Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Բախումները նորություն չեն, պարզապես, սահմանն էր այլ տեղ»

Հուլիս 28,2021 21:12

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի տարածաշրջանում այս գիշեր ծավալված լոկալ բախումները, թերեւս, ամենամեծն էին նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո: Մասնագետները ամեն պահի մարտերի վերսկսումը չեն բացառում:

Միեւնույն ժամանակ ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունն առ այն, որ Ադրբեջանը մարտական գործողությունները սանձազերծել է Ռուսաստանում սպասվող բանակցություններից առաջ, անակնկալի է բերել թե քաղաքական, հասարակական, գործիչներին եւ թե փորձագետներին ու հանրությանը: Ոչ ոք մինչ այդ տեղյակ չէր, որ Մոսկվայում ինչ-որ բանակցություններ են լինելու եւ որ ավելի անհանգստացնող է, ինչ է քննարկվելու այդ բանակցությունների ընթացքում:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, ինչ տեղի է ունենում հիմա, կոչվում է ցածր ինտենսիվության կոնֆլիկտ: «Դա եղել է միշտ, սկսած 2000-ականների սկզբից մինչու անցած տարվա կեսեր՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմ: Պարզապես, սահմանն էր այլ տեղ… Սահման ունենալ  Հորադիզում եւ սահման ունենալ Կապանում, դրանք տարբեր բաներ են:

Իսկ ինչ տեղի է ունենում հիմա, իհարկե, պատահականություն չէ, դա Ադրբեջանի ռազմավարությունն է: Ադրբեջանը նպատակ ունի: Իմ կարծիքով դրանք երկուսն են: Առաջին՝ միջանցքը: Իսկ այս արտահայտության տակ ինչ իմաստ կա, բացատրեմ: Միջանցք ասելով՝ ադրբեջանցիները նկատի ունեն Հայաստանի հարավով՝ Սյունիքով,  երկաթուղին, հնարավոր է, նաեւ՝ ավտո ճանապարհը դեպի ոչ թե Նախիջեւան, այլ Թուրքիա: Եվ որպեսզի այդ ճանապարհը լինի եւ գնացքներն էլ  չկանգնեցվեն, դրանց անվտանգությունը Հայաստանը, Հայաստանի զինված ուժերը  չպետք է վերահսկեն: Եվ երկրորդ, ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է հասնել պայմանագիր ստորագրելուն, այնպիսի բարաթ ձեռք գցելուն, որը իր երկրի ներսում կարելի է ներկայացնել որպես փաստացի Արցախը Ադրբեջանի կազմի մեջ ներառում եւ դրա ճանաչում Հայաստանի կողմից:

Եվ վերջինը, որ ուզում եմ ասել, այս բախումը Հայաստանի վրա ճնշում գործադրելու առավել տեսանելի մասն է միայն: Իսկ այդ ճնշումն իրականացվում է որ միայն սահմանին եւ ոչ միայն կրակոցներով: Դա նաեւ գերիներն են, դա դիվանագիտական ճնշումներն են, որ արվում են ոչ թե անմիջականորեն Հայաստանի վրա, այլ երրորդ երկրների միջոցով»,-ասում է նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031