Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ» պաննոն արժանի է, որ եւ ցուցադրվի, եւ դրոշմանիշ լինի». Փարավոն Միրզոյան

Օգոստոս 30,2021 14:08

Վերջերս դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանը պատկան մարմիններին կոչ էր արել ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, Գեղարվեստի և գիտությունների Պետրովյան ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանի «Արցախ» պաննոյի պատկերով դրոշմանիշ թողարկել:

«Արցախն այսօր ռազմական ու քաղաքական վայրիվերումների, մեր մտահոգությունների, լինել, թե չլինելու կենսորոշ սահմանագծի առանցքում է, և մոլորակի վրա ապրող ամեն մի հայ, անկախ իր քաղաքական հայացքներից, հայոց հնագույն այդ ոստանի պահպանման ու շենացման հույսն է փայփայում: Այդ նպատակի իրականացման հնարավորությունների և միջոցների փնտրտուքում չպետք անտեսել ունեցած հոգևոր ներուժի դերակատարումը, ուստիև, առաջարկս է՝ «Արցախ» պաննոյի պատկերով նամականիշ թողարկել»,-գրել էր Խալաթյանը` ֆեյսբուքի իր էջում:

Aravot.am-ը պաննոյի հեղինակ Փարավոն Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի առաջարկի վերաբերյալ: ՀՀ ժողովրդական նկարիչը հիշեցրեց, որ «Արցախ» պաննոն պատվեր է եղել` Միխայիլ Բաղդասարովի կողմից, այն ժամանակին ցուցադրվել է Ստեփանակերտի հրապարակում, հետո հարց է առաջացել` նվիրել Արցախի՞ն, թե՞ Հայաստանի ազգային պատկերասրահին: Ի վերջո, որոշվել է պաննոն ի պահ տալ Հայաստանի ազգային պատկերասրահին:

«Մեր արվեստի պատմության մեջ առաջին անգամ է ստեղծվել Արցախին նվիրված պաննո եւ հիմա ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Դրոշմանիշ թողարկելու առաջարկը եղել է ընկերների կողմից, եւ այստեղ ոչ թե Փարավոն Միրզոյանի հարցն է, այլ այսօրվա ժամանակաընթացքի, աշխարհընկալման համատեքստում՝ Արցախի հարցը:

Եթե մենք ինքներս Արցախը չենք ճանաչել որպես անկախ պետություն, ես վաղուց ճանաչել եմ, եւ կարծում եմ, որ «Արցախ» պաննոն արժանի է, որ ե՛ւ ցուցադրվի, ե՛ւ դրոշմանիշ լինի: Կրկնում եմ` այստեղ Փարավոն Միրզոյանի հարցը չէ, կարող են նույնիսկ ազգանունս չգրել, բայց փաստ է, որ այդպիսի ստեղծագործություն Արցախի պատմության մեջ առաջին անգամ է ստեղծվել, եւ քաղաքական իմաստով շատ կարեւոր է, որ նման դրոշմանիշ թողարկվի:

Իմիջիայլոց, երբ իմ անհատական ցուցահանդեսը Բելառուսում եղավ, բելառուսներն այնտեղ իմ ստեղծագործությամբ դրոշմանիշ թողարկեցին, իսկ այստեղ շատերի համար միեւնույն է, այստեղ մեկը մյուսին չի սիրում, միայն իրար ճնշեն, վիրավորեն, դրա համար ազգից շատ բան չեմ սպասում: Այս ազգին ու երկրին շատ սեր է պետք, բայց մենք մեկս մյուսին չենք սիրում, չենք բարձրացնում ու արժեւորում մեկս մյուսի նկարչությունն ու գրականությունը, ու ինձ համար անհասկանալի է, թե ինչ է մտածում պետությունը, ժողովուրդը»,-ասաց Փարավոն Միրզոյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Փարավոն Միրզոյանի հարցազրույցը եգիպտոսյան պլեների եւ այլ հարցերի շուրջ` տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031