Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթղթի նախագիծը չհրապարակելը և ՀՀ քաղաքացու թիկունքում ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ նման փաստաթղթի ստորագրումն ու դա որպես կայացած փաստ ներկայացնելը հղի է անդառնալի հետևանքներով

Մայիս 20,2021 19:10

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև քննարկվող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման իրականացման վերաբերյալ փաստաթղթի նախագծի գոյության հանգամանքն այսօր՝ կառավարության նիստի ընթացքում հաստատվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Ավելին, վերջինս նշեց, որ եթե Ադրբեջանը համաձայնի այն պայմանավորվածություններին, որոնք դրված են այդ փաստաթղթի բանակցման գործընթացում, ապա ինքն այդ փաստաթուղթը ստորագրելու է:

Պահանջում ենք իշխանություններից անհապաղ հրապարակել նշյալ փաստաթուղթը, որը վերաբերում է սահմանազատման և դրան ուղղակիորեն առնչվող հարցերին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սահմանազատման գործընթացն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կենսական շահերին և անքակտելի իրավունքներին:

Ավելին՝ այն ինչ ենթադրում է վերոնշյալ փաստաթուղթը Գեղարքունիքի, Սյունիք և Տավուշի մարզերի վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան ՀՀ փաստացի ճանաչված սահմանների փոփոխություն, հետևաբար նաև ՀՀ տարածքային ամբողջականությանն ուղղակիորեն վերաբերող խնդիր: Իսկ ՀՀ Սահմանադրության 205 հոդվածը հստակ սահմանում է. «…Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»: Ուստի, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը որևէ իրավունք չունի ստորագրելու վերը նշված փաստաթուղթն առանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ամբողջական իրացման, հակառակը կնշանակի ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտում:

Փաստաթղթի նախագիծը չհրապարակելը և ՀՀ քաղաքացու թիկունքում ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ նման փաստաթղթի ստորագրումն ու դա որպես կայացած փաստ ներկայացնելը հղի է անդառնալի հետևանքներով մեր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մեր քաղաքացիների անվտանգության համար, ինչի ողջ պատասխանատվությունը կրելու է օրվա իշխանությունը:

Ազատ Դեմոկրատներ Կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31