, մտածելով, որ այնտեղ նրանց համար ավելի ապահով կլինի:

1918թ. ընդհանուր զորահավաքին կամավորագրվում են նաեւ Մկրտիչն ու Ալեքսանը: Վերադարձից հետո, Մկրտիչն ընտանիքը հավաքում է շուրջը եւ դիլիջանցի Վարդան Սաղաթելյանի (Խոնթնանց) տանը սենյակ վարձում: Վերջնականապես հաստատվում է Դիլիջանում: Ալեքսանն այլ որոշում է կայացնում. հաստատվում է Վարդենիսի Չախրլու (ներկայիս՝ Խաչաղբյուր) գյուղում: Կապուտակ Սեւանը կարծես մեղմում է հայրենի տան, Վանա ծովակի կարոտը, հիշեցնում Արծկեն, ուր թողել էր իր մանկության եւ պատանեկության երազային օրերը: Ի դեպ, պապիս զարմիկը՝ մեծ դիլիջանցի, անվանի գրող Վախթանգ Անանյանը իր որսորդական պատմություններից շատերում հիշատակում է Ալեքսանի անունը, իսկ երկու պատմվածք գրել է նրա մասին: Ալեքսանը ճանաչված որսորդ է եղել, ղեկավարել Վարդենիսի որսորդների միությունը, եղել է Հայաստանի որսորդների միության պատվավոր անդամ: 1945թ. նշանակվել է Վարդենիսի նավահանգստի վարիչ: Ժառանգները հաստատվել են Դիլիջանում:

Ռեհան Մեծ տատս ընտանիք է կազմում Դիլիջանում: 1921թ. ամուսնանում է իրենց տան տիրոջ որդու՝ Հմայակի հետ, ունենալով յոթ դուստր եւ մեկ որդի: Դիլիջանում է ապրում նաեւ կրտսեր եղբայրը՝ Ղազարը:

Սպանդի ու սարսափի ականատես լինելով, մանուկ հասակում Ռեհանը վախից ձեռք է բերում սրտի հիվանդություն, որը գնալով խորանում է: Բայց կամք եւ զորություն է ունենում հանուն զավակների ապրել: Վախճանվում է Դիլիջանում, 1963թ. ապրիլի 11(24)-ին՝ չբոլորած 58 տարին:
1976թ. հարազատներս գտնում են Ռեհանի մորաքրոջ աղջկան` Լուսիկ-Աշխենին: Անահիտ մայրս պատմում է, որ երբ առաջին անգամ տեսել է նրան, արծկեցի այս կինը նայել է մորս կանաչ աչքերին` նրան իր զարմուհի, կապուտաչյա Ռեհանին նմանեցնելով, Վանա բարբառով կանչել. «Յավրո՜ւմս, դուն Ռեհանիս թոռն ի՞ս…», ու արտասվախառն փուլ գալով` գրկել մորս:

Մի հետաքրքիր պատմություն նույնպես ժամանակը պահել է, այն բնորոշում է հայ կնոջը եւ ընտանիքին: 1920թ. Մկրտիչն ամուսնանում է ցեղասպանությունից մազապուրծ բիթլիսեցի մի կնոջ՝ Բայազ Ղազարյանի հետ, որը կորցրել էր ամուսնուն եւ զավակներին: Միասին կարճ են ապրում, Մկրտիչը մահանում է 1924թ. Դիլիջանում (համատեղ զավակներ չեն ունեցել): Այս առաքինի եւ պարկեշտ կինը, որն այդքան դժբախտություններից հետո պահել էր մայրական ոգին՝ իր ողջ ջերմությունը, սերն ու գուրգուրանքը նվիրում է Մկրտիչի զավակներին, թոռներին եւ ծոռներին: Եվ զարմանալի մի բան. այդ ընտանիքում զավակներից ո՛չ մեկը երբեք չեն խոսել այն մասին, որ Բայազը հարազատ մայր եւ տատ չէ, որ խորթ է… Այդ մասին խոսել է հենց ինքը՝ Բայազը: 1949թ. Դիլիջանում մահանում է Ռեհանի սկեսուրը՝ Սալոմե Ամյանը: Հորենական տատի մահը սգալիս, տատս եւ քույրերը նկատում են, որ Բայազ Նանը շատ հուզված է: Կյանքում շատ տանջանքներ տեսած այդ կինը չի համբերում ու ննջեցյալի մոտ խոստովանում է, որ իրենց հարազատ տատը չէ ու մի պահ մտածել է՝ «Ինձ համա՞ր էլ երբեւէ այդպես ցավագին կսգան թոռներս…»: Այդ խոստովանանքը ոչինչ չի փոխել Խլոյանների ու Սաղաթելյանների ընտանիքում՝ նա միշտ մեր հարազատ Մայրն է մնացել, բարի խոսքով եւ ջերմությամբ հիշվել: Բայազը մահացել է Դիլիջանում, 1954թ.:

Արծկեցի Խլոյան գերդաստանի պատմությունը, գաղթի անցած ճանապարհը դաժան ու երկար է (Լայնաձոր, Խլաթ, Ջամալդին ձոր, Կուշխանա, Դատվան, Կամուրջ, Ախկձոր, Ռահվի Դուրան, Քարքե, Ամուր, կրկին Խլաթ եւ վերադարձ Արծկե, Արճեշ, Բերկրի, Հաբանդի դաշտ, Արծափ, Բարդողի լեռներ, Խորգով, Իգդիր, Էջմիածին, Դիլիջան): Նրանք արյան ծովերով անցան, խաչելության գողգոթաներով եւ այդ անցած ճանապարհի ու ցավի պատմությունն այսօր էլ կրում ենք մեր արյան ու հիշողության մեջ: Հավատացած եմ, որ մահը, կորուստը կարող են դժբախտացնել, թշվառ ու որբ դարձնել մարդուն, բայց անկարող են ապրելու բնական ձգտումից զրկել նրան: Եվ արծկեցի վերջին հայ բեկորի՝ Մկրտիչ Խլոյանի գերդաստանը շեն մնաց ու ծուխ տվեց: Ապրեցին, որ հիշեն… Եվ մինչեւ օրս, որպես սրբազան մի պատգամ, հիշում ենք նաեւ արծեկեցի 15-ամյա պատանու՝ Սերոբ Նալբանդյանի անունը: Թող հիշողությունն ու հարգանքը մեր հույսի խաչափայտը լինի…

Մ. ՔԵՇԻՇՅԱՆ

Արծկեցի վերապրող
Ռեհան Խլոյան-Սաղաթելյանի ծոռնուհի

Գլխավոր լուսանկարում՝ Ռեհան Խլոյան-Սաղաթելյան, 1930թ.:

«Առավոտ» օրաթերթ
23.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930