Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բրնձով պուդինգ (Տեսանյութ)

Մայիս 31,2021 09:22

Բրնձով եւ կաթով պատրաստված աղանդերը շատ հայտնի է ինչպես հնդկական, թայլանդական, թուրքական, Հավայան կղզիների եւ այլ երկրների խոհանոցներից, այնպես էլ՝ եվրոպական երկրների խոհանոցներում է բավականին տարածված: Ընդ որում, այն համարվում է շատ հեշտ, մատչելի, ընդհանուր առմամբ՝ շատ համեստ աղանդեր, որ իրենց կարող են թույլ տալ բոլորը:

Այսօր առաջարկում եմ մի փոքր «ճոխացրած» տարբերակով բրնձե պուդինգ, որտեղ բացի բրնձից եւ կաթից, կան նաեւ կակաչի սերմեր, նուշի փաթիլներ…

Անհրաժեշտ մթերքները

Բրինձ- կես բաժակ

Կաթ- 2,5 բաժակ

Շաքարավազ-1 բաժակ

Կակաչի սերմ- 1 ճաշի գդալ

Կաթնասեր՝ բարձր յուղայնությամբ- 3 ճաշի գդալ

Վանիլի եւ դարչինի մեկական ձողիկ

Պատրաստման եղանակը

Նախընտրելի է վերցնել իտալական կամ ճապոնական սորտերի կլոր բրինձ, որոնցով պատրաստում են սուշի եւ ռիզոտո:  Օրինակ, երեւանյան սուպերմարկետներում կարելի է գտնել «արբորիո» տեսակի բրինձը, որից հրաշալի պուդինգ է ստացվում: Ճապոնական եւ իտալական այդ տեսակի բրինձները պարունակում են մեծ քանակի ամիլոպեկտին, որի շնորհիվ բրինձն է՛լ ավելի կրեմային նուրբ համ եւ մածուցիկություն ունի: Եթե չունեք այդ բրինձներից, վերցրեք սովորական կլոր բրինձ: Թեեւ որոշ պուդինգների բաղադրատոմսերում, օրինակ, նախընտրում են երկար եւ կրեմայնություն գրեթե չունեցող բասմատին:

Սովորաբար բրնձով պուդինի պարագայում չափաբաժինը հետեւյալն է՝  1 բաժին բրինձ, 2 բաժին շաքարավազ եւ 5 բաժին կաթ: Տվյալ դեպքում ՝ կես բաժակ բրինձ, 1 բաժակ շաքարավազ եւ 2,5 բաժակ կաթ:

Կաթն ու շաքարավազը դրեք կրակին: Եթե ունեք վանիլի եւ դարչինի ձողիկներ, դրանք էլ դրեք կաթի մեջ: Եթե չունեք եւ պետք է օգտագործեք դարչինի եւ վանիլի փոշի, ապա դրանք կավելացնեք վերջում, երբ պուդինգը գրեթե պատրաստ լինի:

Երբ կաթը եռա, հանեք վանիլի եւ դարչինի ձողիկները, լցրեք բրինձը եւ կրակը իջեցրեք, դարձրեք հնարավորինս մարմանդ: Ավելացրեք նաեւ կակաչի սերմերը: Պետք է եփվի գրեթե մեկ ժամ, մինչեւ զանգվածը բավականաչափ պնդանա: Հարկավոր է պարբերաբար, 5 րոպեն մեկ խառնել փայտե գդալով: Այն պահին, երբ գդալի հետեւի մասում մատով գիծ քաշեք եւ այդ տեղը մնա, այսինքն՝ կաթնային զանգվածը բավականաչափ խիտ լինի, ուրեմն պատրաստ է: Եթե ուզում եք պուդինգը բավականաչափ կրեմային լինի, ավելացրեք նաեւ կաթնասերը, թողեք եփվի եւս 15-20 րոպե:

Լցրեք աղանդերի ամանների մեջ, վրան լցրեք նուշի փաթիլները եւ դրեք սառնարան: Մոտ 2-3 ժամից պուդինգը պատրաստ է մատուցման համար:

Բարի ախորժակ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31