Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ձկնապուր՝ ֆրանսիական ձեւով՝ «Բույաբես» (տեսանյութ)

Ապրիլ 26,2021 11:32

Բույաբեսը ծովամթերքներով եւ բանջարեղենով ձկնապուր է, որի հայրենիքը համարվում է ֆրանսիական Մարսել քաղաքը, սակայն նմանատիպ ապուրներ պատրաստում են միջերկրյածովյան շատ երկրներում: Բույաբեսի պատրաստման շատ տարբերակներ կան՝ ամենահեշտից մինչեւ չափազանց աշխատատար եւ անիմաստ բարդացված: Տարբերակը, որ առաջարկում եմ, լիովին հնարավոր է պատրաստել նաեւ Հայաստանում, այն մթերքները, որ ներառված են, կան հայաստանյան սուպերմարկետներում:

Անհրաժեշտ մթերքները

Ձիթապտղի յուղ-100 մլ

Սոխ (պրաս կամ սպիտակ սոխ)-1 հատ

Սխտոր-3 պճեղ կամ 1-2 հատ կանաչ ճյուղ

Գազար-1 հատ

Նեխուրի ձողիկ-1 հատ

Ֆենխել (պարտադիր չէ)- կես հատ

Կծու պղպեղ- կես հատ (կարող եք փոխարինել աղացած չիլի պղպեղով)

Ծովամթերքի խառնուրդ- 0,5 կգ (երեւանյան սուպերմարկետներում վաճառվում է սառեցված ծովամթերքի տեսականի)

Թարմ ձկան կտորներ-2-3 կտոր

Սպիտակ գինի- 100 մլ

Լոլիկի պյուրե-0,5 լիտր

Կապար (каперсы) կամ ձիթապտուղ- մի քանի հատիկ

Ձկան արգանակ-1,5 լիտր

Ձկան արգանակի համար հարկավոր է՝

Ձկան գլուխ եւ ոսկորներ, գազար, նեխուր, սոխ, սխտոր, աղ, դափնու տերեւ, սեւ պղպեղ եւ ջուր

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստում ենք ձկան արգանակը: Կաթսայի մեջ դնում ենք ձկան ողնաշարը, գլուխը, լողակները, կես գազար, կես գլուխ սոխ կամ պրաս սոխի վերեւի կոշտ կանաչ հատվածը, 1 պճեղ սխտոր, նեխուրի ձողիկ կամ տերեւները, եթե ունեք ֆենխել, ապա ֆենխելի կոշտ շերտը նույնպես կարող եք ավելացնել: Այս ամենի վրա լցնում եք 1,5-2 լիտր ջուր եւ դնում եփվելու: 20 րոպեից ավելացրեք 1 ճաշի գդալ աղ, 4-5 հատիկ սեւ, չաղացած պղպեղ, 2 հատիկ դափնու տերեւ: 5 րոպե անց անջատեք:

Մինչ արգանակը եփվում է, մաքրեք, լվացեք եւ կտրատեք սոխը, սխտորը, գազարը, նեխուրը, ֆենխելը:

Կաթսան դրեք կրակին, մեջը լցրեք ձիթապտղի յուղը, հենց տաքանա՝ ավելացրեք կտրատած բանջարեղենը: Երբ բանջարեղենը տապակվի, ավելացրեք գինին, 1-2 րոպե անց ավելացրեք նաեւ լոլիկի պյուրեն: Երբ մի փոքր եփվի, ձեռքի կոտորակիչով (blender) հարեք ամբողջ զանգվածը, մինչեւ  դառնա միատարր: Ավելացրեք ձկան արգանակը: Թողեք եփվի 5 րոպե, ավելացրեք սառեցված ծովամթերքը, ձկան կտորները, կապարը կամ ձիթապտուղը: 5-6 րոպեից կարող եք անջատել:

Բույաբեսը կարող եք մատուցել կիտրոնի շերտի եւ չորացրած հացի կտորների՝ կրուտոնների հետ:

Ձկնապուրի պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930