Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գիրքը` Արցախին սպեղանի. նախաձեռնության արդյունքում Արցախին կփոխանցվի 4000 միավոր բազմաբնույթ գրականություն

Հուլիս 20,2021 17:35

Հայկական գրադարանային ասոցիացիան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ 2021 թվականի մայիսին նախաձեռնել էր «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք` օժանդակելու Արցախի ֆոնդի համալրմանը, մեղմելու գրքային հավաքածուի կորուստը։

Հուլիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել գրքերի նվիրաբերման միջոցառումը` ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ։

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը տեղեկացրել է, որ գրքահավաքին մասնակցել են հրատարակչություններ, գրադարաններ, անհատներ, ընթերցողներ, բազմաթիվ գրքասերներ։ Արդյունքում հավաքվել է շուրջ 4000 միավոր բազմաբնույթ գրականություն, որը պաշտոնապես կփոխանցվի Արցախին՝ փոքր-ինչ նվազեցնելու այն բացը և կորուստը, որն ունեցել են Արցախի գրադարանները:

Ռուզան Տոնոյանը՝ վստահություն հայտնելով, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ կունենա, շնորհակալություն է հայտնել նախաձեռնության բոլոր մասնակիցներին. «Վստահ եմ, որ պարբերաբար կհավաքագրվեն անհրաժեշտ գրքերը մեր ընթերցողների, անհատների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, հրատարակիչների, տարբեր կազմակերպությունների կողմից և  բոլորի միահամուռ ջանքերով կկարողանանք լրացնել բացը»:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն էլ շեշտել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մարդկային, մշակութային, գույքային զգալի կորուստներ են կրել. «127 համայնքային և դպրոցական գրադարան ու 618 հազար գիրք են մնացել հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում: Օրինաչափ է, որ բոլոր պատերազմներից հետո փոխվում ենք, սկսում ենք արժևորել մեր մշակութային ներուժը: Հիմա էլ Արցախում կարելի է ասել՝ պատերազմն ավարտված չէ և մշակույթի տարածքում է շարունակվում, իսկ այս նախաձեռնությունն օգնելու է մեր դիմագծի, ինքնության, մեր տեսակի պահպանմանը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նշել է, որ ամենօրյա ռեժիմով փորձ է արվում գտնելու և օգտագործելու բոլոր հնարավոր միջոցները, ապահովելու կորսված արժեքների ֆիզիկական, այժմ նաև տեղեկատվական անվտանգության հարցերը:

«Կորուստը հետ բերելու պայքարը չպետք է խանգարի կենդանի գործընթացներին, իսկ գրքահավաքությունը գեղեցիկ նախաձեռնություն է: Առաջարկում եմ, որ այն դնենք ավելի բարձր տեղեկատվական մակարդակի վրա, որովհետև սա զուտ գիրք փոխանակելու խնդիր չէ, այլ հսկայական հոգեբանական նշանակություն ունի, որով  դրսևորում ենք մեր միասնականությունը: Մենք պատմականորեն գրի, գրքի, բանականության ժողովուրդ ենք և նման նախաձեռնություններով վերահաստատում ենք մեր լուսավոր էությունը: Ցանկանում եմ, որ գրքահավաք այս արշավը դառնա զանգվածային լայն արարողություն»,- փաստել է Արա Խզմալյանը և պատրաստակամություն հայտնել նախաձեռնությունն իրականացնել առավել բարձր տեղեկատվական հենքի վրա՝ այն դարձնելով շարունակական:

Նշենք, որ «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք նախաձեռնությունը Հայկական գրադարանային ասոցիացիան իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031