Այսօր վաղ առավոտից «Յանդեքս» տաքսի ընկերության Վանաձորում աշխատող վարորդները գործադուլ են անում:
Aravot.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ բողոքի ցույցի պատճառն այն է, որ մոտ 1 շաբաթ է՝ «Յանդեքսը» բարձրացրել է վարորդներից ընկերությանը տրվող տոկոսագումարը՝ 10 տոկոսից դարձնելով 12, միաժամանակ խոստանալով, որ կբարձրանա նաեւ նվազագույն սակագինը:

Սակայն, ինչպես վարորդներից Կառլենն է նշում, փոփոխություն այդպես էլ չի եղել. «Մեզ խոստացել էին, որ մայիսի 1-ից մեր տարիֆը նվազագույն 200-ից պետք է 300 դրամ դարձնեն, բայց չեն բարձրացնում: Իրենց դիմել ենք, ստորագրություն էլ ենք հավաքել, խնդրել ենք, որ մեր հարցին լուծում տան: Առայժմ արձագանք չկա: Իմացել ենք նաեւ, որ Երեւանում նվազագույնը 300 դրամ էր, երեկվանից 500 դրամ են դարձրել: Իսկ Վանաձորում չեն փոփոխում, որ էս քանդված փողոցներում վարում ենք ու ջարդում մեքենաները: Ֆիրման իր մեքենան չունի, որ ասենք՝ իրենց մեքենանն է, իրենց գրպանին կկպնենք: Էս տարվա ընթացքում իմ մեքենայի վրա 200.000 դրամից ավել գումար եմ ծախսել, բայց էդքանի պատվեր չեմ արել»:



Շարունակելով գործընկերոջ խոսքը, վարորդ Աշոտը նշում է, որ գործադուլը շարունակելու են այնքան, մինչեւ իրենց խոսքը լսելի դարձնեն ղեկավարությանը. «Մինչեւ այսօր ոչ մի փոփոխություն չկա: Երեկ Երեւանից ղեկավարություն էր եկել, ասաց, որ այդ 12 տոկոսը պետք է նորից բարձրանա, ասաց՝ չեք ուզում, մի աշխատեք, մեր պայմանները սրանք են: Որոշել ենք մի քանի օր չաշխատենք, որպեսզի հաճախորդները զգան, որ «Յանդեքսի» մեքենաներ չկան: Մենք, եթե հիմա ուզենանք ծրագրով մեքենա կանչել, ոչ մեկը չկա քաղաքում, բոլորի ծրագիրն անջատած է: Օրական 25-30 երթ էինք անում, բոլորը 200 դրամանոց: Հիմա, եթե իրենց պահվող տոկոսը բարձրացրել են, այսինքն` տակին ոչ մի բան չի մնում մեզ»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ




















































