Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծիք. Պետականություն և Լեւոն Տեր-Պետրոսյան

Մայիս 24,2021 23:23

Հավաքական ինքնասպանության ներկայացումը, որին մենք թերահավատությամբ ականատես ենք լինում պարզապես աննախընթաց է, այն ամոթալի է և վիրավորական բանականության համար։ Անկախ պետության կորստի վտանգն իրական է, մինչդեռ ամեն ինչ ընթանում է այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։ 5000 սպանված, 10 000 վիրավոր՝ զոհասեղանին դրված մի ողջ սերունդ։ Դժվար բուժման ենթակա վախ և ճակատագրապաշտություն։ Եվ վարչապետ, որ կառչում է իշխանությանը՝ որպես միակ փաստարկ նշելով նախկին նախագահների, մասնավորապես Քոչարյանի վերադարձի սպառնալիքը։ Ու ոչ մի բառ մեզ այս վիճակին հասցրած մոլորությունների ու կոպիտ սխալների մասին։ Պատասխանատվություն ստանձնելը հեշտ բան չէ։

 

Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայան, իրավաբան, քաղաքական վերլուծաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար

Armenian Mirror Spectator-ին տված իմ վերջին հարցազրույցից ի վեր, որում նշում էի, թե առանց քաղաքականության և քաղաքական թիմի փոփոխության յուրաքանչյուր օրն անդառնալի վնասներ է հասցնելու Արցախի հիմնախնդրին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը ես լռություն եմ պահպանել։

Այդ ժամանակից ոչինչ չի փոխվել, չհաշված Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների մաս-մաս պոկելը։ Լրատվամիջոցները վերլուծաբանների, «փորձագետների», պարապ բանավեճերի պակաս չունեն, սակայն արտահայտված կարծիքները կոտորակված են, կիսատ-պռատ, կողմնակալ, հաճախ ուղղված անցյալին՝ մեղքը բարդելով մերթ մի ուժի, մերթ մի ուրիշի վրա։ Այդ կարծիքներն առկա քաղաքական հիմնախնդիրների լուծում չեն առաջարկում։ Իսկ հանրային դաշտում մտքերի փոխանակումը շշմեցուցիչ է․ ինչի ասես չես հանդիպի սոցիալական ցանցերում՝ զրպարտություններ, մատնություններ, հայհոյախառն խոսքեր, դավադրության տեսություններ ։

Մինչդեռ հայտարարված աղետն արդեն վրա է հասել և ճշմարտության ժամն է հնչում։

Արդյո՞ք հայ ժողովուրդը կկարողանա իր հավաքականությամբ ճիշտ քայլեր կատարել և ամեն ջանք ներդնել՝ խույս տալու համար 20-րդ դարասկզբին ճգնաժամերի կառավարման ժամանակ թույլ տված սխալների կրկնությունից։ Ինքնիշխան պետության կորուստն անշրջելի կլինի հայության համար, քանի որ Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ գնալու տեղ ունեն՝ դա լավ կառուցված և հարուստ սփյուռք է։

1990-ականներից սկզբ առած արտագաղթը լայն թափ է ստանում։ Հատկապես բարեկեցիկ ընտանիքները, չցանկանալով իրենց զորակոչի տարիքի հասած որդիներին ուղարկել բանակ՝ հայրենիքին ծառայելու, նրանց ճանապարհում են արտասահման։ Զուգահեռաբար, վերջին արտագաղթից հետո սփյուռքում հայտնված երկքաղաքացիություն ունեցող հայերն ամեն ինչ անում են, որ իրենց զավակները զինվորական ծառայությունը Հայաստանում չանցկացնեն։ Իհարկե, ոչ ոք չի կարող այս պահվածքի համար նրանց մեղադրել, հատկապես սփյուռքում ծնված հայերը։ Սակայն այս իրողությունը վկայում է, թե ինչքան թերահավատ է հայ հասարակությունը երկրի ապագայի և ի վերջո այն բանի նկատմամբ, ինչ կարող է պատահել։ Ահա այս ճակատագրապաշտությունը պետք է շրջել։

Փաշինյանին սատարելը քաղաքական և բարոյական խանգարմունք է

Բնակչության մի մասը, իհարկե գնալով նվազող մասը, դեռևս կուրորեն սատարում է Փաշինյանին։ Այս մտայնությունը հավանաբար կարելի է բացատրել անտրամաբանական իրավիճակով։ Քաղաքական բանավեճերում որևէ գաղափար կամ ծրագիր առաջ չի քաշվում, մինչդեռ ռազմավարությունից զրկված այս երկրում այսօր հենց դրանց կարիքը կա։ Քաղաքական նոր խմբավորումները ձևավորվում են ինչ-որ առաջնորդների շուրջ՝ հանուն կամ ընդդեմ այլ առաջնորդների։ Ի դեպ, ընդդիմությունը ներկայացնող ուժերը չեն կարողացել համոզիչ լինել հասարակության համար։ Ընդդիմությունը ընտրությունների է գնում տարանջատված։ Մեկ այլ անհեթեթություն է 2․500 000 բնակիչ ունեցող այս երկրում քաղաքական կուսակցությունների թիվը։ Դա փոշիացնում է քվեարկության արդյունքները մի երկրում, որի բնակչությունը պառակտված է 2018-ից ի վեր։

Ոչ մի ժողովրդավարական երկրի ղեկավար ի վիճակի չէր լինի քաղաքականապես և բարոյապես գոյատևել նման զարհուրելի մարդկային կորուստներով ուղեկցված ռազմական պարտությունից հետո։ 2020 թ․ նոյեմբերի 9-ի զինադադարի հետևանքը եղավ երկրի ինքնիշխանության կորուստը։ Դրա տխուր վկայությունն է ադրբեջանցի զինվորականների ներխուժումը Հայաստանի տարածք այն դեպքում, երբ կառավարությունն ի վիճակի չէ որևէ կերպ նրանց խոչընդոտել։ Հարկ է նշել, որ այդ եռակողմ համաձայնությունը կնքվել է առանց խորհրդարանին կամ ժողովրդին դիմելու, այն դեպքում, երբ 2018 թ․ մայիսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում արտասանած իր հայտնի ելույթում վարչապետը հանդիսավորությամբ խոստացել էր «ժողովրդին» , որ երկրի ապագային առնչվող որևէ որոշում չի կայացնի առանց նրա կարծիքը հաշվի առնելու։

Եռակողմ համաձայնության ստորագրման հաջորդ օրն արված հայտարարությունը՝ «ի՞նչ կասեիք, ինչպե՞ս կարձագանքեիք, եթե ձեզ առաջարկած լինեի տարածքների մի մասը զիջել՝ այդպիսով խուսափելով պատերազմից» պետք է որ արատավորեր հեղինակին։ Այսօր էլ ես ցնցված եմ այն մեղմ արձագանքից, որ առաջ է բերել այդ խոսքը այն դեպքում, երբ զինվորների մարմինները դեռ հանգչում էին մարտադաշտերում, երբ դեռ հայտնի չէր սպանվածների և անհետ կորածների թիվը (այդ թիվն առ այսօր հայտնի չէ) և երբ հարյուրավոր ընտանիքներ դեռևս ապրում էին անորոշության տագնապի մեջ՝ չիմանալով՝ արդյոք իրենց զավակները սպանված են, թե գերի։ Ապիկարություն, թե այլ բան, այդ սոսկալի նախադասությունը մտածել է տալիս, որ մարդկային կյանքերը զոհաբերվել են հենց այդ պատճառով և որ այդ հարցը փակվել է հանուն անձնական քաղաքական գոյատևման։

Հայաստանի ներկան և ապագան պետական գործչի/ն վայել /մտածողություն

Վերջերս դրսևորված մի շարք նախաձեռնություններ վկայում են հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ հայ մասնագետների մտքի ճկունությունը և դինամիկան («Network state»-ի գաղափարը)։ Նրանք հավաքական քննարկումներ են սկսում և վաղվա Հայաստանի մասին առաջնահերթ նպատակներ ձևակերպում («The Future Armenian»)։ Սակայն որքան էլ կարևոր լինեն այդ նախաձեռնությունները, դրանք օգուտ կբերեն միայն հայկական պետության գոյատևման շարունակման դեպքում։ «Network State»- ը նույնիսկ խանգարող հասկացություն է, քանի որ կարող է մտածել տալ, որ վիրտուալ պետությունն ի վիճակի է փոխարինել իրական պետությանը։ Կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ կանցնի, մինչև միջազգային հարաբերությունների պրակտիկայում նման հասկացության մուտք գործելը։ Դա չի կարող զարգանալ առանց Հայաստանի Հանրապետության պահպանման։ Վերջապես, եթե նման վիրտուալ պետություն գոյություն ունենա, այն կգտնվի GAFA-ի և դրա նման այլ նոր քաղաքական գերտերությունների ազդեցության ներքո, որոնք ավելի հզոր են, քան իրական պետությունները և որոնք սկսում են պարտադրել իրենց սեփական կանոնները, մասնավորապես կարծիքի և խոսքի ազատության ոլորտում, միաժամանակ դուրս մնալով ցանկացած վերահսկողությունից, քանի որ ձեռնարկությանը վերաբերող իրավունքների ոլորտից են։

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նախաձեռնություններն ինձ ստիպեցին մի կողմ դնել զգուշավորությունս, քանի որ համարում եմ, որ նա միակն է, որ խորհում և իրեն պահում է որպես պատասխանատու պետական գործիչ՝ առաջ քաշելով ողջ ազգի համար այս բախտորոշ ժամանակներին հարիր հարցեր, ինչպիսին էլ լինի մեր կարծիքն իր նախագահության շրջանի վերաբերյալ։ Իր նախագահության տարիներին նա նույնպես գործել է սխալներ, ինչպես սխալներ են գործել իր հաջորդները, սակայն միաժամանակ կարողացել է դիմակայել այնպիսի մարտահրավերների և ծանրագույն իրավիճակների, որոնց բախվում ենք այսօր։

Անիմաստ է անհատական սխալներ և վրիպումներ փնտրելը։ Սխալը բոլորինս է (սփյուռքն էլ դրանում իր պատասխանատվության մեծ բաժինն ունի), և այդ սխալն արդեն 30 տարի շարունակվում է։ Միակ գերնպատակը, որին պետք է հետևենք՝ այս ճահճից անվնաս դուրս գալն է՝ փրկելով Հայաստանի Հանրապետությունը։

Առաջ անցնելով այն բոլոր մարդկանց մեկնաբանություններից, որոնց կանհանգստացնի Լևոն Տեր-Պետրոսյանին տված իմ գնահատականը, ասեմ, որ նրա հետ անձնապես ծանոթացել եմ 1989-ին Փարիզում։ Այդ շրջանում ես նրա հետևորդը չեմ եղել։ Նույնիսկ 1995-ից 1998-ին հակադրվել եմ մարդու իրավունքների ասպարեզում։ Սակայն զուսպ և արդյունավետ պետական գործչի նրա հատկանիշները, որն ի վիճակի է կառուցել ռոմանտիզմից զերծ ռազմավարություն, անգնահատելի են։ Ինձ դեռևս չի հաջողվել համահայկական որոշ խնդիրների կարևորության հարցում նրան համոզել, սակայն մենք համամիտ ենք տվյալ պահի առաջնահերթությունների և դրանց լուծման ձևերի առումով։ Ժամանակին նա խոսել և նկարագրել է երբեմն անհանգստացնող բազմաթիվ իրողությունների մասին։ Նա ճիշտ հարցեր էր արծարծում (տես՝ նրա հոդվածների 2017 թ․ տպագրված ժողովածուն՝ Armenia’s Future, Relations with Turkey, and the Karabagh Conflict)։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այն մարդն է, որ կկարողանա այսօր համախմբել ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ վերջ դնելով ներկայիս փորձություններին և կառավարելով անցումային ժամանակահատվածի գործընթացները։

Միասնությունը որոշումով չի հաստատվում, այն փոխզիջման արդյունք է

Քաղաքականության մեջ երբեք ոչինչ լիովին թափանցիկ չէ, սակայն չի կարելի Լևոն Տեր-Պետրոսյանին կասկածել այն բանում, որ նա ցանկանում է պարզապես իշխանության գալ կամ նպատակ ունի զոհաբերելու պետության ինքնիշխանությունը, մի բան, որ համարձակվում են գրել որոշ ծայրահեղական լրագրողներ։ Նա իրատես և պրագմատիկ գործիչ է։ Ոչ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, ոչ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը թույլ չեն տա Հայաստանին դուրս գալու ներկա պառակտված վիճակից։ Թե մեկի և թե մյուսի ընտրությունը երկիրը կնետի քաղաքացիական պատերազմի հորձանուտը կամ նվազագույնը երկրի քաղաքական և տնտեսական կաթվածահար վիճակը կշարունակվի։ Անմիաբան և թուլացած երկիրը ագրեսորի համար դյուրին զոհ կդառնա, իսկ մնացածը կանի արտագաղթը։

Ներքին առճակատումից առ այսօր հնարավոր է եղել խույս տալ, մի բան, որ բոլոր հայերը պետք է ընդունեն ի գիտություն և շնորհավորեն իրենց։ Դա լավ է Հայաստանի ժողովրդավարության համար։ Միասնությունը որոշումներով չի կայացվում։ Միասնությանը չի կարելի հասնել իր հետևից տանելով բոլորին, ինչպես փորձում է անել ընդդիմության առաջնորդների մեծ մասը կամ ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը։

Միասնության կարելի է հասնել մտքերի փոխանակության և հիմնական հարցերի շուրջ փոխզիջման միջոցով։ Իրավիճակը հարմար է իրական քննարկումների և դրանց արդյունքում ձևավորված համազգային նպատակների շուրջ համաձայնություն ձևավորելու համար։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դաշինքով հանդես գալու մերժումը հիասթափեցնող է, սակայն ոչ վերջնական։

Բացառված չէ, որ համաձայնություն ձեռք բերվի հունիսի 20-ի ընտրություններից հետո, եթե ընտրությունները կայանան։ Ավելի խոհեմ կլիներ այդ հարցերի շուրջ քննարկումները սկսել այսօրվանից։ Շատ ավելի դժվար կլինի դա անել հրատապության պայմաններում և սահմանադրական ժամանակացույցի ճնշման ներքո։

Քաղաքական տարաձայնությունները

Քննարկման դրված խնդիրները չափազանց կարևոր են, և չեն կարող առանձին-առանձին սակարկությունների առարկա դառնալ, քանի որ հարկ է ապահովել դրանց միջև ռազմավարական կապակցվածությունը։ Չէ՞ որ խոսքն այն մասին է, թե մոտ ապագայում ինչպիսին պետք է և կարող է լինել հայկական պետականությունը։

Հարցը հետևյալն է․ ինչպե՞ս պատկերացնել տնտեսապես, դիվանագիտորեն և ռազմական առումով կենսունակ պետության գոյությունն ու զարգացումը, երբ այդ պետությունը շրջապատված է գրեթե 100 միլիոն թուրքերով և ադրբեջանցիներով, որոնք հայերի նկատմամբ իրականացնում են ատելության և խտրականության քաղաքականություն՝ ձգտելով նվաճել Հայաստանի տարածքի մեծ մասը՝ չհաշված ողջ Ղարաբաղը։ Այս հարցի պատասխանի համար պետք է անդրադառնալ ռազմավարական դաշինքներին, տնտեսական և ժողովրդագրական հոսքերին, առաջնահերթությունների աստիճանակարգմանը, հայ-թուրքական հարաբերություններին և համահայկական օրակարգերին։

Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն պատասխանել է՝ որպես խոչընդոտ մատնանշելով թեկնածու Ռոբերտ Քոչարյանի և նրա դաշնակից ՀՅԴ, ինչպես նաև «Սասնա ծռերի» ազգայնական նպատակները։ Ինչո՞վ են հայկական հարցը, մասնավորապես դրա մաս կազմող ցեղասպանության միջազգային ճանաչումը (Քոչարյանից մինչև Փաշինյան հայկական դիվանագիտության մշտառկա կետը) և այդ կուսակցությունների առաջ քաշած տարածքային պահանջները կարևոր անմիջական վեճերի և անվտանգային խնդիրների լուծման հարցում։ Պահի համահայկական գերակայությունը Հայաստանի գոյության փրկությունն է, և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջատիրության ռոմանտիզմը լոկ տարակուսանք է առաջացնում։ Խոսքը երազանքներից հրաժարվելու մասին չէ։ Ազգն առաջ ընթանալու համար նման երազանքների կարիք ունի։ Սակայն չպետք է դրանք դարձնել առաջնահերթ և անմիջական նպատակներ։ Հայերի դիվանագիտական և բարոյական հաղթանակը ինքնիշխան հայկական պետության ֆիզիկական գոյության մեջ է, քանի որ դա լավագույն ապացույցն է թուրքական ծրագրի ձախողման, որը եղել և մնում է այս տարածաշրջանում հայերի վերացումը։

Կարճ ասած, Լևոն Տեր-Պետրոսյանը և Քոչարյան/ՀՅԴ և այլ ուժերի դաշինքները պետք է խելամտորեն քննարկեն այս հարցերը՝ հասնելու համար համաձայնության ազգային շահի շուրջ։

Խնդիրը նաև իրավիճակի հրատապ լուծումներին է վերաբերում։ Այստեղ առանցքային հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս վերջ դնել Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին՝ խուսափելու համար նոր պատերազմից, որին Հայաստանը պատրաստ չէ այնպես, ինչպես պատրաստ չէր 2020 թ․ սեպտեմբերի պատերազմին։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ Հայաստանի տարածք վերջին ներխուժումից ի վեր ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ էլ մեկ այլ քաղաքական առաջնորդ այլևս կոշտ և ռազմաշունչ արտահայտություններ չեն հնչեցնում։

Բանակցողի փոփոխությունը հրամայական է

Անցյալ տարվա դեկտեմբերին ես պնդել էի, որ չի կարելի թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը որևէ բանակցություն վարի Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ Նա այլևս բանակցող չի կարող լինել։ Սա ինքնըստինքյան հասկանալի պնդում է։ Նա դարձել է այդ պետությունների և նրանց ղեկավարների խաղալիքը։ Այս առումով ևս կարծում եմ, որ Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահների աջակցությամբ բանակցությունները լավագույնս կարող է վարել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հենց այս առաքելությունն է նա իր առջև դնում որպես նպատակ, երբ բացատրում է 2-րդ և 3-րդ նախագահների հետ դաշինք կազմելու իր առաջարկությունը։

Այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ից սկսած ցանկացած պահի պատերազմը կարող է վերսկսվել, և երբ ռուս խաղաղապահ զորքերը ցանկացած պահի կարող են հեռանալ կողմերից մեկի պահանջով (ինչպես նախատեսված է համաձայնագրով) բանակի ղեկավարությանը հանիրավի պետական հեղաշրջման փորձի մեղադրանք ներկայացվեց, երբ բանակից առաջ այլ համապետական կառույցներ իրենց անհանգստությունն էին հայտնել երկրի անվտանգային ապագայի նկատմամբ՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Ինչպես նշել է Նախագահ Տեր-Պետրոսյանը, այդ հայտարարությունը ստորագրած բարձրաստիճան զինվորականները օրինական անհանգստություն էին արտահայտել, և նա ողջունել է սահմանադրական շրջանակներից դուրս չգալու նրանց զսպվածությունը։

Արտգործնախարարությունը տկարացած վիճակում է, մինչդեռ նոյեմբերի 9-ից ի վեր մենք հատկապես այդ կառույցի կարիքն ունենք։ Նախարարը բավարարվում է ընդամենը ընդունելություններ կազմակերպելով և հաղորդագրություններ հրապարակելով։

Ընդհանուր առմամբ հայկական դիվանագիտությունը շարունակում է այն նույն սխալները, որոնք հանգեցրին պատերազմին, այն է՝ կառչած մնալ Մինսկի խմբի սկզբունքներին, այն դեպքում, երբ այդ սկզբունքներից առաջինի խախտումը՝ ուժի դիմելու արգելքն է հօդս ցնդեցրել գործընթացի բանակցային պայմանները, գործընթաց, որն արդեն իսկ իրավա-դիվանագիտական փակուղում էր։

Եռանախագահության ձևաչափն ըստ երևույթին կարող է պահպանվել (ամեն դեպքում Ռուսաստանը կարծես ցանկանում է, որ այդպես լինի, քանի որ նրա համար Մինսկի խումբը Ղարաբաղում իր գործողություններն օրինականացնող օգտակար ծածկույթ է, սակայն անիմաստ է շարունակել պաշտպանել նախկինում ձեռք բերված համաձայնությունները։

Բացի այդ, նոյեմբերի 9-ի եռակողմ զինադադարի համաձայնագիրն այդ օրվանից ի վեր խախտված է, իսկ Հայաստանի գործող կառավարությունն այն պահպանելու հարցում ոչինչ չի ձեռնարկում։ Հրադադարի համաձայնագրի շարունակությանը վերաբերող ցանկացած բանակցություն ընդհանրապես չպետք է սկսվեր, քանի դեռ բոլոր ռազմագերիները չէին վերադարձվել։ Իսկ անցյալ շաբաթ ավելի քան 24 ժամ կառավարությունը նույնիսկ ժխտում էր ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքում առաջխաղացման լուրերը, նախքան ստիպված պիտի լիներ հրաժարվել սեփական պնդումներից, իսկ այնուհետև զոհի կերպարով հանդես գար «միջազգային հանրության» առջև։

Ինչպիսի՞ դաշինքների պետք է տալ նախապատվությունը

Պետք է հիշեցնել «միջազգային հանրությանը» դիմող լրագրողներին, որ դա սին հասկացություն է։ Միջազգային հանրություն գոյություն չունի։ Ներկայումս այս հարցն ուսումնասիրվում է ՄԱԿ փորձագետների կողմից։

ՄԱԿ միակ կարևոր օրգանը Անվտանգության խորհուրդն է, իսկ նրա գործունեությունը կախված է իր հինգ մշտական անդամների միջև (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունից։

Այն երկրները, որոնց մենք հիմնականում դիմում ենք Հայաստանի տարածք վերջին ներթափանցման կապակցությամբ, Մինսկի եռանախագահության երեք անդամները (Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան) ի վիճակի՞ են արդյոք մեզ հավաստիացնելու իրենց ռազմական պաշտպանության հարցում։ Ինչպե՞ս կարելի է դիմել երեք երկրների, որոնց թողտվությամբ Ադրբեջանն ուժի միջոցով զավթել է Ղարաբաղում հայերի կողմից զբաղեցրած տարածքները և դա՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Մինսկի խմբի շրջանակներում բանակցվող սկզբունքների բացահայտ խախտմամբ։

Ավելի մոտից դիտարկենք Սյունիք և Գեղարքունիք ներթափանցման գործողությունները։ Դրանք կարող են լինել երրորդ երկրների հնարավոր համաձայնության պայմաններում (հետագայում ամեն ինչ կպարզվի) Ադրբեջանի կողմից խնամքով նախապատրաստված գործողություններ, որոնց նպատակը կարող է լինել ընթացող բանակցությունների վրա (միջանցքներ) ճնշում գործադրելը, փորձարկել միջազգային արձագանքը նախքան լայնածավալ գործողություններ սկսելը և նահանջելու վարկածի պարագայում, լուծում, որ կարծես ուրվագծվում է, նպաստել Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, որը կներկայանա որպես այս դիվանագիտական պայքարի հաղթող։ Բազմաթիվ անհանգստացնող տարրեր գալիս են ամրապնդելու այս վարկածը։ Նախևառաջ՝ ոչ մի կրակոց չի արձակվել։ Երկրորդ, ադրբեջանական զորքերն առաջ են շարժվել երեք կիլոմետրից ավելի՝ առանց ռուսական կողմի դիմադրությանը հանդիպելու։ Երրորդ՝ Հայաստանում ընդհանուր զորաշարժի որևէ հրաման չի արձակվել։ Այս սցենարը թույլ կտար խույս տալ «ղարաբաղցիների» և ազգայնական ուժերի իշխանության վերադարձից։

Այս չխնդրված քաղաքական «օգնությունը» իրականում թույնի ներգործություն կունենա, քանի որ նման սցենարի արդյունքում Հայաստանն ավելի թուլացած դուրս կգա, իսկ Փաշինյանը կհամարվի պարտական Ալիեվին կամ կորակվի դավաճան։

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արձագանքները չափավոր են։ Նախագահ Մակրոնի հայտարարությունները դուրս են Ֆրանսիայի հնարավորության շրջանակներից, քանի որ հնարավոր չէ պատկերացնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում կայացնի՝ թույլատրելով Ֆրանսիայի կամ մեկ այլ երկրի ռազմական օգնության տրամադրում նման հանգամանքներում։ Հաշվի առնելով, որ Անվտանգության խորհրդի համար չափազանց դժվար կլինի նման բանաձևի ընդունումը այն դեպքում, երբ գոյություն ունի Միացյալ Նահանգների վետոն Պաղեստինի քաղաքացիական բնակչության նկատմամբ Իսրայելի շատ ավելի լուրջ և ապօրինի հանցագործ ագրեսիան դատապարտելու հարցում։

Օգտվելով միջազգային իրադրությունից և ՄԱԿ-ի ակնհայտ անզորությունից Ադրբեջանն առաջ է մղում իր ռազմական և հոգեբանական գերազանցությունը։ Ուստի ամեն ինչ հնարավոր է նման սցենարի պարագայում, քանի որ Արևմուտքը ռազմական միջամտություն չի ցուցաբերի ամեն ինչ այսպես շարունակվելու պարագայում։ Լավագույն դեպքում, եթե իրավիճակը նույնը մնա, Հայաստանը կարող է ստանալ ընդամենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի բանաձև, որով պահանջ կդրվի դուրս բերել ադրբեջանական զորքերը հայկական տարածքներից։ Բայց դա ոչինչ չի փոխի։ Անշուշտ, դիվանագիտական և իրավական տեսանկյունից նման փաստաթղթերը կարևոր են, սակայն յուրաքանչյուր իրազեկ դիտորդ գիտե, թե միջազգային իրավունքը և Անվտանգության խորհրդի բանաձևերը ինչքան քիչ են պահպանվում (այդ հարցում Իսրայելն առաջամարտիկն է)։ Կարո՞ղ է օգտակար լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բազմակողմ պայմանագիրը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անդամ երկրներից յուրաքանչյուրը ցանկանում է պահպանել իր լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ խիստ կասկածելի է, որ այդ Պայմանագրի ռազմական բաղադրիչը կիրառվի հայ-ադրբեջանական հակամարտության առթիվ։ Ինչ վերաբերում է Ռուսաստան-Հայաստան երկկողմ ռազմական պայմանագրին, ապա Ռուսաստանը, որ շարունակում է պահպանել իր մարտավարական դաշինքը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մինչև վերջ նախապատվությունը կտա դիվանագիտական միջոցներին, նամանավանդ եթե որևէ կրակոց չի արձակվել։ Ուստի կրկին թույլ կողմ հանդիսացող Հայաստանը ստիպված կլինի զիջումների գնալ։

Սա է պատճառը, որ դիվանագետների և բանակցողների փոփոխությունը դարձնում է հրամայական պահանջ։ Առ այսօր ներկայացված լավագույն լուծումը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած նոր թիմի հանդես գալն է։ Միաժամանակ պետք է վերջ դրվի մշտապես զոհի դերում հանդես գալու քաղաքականությանը, և Հայաստանը պետք է իր ճակատագիրն իր ձեռքն առնի՝ առանց երրորդ երկրներից հրաշագործ օգնություններ մուրալու կամ ակնկալելու։

Մայիսի 21-ին, մամուլի հրապարակումից հետո, Փաշինյանը ստիպված էր ընդունել Հայաստանի Ազգային ժողովի առջև, որ Ադրբեջանի հետ գաղտնի բանակցությունների արդյունքը նկարագրող փաստաթուղթն իրական է: Վարչապետն այնուհետև հանդես եկավ հայտարարությամբ, որը հաստատում է բնավորության մղումը և ազգի ապագայի համար նրա վտանգավորությունը: Նա պնդում էր, որ փաստաթուղթը, որի մասին նա հրաժարվում է մանրամասներ հայտնել, 100% -ով բխում էր ազգային շահերից, և որ ինքը կստորագրի այն, կարծես Ադրբեջանը երբևէ հաստատի այն: Ակնհայտ է, որ նա մտադիր չէ այն ներկայացնել ժողովրդի ներկայացուցիչների առջև քննարկման կամ Սահմանադրական դատարանի հետ խորհրդակցել սույն համաձայնագրի նախագծի բովանդակության Սահմանադրության հետ համապատասխանության վերաբերյալ:

Ծայրահեղ դիրքորոշումները և մոռացված դաշինքները

Դաշինքների հարցը նրբին թեմա է։ «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» նոր քաղաքական շարժումը փորձում է ակտիվորեն զարգացնել կապերը Միացյալ Նահանգների և Ֆրանսիանի հետ՝ օգտվելով տարածաշրջանում Ռուսաստանի իրական նպատակների հարցում կասկածող ժողովրդի մի հատվածի մոտ աճող հակառուսական տրամադրություններից։ Կարծում եմ՝ նրանք խորապես սխալվում են ՝ մտածելով, թե Միացյալ Նահանգները և Եվրոպան ցանկանում են Հայաստանում Ռուսաստանի տեղը զբաղեցնել բայց դրանց առաջադեմ ներգրավվածությունը պետք է սկսի լրջորեն ուսումնասիրել: Այս երկու երկրներում մեծ և ներգրավված սփյուռքի առկայությունը ակտիվ է, որը պետք է հաշվի առնել:

Հայաստանն ընդամենը խաղալիք է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ծավալվող նոր սառը պատերազմում։

Մյուս կողմից, արդյո՞ք Հայաստանն իրոք հնարավորություն ունի կասկածի տակ դնելու Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը, որը շատ ավելին է, քան լոկ ռազմական համագործակցությունը։ Սակայն ժամանակն է ավելի հաստատակամ լինել Ռուսաստանի հետ երկխոսությունում։ Վերջինս պատմության ընթացքում հաճախ է սխալներ գործել իր դաշինքների հարցում։ Որպես մյուս ծայրահեղություն, Քոչարյանը խոսում է Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի ավելի խոր ինտեգրման մասին։ Այս գաղափարը չի կարող ընդունելի լինել, քանի որ հակասում է ինքնիշխանության նպատակին, և հեղինակը պետք է հստակեցնի այն։ Խնդիրը պետք է քննարկվի։ Հայաստանի կառավարության կողմից վկայակոչված բոլոր դաշինքներում, ոչ մի անգամ անդրադարձ չի կատարվում Իրանին կամ Չինաստանին։ Մինչդեռ այս երկու տերություններն ուղղակիորեն շահագրգռված են Հայաստանի տարածքային ամբողջականությամբ։ Իրանը հստակորեն լսեց իր ձայնը `հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Հնդկաստանը նաև մեկ այլ պատճառով ՝ իր հակամահմեդական պայքարը (Պակիստանն աջակցում է Ադրբեջանին):

Ոչ ոք չունի ճշմարտության մենաշնորհը։ Ոչ մի տարբերակ չպետք է աչքաթող անել։ Պատմության այս հանգրվանում ոչ մի առաջնորդ մեն-մենակ չի կարող վճռել Հայաստանի ճակատագիրը։ Ուստի շատ կարևոր է գործել հիմա, բոլոր մտավոր կարողությունները և ռեսուրսները զորաշարժի ենթարկել և համախմբվել մի քանի նպատակների շուրջ, մի կողմ թողնելով միջանձնային հակամարտությունները՝ զինվել կարճաժամկետ և երկարաժամկետ դիվանագիտական և անվտանգային իրական ռազմավարությամբ։ Բանակցություններն ու անցումային գործընթացը պետք է նախապատրաստվեն այսօր։ Ռազմավարական վերլուծությունը և քննարկումը պետք է սկսվեն այսօրևեթ՝ առանց սպասելու ընտրությունների արդյունքներին։

Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայան

21 մայիսի 2021 թ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31