Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը շատ անգամ չի արձագանքում այն ուղերձներին, որոնք գալիս են Կոնգրեսից. Ռուբեն Սաֆրաստյան

Հուլիս 30,2021 14:16

«Վերանայել այդ ագրեսիվ, բռնապետական պետության նկատմամբ վերաբերմունքը, որտեղ ոտնահարվում են ժողովրդավարական նորմերը: Շատ կարեւոր է, որ Սենատն էլ միանա այս որոշմանը, որպեսզի այն ստանա օրենքի ուժ»,-այսօր անդրադառնալով Ներկայացուցիչների պալատի կողմից Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին որոշմանն՝ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Արմենպրեսի» մամուլի սրահում պարոն Սաֆրաստյանն ասաց՝ ԱՄՆ-ի գործադիր իշխանությանը Կոնգրեսի ստորին պալատը կոչ է անում վերանայել դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ. «Կարեւոր է, որ ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը սա ընդունի որպես լուրջ մեսիջ եւ փոխի մոտեցումն Ադրբեջանի նկատմամբ»:

Սակայն, ըստ թուրքագետի, շատ անգամ ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը չի արձագանքում այն ուղերձներին, որոնք գալիս են Կոնգրեսից: Ըստ նրա, ԱՄՆ-ի գործադիր իշխանությունն ունի իր շահերը տարածաշրջանում, եւ այդ հանգամանքները պետք է հաշվի առնել:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը վերականգնելը շատ կարեւոր կլինի Հայաստանի համար, քանի որ Արցախի կարգավիճակի խնդիրը դեռ լուծված չէ, եւ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է վերադառնա այդ հարցի քննարկմանը. «Սա ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի արդարացի լուծում»,-ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը չի ընդունում Մինսկի խմբի գործունեությունը ներկա փուլում. «Ես հույս ունեմ, որ միջազգային ճնշումները Ադրբեջանի վրա կտան իրենց արդյունքները: Այստեղ մեծ անելիք ունի Հայաստանի դիվանագիտությունը: Պետք է շատ լուրջ աշխատել այդ պետությունների, այդտեղ գտնվող հայկական լոբբիի հետ»:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո սահմանային լարվածությանը, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց՝ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշումներն ուժեղացնելով՝ փորձում են հասնել Հայաստանի կողմից զիջումների մի քանի կարևոր հարցերում, որոնք վերաբերում են Արցախի կարգավիճակին ու ՀՀ-ի սահմաններին:

Ըստ նրա, 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան չստացավ այն արդյունքները, ինչ նախատեսում էր. «Այդ պատերազմը հրահրելով՝ Թուրքիան նպատակ ուներ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ տեղակայվեին ռուս-թուրքական համատեղ խառը խաղաղապահ ուժեր Արցախի շուրջ, այսինքն՝ այն մոդելը լիներ, ինչպես կար Սիրիայում, բայց ռուսները դրան չգնացին ու թույլ չտվեցին նման բան: Թուրքիան հաշվարկել էր, որ այդ պարեկներն ունենալը հնարավորություն կտար մուտք գործել Հայաստան: Հասնել նրան, որ Հայաստանը որպես ինքնուրույն պետություն գոյություն չունենար: Թուրքերը չստացան այն, ինչ ուզում էին ու հիմա փորձում են Ադրբեջանի միջոցով հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, որի մասին երեկ կառավարության նիստում խոսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ապա, Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ն այս հարցը պետք է շատ լուրջ քննարկի. «Եթե ՀԱՊԿ-ն այս անգամ էլ չկարողանա իրականացնել իր հիմնարար գործառույթները, որոնց համար ինքը ստեղծվել է, ապա դա լուրջ հարցականի տակ կդնի այդ կազմակերպության ապագան»:

Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, Թուրքիան իրենից վտանգ է ներկայացնում հեռու եւ մոտիկ տարածաշրջանների համար, այն փորձում է թուլացնել նաեւ ռուսական պետականությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031