Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հայացքները ներկա պահին ուղղված են դեպի Մայր Հայրենիք»

Մայիս 05,2021 13:00 Share

Ասում է Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը

Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի հետ «Առավոտը» զրուցել է թեմի գործունեության, դերակատարության եւ հայկական համայնքի մասին:

«Եկեղեցին մեր կյանքում հոգեւոր այն կառույցն է, որն առաջնորդում եւ կրթում է բոլորիս՝ պահպանելով եւ պաշտպանելով օտար բարքերից: Եկեղեցին ժողովրդի հոգեւոր ուժն է, նրա ապավենը, պաշտպանն ու առաջ մղող աստվածային ուժը, որին շատ դեպքերում հնարավոր է ապավինել, հավատալ եւ նրանով քայլել դեպի Հիսուս Քրիստոսը:

Հայությունը Բրազիլիայում իր խորը արմատները գցել է դեռեւս շատ վաղ անցյալում, բայց եւ ցավով պետք է նշենք, որ 20-րդ դարի ոճրագործության՝ անմոռանալի Հայոց ցեղասպանությունը մեծ պատճառ դարձավ, որպեսզի բազմաթիվ հայեր գան ու իրենց բնակությունը հաստատեն Բրազիլիայում: Համայնքի ձեւավորման, նրա զարգացմանը նպաստել է բացառապես հայոց եկեղեցին, եւ եկեղեցու առաքելությունն է, որ հայերի հիմքը դարձավ, արմատացրեց եւ դաստիարակեց հայությանը օտարության մեծ ամպի ներքո ապրել որպես հայ, չմոռանալ սեփական արմատները, պաշտպանել եւ զարգացնել հայությանը բնորոշ այն գծերը, որոնք մոռանալը կամ ուրանալը միմիայն չարիք կարող է ծնել: Մենք կարողացել ենք ժողովրդի մեջ հաստատել մի կարգախոս, որով առաջնորդվում են տեղի հայերը՝ եկեղեցին ժողովուրդն է, ժողովուրդը՝ եկեղեցին»,-ասում է Նարեկ Սրբազանը:

Նրանից տեղեկացանք, որ Բրազիլիայի քաղաքներից Սան Պաուլոյում հայերի թիվը ամենից մեծն է, տարբեր ասպարեզներում սովորում, աշխատում եւ ապրում է գրեթե 35 հազար հայ: «Վերջին 15-20 տարիների ընթացքում քիչ չեն նաեւ նոր եկած հայերը, ոմանք կրթության նպատակով, ոմանք էլ իրենց ապրուստը վաստակելու համար: Հայությունը հիմնականում զբաղվում է առեւտրային ոլորտի աշխատանքով. շատ են հայերը, որոնք սեփականատեր են մեծ գործարանների, նրանցից շատերը զբաղվում են կոշիկի արտադրությամբ եւ վաճառքով»,-հավելում է թեմի առաջնորդը:

Պատասխանելով «Առավոտի» հարցին` Նարեկ Սրբազանը նշեց. «Սփյուռքահայության կյանքում այսօր լրջագույն խնդիր է դարձել հայապահպանությունը, թեմի հոգեւորականաց դասը իմ՝ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանիս գլխավորությամբ հնարավորինս ամեն բան անում է, որպեսզի հայությունը պահպանի իր ազգային եւ գաղափարական սուրբ դիմագիծը: Ամեն ջանք, ամեն հնարավորություն օգտագործում ենք, որպեսզի հայությանը համախմբված տեսնենք, բացի կրոնական արարողություններից, տարբեր առիթներով հայ համայնքը մեր կոչով հավաքվում եւ քննարկում է բազմաթիվ հայապահպանական ծրագրեր, դրանք են՝ երիտասարդաց միությունը, կիրակնօրյա դպրոցի, խորանի սպասավորների պատրաստության, դաստիարակչական եւ Սուրբ Գրքի սերտողության ծրագրերը: Առաջնորդարանի նախաձեռնությամբ արթուն է նաեւ էկումենիկ հարաբերությունները այլ եկեղեցիների հետ»:

Մեր զրույցի ընթացքում այլ հարցերի էլ անդրադարձ եղավ: «Տեղի հայությունը շատ ու շատ առիթներով կանգնել է իր հայրենակիցների կողքին, ցավոք, պատճառները դաժան են մեզ համար, բայց մենք չմոռացանք եւ մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք վերջերս թուրք-ադրբեջանական դաժան մեքենայի դեմ. հայությունը մեծ բողոքի ակցիա կազմակերպեց Սան Պաուլոյի հայտնի Պաուլիստա պողոտայում եւ թուրքական դեսպանատան առջեւ. նրանց կողքին էինք նաեւ մենք՝ հոգեւորականներս»,-ասաց մեր զրուցակիցը:

Հավելեց, որ թեմն ունի երկու եկեղեցի, մեկը Սան Պաուլոյում գտնվող առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ զորավարի անունը կրող մայր տաճարն է, իսկ մյուս եկեղեցին Օզասկոյի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին. «Ուրախությամբ պետք է նշենք, որ երկու եկեղեցիներում խորանի սպասավորություն են բերում գրեթե երկու տասնյակի հասնող հայեր՝ դպիրներ, կիսասարկավագներ եւ սարկավագներ, ունենք երկու քահանա՝ Տ. Եզնիկ ավագ քահանա Կյուզելյան եւ Տ. Պողոս ավագ քահանա Պարոնյան, վերջերս նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ օրհնությամբ Մայր Աթոռի միաբանության անդամ Արամայիս սարկավագ Սողբաթյանը համալրեց մեր շարքերը, որը պետք է իր օգտակարությունը բերի թեմին եւ մեր ժողովրդին: Շատ կարեւոր է նաեւ իմանալ, որ Բրազիլիայի Հայոց թեմը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր հոգատարության տակ: Սան Պաուլոյի եկեղեցուն կից արդեն մոտ ինը տասնամյակ իր աշակերտներին հայեցի կրթություն է տալիս «Հայ ազգային Դուրյան» վարժարանը՝ շուրջ 120 աշակերտներով: Նրա հարեւանությամբ գործում է նաեւ «Գրեգորիո Մավյան» մանկապարտեզը, հրատարակվում է նաեւ թեմի շաբաթաթերթը։ Դպրոցում ունենք նաեւ օտար աշակերտներ, բայց հայ աշակերտների թվաքանակը գերազանցում է մյուսներին: Դասագրքերի առումով պետք է նշենք, որ կա հայերեն լեզուն իմանալու խնդիր, շատ երեխաներ ունեն կարիքը հայերեն սովորելու, եւ մենք մշակում եւ իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որպեսզի հայերեն լեզուն իր ուրույն տեղը պահպանի աշակերտների մեջ: Անշուշտ, օգտագործում ենք նաեւ օտար գրականություն»:

Խառնամուսնությունների, հոգեւորականի եւ հավատացյալի փոխհարաբերությունների եւ այլնի մասին էլ խոսեցինք: «Ցավով պետք է նշենք, բայց մյուս կողմից հասկանալի է, որ խառնամասնությունների գոյությունը նաեւ հայության կյանքում չի բացառվում, այո, կան հայեր, որոնք ամուսնանում են տեղացիների հետ: Ունենք այնպիսի հավատացյալներ, որոնք մեկ ծնողի կողմից են հայ, բայց ուրախալին այն է, որ իրենք մեծ հպարտությամբ բարձրաձայնում են իրենց հայ լինելու մասին: Անելիքներ եւ բացեր, այո՛, կան, կան խնդիրներ, որոնք մեր աշխատանքի արդյունքում իրենց դրական լուծումն են ստացել, բայց չենք ժխտի ասել, որ կան խնդիրներ եւս, որոնք ժամանակի ընթացքում վստահ ենք՝ իրենց ճիշտ լուծումը ստանալու են:

Աստվածային մեծ եւ ուժգին սիրով է մեր կապը հավատացյալ ժողովրդի հետ: Հոգեւոր հովիվը հավատացյալին հրամցնում է աստվածային սիրո քաղցրությունը: «Հնարավոր չէ լինել հայր եւ չլացել զավակների անհաջողությունների համար»,- ասել է Հովհան Ոսկեբերանը։ Իսկ դա նշանակում է, որ հոգեւոր հովիվը հավատարիմ լինելով ավետարանական պատգամներին, ամբողջությամբ ապրում է համայնքի հոգսերով՝ լուսավորելով եւ քայլելով նրա առջեւից: Բրազիլիայում հոգեւորականի եւ հավատացյալի կարելի է մեկ բառով ասել՝ փոխհարաբերությունը գտնվում է ավելի բարձր սանդղակում, հավատացյալը իր հերթին ունի իր բարի պահանջները, որը քահանան պարտավոր է ապահովելու: Թեմական կյանքում կազմակերպում ենք նաեւ տնայցեր, ունենում ենք որոշակի առանձին զրույցներ հավատացյալների հետ եւ փորձում մեր օգտակարությունը բերել նրանց, նաեւ այցելություններ ենք կատարում դեպի ծերանոցներ, հիվանդանոցներ»,-նշեց Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդը:

Նա նաեւ հավելեց. «Մեր հայացքները ներկա պահին ուղղված են դեպի Մայր Հայրենիք, դեպի Մայր ժողովուրդը: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մեզ համար ցավ է ու դառը արտասուք, պետք է զգոն լինել, մենք հայրենիք եւ շատ ու շատ տղաներ ենք զոհել Արցախի անառիկության պաշտպանության համար մղվող պայքարում: Բառերն անկարելի են բացատրելու կամ նկարագրելու մեր հերոս տղաների կատարածը, շատերը ցավ ի սիրտ բոլորիս՝ ընկան, շատերը հերոս դարձած երկինք գնացին եւ շատերը հերոս դարձած տուն վերադարձան, այո՛, դժվար է, վստահ ենք, որ հայը կհաղթի նաեւ հոգու այս պայքարը, հողը թանկ չէ մարդկային կյանքից, բայց երբ ոսոխը ուզում է տունդ մտնել, պղծել սրբություններդ, այո՛, պետք է պաշտպանել, պետք է անդառնալի հարված հասցնել նենգ թշնամուն: Աղոթում ենք, որպեսզի Ամենագութ Աստված ամենից կարեւորը խաղաղություն տա մեր ժողովրդին, մեր հերոս տղաների ծնողներին եւ հարազատներին թող Աստված առաքի Իր Սուրբ Հոգու մխիթարությունը, այլեւս չապրենք այն զգացողությունները, որ ասես 44 օրը ծնեց եւ մի ամբողջ կյանք այն տվեց մեզ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31