Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ․ «Ունենալ այսպիսի մեծամասնություն եւ քվորումի խնդիր ունենալ, առնվազն տարօրինակ է»

Մայիս 25,2021 14:13

Այսօր Երեւանի ավագանու նիստում, երբ քննարկվում էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Աճեմյանին խմբակցությունից հեռացնելու հարցը, հիմք ներկայացվեց, որ նա բացակայում է հանրապետությունից, նիստերին չի մասնակցում, իսկ որպես քաղաքական հիմնավորում ներկայացվեց Աճեմյանի՝ անընդունելի բառամթերքով հայտարարությունները «Իմ քայլի» մասին։ Այս հիմնավորումը տարակուսանք առաջացրեց ավագանու մի շարք անդամների մոտ, նրանք նշեցին, որ ավագանու այլ անդամներ էլ են բացակայում, շատ դեպքերում քվորումի խնդիր է լինում։

«Իմ քայլից» Լեւոն Հովհաննիսյանն այս առիթով իր ելույթում ասաց, որ հաճախ վերջին շարքերը դատարկ են լինում օրակարգի վերջին հարցերի քննարկման ժամանակ։ Նա առաջարկեց իրավական փոփոխություն կատարել, եւ օրինակ՝ ներկա համարվի այն մարդը, որը հարցերի վաթսուն կամ հիսուն տոկոսին ներկա է եղել եւ քվեարկել է։

«Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանն էլ արձագանքեց՝ ողջամիտ առաջարկ է, եթե այն կիրառվի համահավասար․ «Այսինքն, եթե դրա հետեւանքը պետք է լինի նիստերի մասնակցությունը վերականգնելը եւ ըստ այդմ՝ ուղերձ հղելը ավագանու անդամներին՝ եթե բացակայում ես, հնարավոր է մանդատից զրկվես, այդ դեպքում որակի հավասարության կոմպոնենտ կլիներ։ Բայց եթե Դավիթ Խաժակյանը ավագանու նիստի կեսից ավելին բացակայի, եւ դուք դա իր մանդատից զրկելու համար գործիք դարձնեք, մյուսի համար՝ ոչ, ձեր քվեարկության համախոհության մեծամասնության վրա չենք կասկածում։ Պարզ է, որ դա մեծամասնությամբ որոշելու եք եւ անելու եք։ Հետեւաբար, այստեղ հավասարության սկզբունքն է եւ հարցին իրավական տեսակետից մոտենալու սկզբունքն է»։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ առաջարկության վերաբերյալ ասաց՝ կարելի է մտածել։ Նա հավելեց, որ ով երեւանցիներից ստացել է մանդատ, պետք է աշխատի․ «Քվորումի խնդիրն ինձ համար զարմանալի է, որովհետեւ ունենալ այսպիսի մեծամասնություն եւ քվորումի խնդիր ունենալ, առնվազն տարօրինակ է։ Սա ուղղված է բոլորին, եթե կա մանդատ, պետք է օգտագործել, դա շատ մեծ պատիվ պիտի լինի բոլորի համար։ Ինձ համար մեծ պատիվ է։

Ես միշտ հայտարարել եմ, որ քաղաքապետարանն ապաքաղաքական մարմին է, այսինքն, ինձ համար բացարձակ ոչ մի տարբերություն չկա, թե մարդը որ կուսակցությունից է, աշխատանքից դուրս դա իր անձնական գործն է, աշխատանքի ժամանակ պարտավոր է կատարել իր գործը՝ աշխատել Երեւանի համար։

Եթե նա լավ է կատարում իր աշխատանքը, նա միշտ տեղ ունի Երեւանի քաղաքապետարանում՝ անկախ իր քաղաքական հայացքներից։ Եթե վատ է կատարում՝ անկախ իր քաղաքական հայացքներից ինքը տեղ չունի մեր մեծ թիմի կազմում։

Ինձ համար էլ պարոն Գալջյանի ելույթի երկրորդ մասը․․․ առնվազն չգիտեի՝ ինչ պետք է ելույթում լինի։ Առաջին մասը բավարար էր»։

Հիշեցնենք, որ Արմեն Գալջյանի ելույթում Գեւորգ Աճեմյանին խմբակցությունից հեռացնելու համար նաեւ քաղաքական հիմնավորում ներկայացվեց, թե նա վիրավորում է խմբակցության գործընկերներին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31