Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոթորիկ Կովկասում». Արդիականացման պակասը՝ որպես Հայաստանի պարտության գլխավոր պատճառ

Սեպտեմբեր 08,2021 23:44

Հայկական բանակը Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ խոցել է սեփական չորս ինքնաթիռ, նրա ՀՕՊ ուժերը չեն կարողացել դիմակայել հակառակորդի անօդաչուներին, իսկ պաշտպանության գիծը չէր թարմացվել 90-ականներից: Մյուս կողմից, Ադրբեջանի վրա էլ պատերազմը թանկ է նստել: Նման եզրակացության են եկել Ռուսաստանում գործող «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի» հետազոտության հեղինակները:

Կենտրոնի հրապարակած «Փոթորիկ Կովկասում» գիրքը և հետազոտությունը՝ կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովի խմբագրությամբ անդրադառնում է պատերազմի նախապատմությանը, լայն միջազգային համատեքստին և հենց ռազմական բաղադրիչին:

Պատերազմի ընթացքում Ադրբեջանը կարողացավ արագ գերակայություն ստանալ օդում և ակտիվ օգտագործել թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուները: Այս կապակցությամբ հետաքրքիր է հետազոտության այն հատվածը, որտեղ խոսվում է հայկական հակաօդային պաշտպանության խնդիրների մասին, որն այդպես էլ չկարողացավ դիմակայել անօդաչուներին:

Ուրիշին պատկանող «Բուկ»-եր երևանյան շքերթում

Հետազոտության մեջ նշվում է, որ պատերազմի ժամանակ «Հայաստանի ՀՕՊ միջոցների ճնշող մեծամասությունը բավարար չափով ժամանակակից չեն եղել»:

«Հայաստանի ՀՕՊ համակարգերից միայն «Վերբա» ՇԶՀՀ-ն, «Բուկ-Մ1-2» ԶՀՀ-ն և «Տոր-Մ2ԿՄ»-ներն են մշակվել 1990-ականների կեսերից հետո: 2020թ. չափանիշներով անգամ «Բուկ-Մ1-2»-ը առանձնապես ժամանակակից համակարգ չէր, քանի որ սպառազինության է մտել 1998թ.՝ որպես միջանկյալ համակարգը «Բուկ»-երի ընտանիքի արդիականացման շարքից: Իր հնարավորություններով այդ համակարգը զգալիորեն զիջում է 2008 սպառազինության մտած «Բուկ-Մ2»-ին և 2016-ին շարք մտած «Բուկ-Մ3»-ին, որոնք հագեցած են առավել ժամանակակից ռադարներով և կատարելագործված հրթիռներով»,- ասվում է հետազոտության մեջ:

Ընդ որում, հետազոտողները փաստում են «որոշակի կասկածներ»՝ կապված Հայաստանի կողմից այդ համակարգերի գնման ժամկետների հետ: Այսպես, նախքան պատերազմը Հայաստանի «Բուկ-Մ1-2» համակարգեր ունենալու փաստը հիմնավորվում էր 2017թ. անցկացված շքերթում դրանց առկայությամբ:

«Սակայն իրականությունը կարող է մի փոքր խճճված թվալ. ըստ տեղի աղբյուրի՝ նախքան Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Հայաստանը փաստացի չի ունեցել այդ համակարգերը: Ցուցադրված ԶՀՀ-ները փոխառվել էին Գյումրիի ռուսական ռազմաբազայից և ներկվել Հայաստանի զինված ուժերի գույներով, իսկ շքերթից հետո վերադարձվել են: Աղբյուրի խոսքով՝ պատերազմի սկսվելուց առաջ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է այդ համակարգերը, բայց դրանք վերանորոգման կարիք են ունեցել և չէին կարող անհապաղ կիրառության դրվել»,- ասվում է հետազոտության մեջ:

Այդ վարկածը 2020թ դեկտեմբերի 13-ին Armenia Today-ին տված հարցազրույցում որոշակիորեն հաստատել է նաև Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը՝ հայտարարելով, որ պատերազմի սկսվելու պահին Հայաստանի «Բուկ-Մ1-2» 6 սարքերից միայն մեկն է եղել աշխատանքային վիճակում, իսկ մյուսները սպասում էին Ռուսաստանից վերանորոգող խմբի ժամանմանը:

Արդյունքում ՀՕՊ այդ համակարգը չի կարողացել որևէ ներդրում ունենալ Ղարաբաղի պաշտպանության գործում:

«Վերբա» չեն գնել, իսկ «Տոր»-երը քիչ էին

«Կասկածներ կան նաև կապված Հայաստանի զինված ուժերի կողմից «Վերբա» ՇԶՀՀ-ի շահագործման հետ: Հաղորդվում էր, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը Ռուսաստանից պատվիրել է այդ ՇԶՀՀ-ների մեծ խմբաքանակ, ինչպես նաև «Իգլա-Ս» ՇԶՀՀ, սակայն տեղի աղբյուրը հայտնել է, որ 2020թ. պատերազմի սկսվելու պահին «Վերբա»-ի մատակարարումները դեռ չէին իրականացվել»,- ասվում է հետազոտության մեջ:

Հայաստանի ունեցած ՀՕՊ համակարգերից միայն «Տոր-Մ2ԿՄ»-ն է եղել համեմատաբար պիտանի ժամանակակից անօդաչուների դեմ պայքարում:

Տեղի աղբյուրը նշում է «Տոր-Մ2ԿՄ»-ի ընդհանուր թիվը՝ 6 մեկնարկային սարք, և պատերազմի սկզբում դրանք բոլորը տեղակայված են եղել Լեռնային Ղարաբաղում: Արդյունքում հայկական կողմը պատերազմը սկզբին ունեցել է «Տոր-Մ2ԿՄ»-ի վեց սարք 280կմ-անոց սահմանագիծը փակելու հարմար, որը գնալով մեծանում էր և արդեն հոկտեմբերի վերջին դարձել էր 470 կմ: Հաշվի առնելով, որ «Տոր-Մ2ԿՄ»-ի 9Մ331 հրթիռներն ունեն առավելագույն 15 կմ հեռահարություն, որևէ կերպ ունեցած այդքան սարքերով սահմանագիծը փակել հնարավոր չէր:

Լեռնային Ղարաբաղի «բարեկամական կրակը»

«Պատերազմի ժամանակ հայկական ՌՕՈՒ-ի և ՀՕՊ-ի միջև քիչ համագործակցություն է եղել: Ըստ տեղի աղբյուրի՝ սեփական կրակից խոցվել է մինչև հինգ թռչող սարք՝ 4 Սու-25 գրոհային օդանավ և մեկ Մի-8 օդանավ (դրանցից երկու Սու-25-երն իբր խոցվել են Վարդենիսի շրջանում Ս-125 ԶՀՀ-ից ռազմական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս, իսկ մեկը՝ Ղարաբաղում՝ ՇԶՀՀ-ից): Այդ կորուստները կազմում են Հայաստանի ՌՕՈՒ Սու-25-երի ընդհանուր թվի 25%-ը և Մի-8-երի 10%-ը»,- ասվում է հետազոտության մեջ:

Հարցերի տեղիք է տալիս նաև հայկական օդուժի հագեցվածությունը:

«Հայաստանի զինանոցում ամենահզոր ռազմական օդանավերը Սու-30ՍՄ-ներն են: Սակայն 2019թ. դեկտեմբերից ՌՕՈՒ-ն ստացել է ընդամենը 4 այդպիսի ինքնաթիռ: Փոքր մարտական ավիացիայի պարկում հիմնական տեսակը մնացել էր Սու-25 գրոհային օդանավը»,- ասվում է հետազոտության մեջ:

Սու-30 օդանավերով Հայաստանի հետաքրքրվածությանը կարելի է հետևել 2012թ-ից, երբ հայտարարվեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում Մոսկվայի հետ 12 այդպիսի օդանավ գնելու հարցով:

«Գործարքը չկայացավ իբր այն պատճառով, որ Հայաստանն ի վիճակի էր վճարել դրանց համար: Սու-30ՍՄ-ների նկատմամբ հետաքրքրությունը վերածնվեց ոչ վաղ, քան 2018-ին, իսկ պայմանագիր ստորագրվեց մոտավորապես նույն տարվա ավարտին: Այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ նպատակը հնարավորինս արագ այդ օդանավերը ստանալն է: 2020թ. օգոստոսին նա հայտարարեց, որ առնվազն 4 Սու-30ՍՄ-ների հետագա պատվերը քննարկման փուլում է: Սակայն 2020թ. նոյեմբերին, արդեն Հայաստանի պարտությունից հետո, Տոնոյանը հրաժարական տվեց»,- գրում են հետազոտության հեղինակները:

Հետազոտության հեղինակները նաև կասկածի տակ են դնում Հայաստանի ՌՕՈՒ թռիչքային անձնակազմի պատրաստվածությունը:

«Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսվելու պահին առաջին 4 Սու-30ՍՄ-ները նոմինալ կերպով շարք էին կանգնած, հարց է մնում Հայաստանի ՌՕՈՒ-ում բավարար պատրաստվածություն ունեցող թռիչքային անձնակազմի առկայության հարցը:

Մեծ հավանականությամբ, Սու-30ՍՄ-երը այդպես էլ գործի չեն դրվել պատերազմի ժամանակ:

Թիրախներ՝ վաղուց հայտնի կոորդինատներով

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության պլանը կառուցվել է Օհանյանի գիծ անունով հայտնի հիմնական գծի շուրջ: Այն իրենից ներկայացնում էր 90-ականներին ղարաբաղյան առաջին պատերազմից հետո կառուցված ամրություններ: Դրանք բաղկացած էին արգելափակոցներից, ականներից և փշալարերից, բետոնե կրակակետերից, այլ հնացած ամրություններից, որոնք մինչ այդ պահը զգալիորեն չէին կատարելագործվել: Իրենց կառուցումից հետո գրեթե անփոփոխ էին մնացել Ստեփանակերտի և Շուշիի մատույցների հենակետերը, ինչպես նաև այլ ամրություններ և հրամանատարական կետեր:

«Դա զգալիորեն հեշտացել է ադրբեջանցիների գործը՝ որոշել հիմնական թիրախները և կիրառել թիրախային հարվածներ՝ առանցքային պաշտպանական դիրքերը խոցելու համար: Բացի այդ, հաղորդվում էր, որ ռազմական գործողությունների առաջին շաբաթների ընթացքում հայերը լուրջ ջանքեր չէին գործադրում իրենց տեխնիկան օդային հարվածներից քողարկելու համար»,- ասվում է հետազոտության մեջ:

Փորձագետները կարծում են, որ արդիականացման բացակայությունը եղել է պարտության հիմնական պատճառներից մեկը:

«Ղարաբաղյան ուժերի թեթև վերաբերմունքը ծանր է նստել նրանց վրա. որոշ տվյալներով՝ ինտենսիվ ռազմական գործողությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանին հաջողվել է ոչնչացել ԼՂՀ ՀՕՊ միջոցների 60%-ը և հրետանու 40%-ը: Այդ կայծակնային հարվածը փաստացի խաթարել է Հայաստանի պաշտպանական հնարավորությունների մեծ մասը պատերազմի ամենավաղ փուլում և ստեղծել այն պայմանները, որոնցում ծավալվել են հետագա ռազմական գործողությունները:

Ադրբեջանի կորուստները

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ՀՕՊ աշխատանքի գնահատականին, դա բավականին դժվար է անել՝ հաշվի առնելով տեղեկության ոչ բավարար չափով հասանելիությունը, ինչպես նաև հայկական ավիացիայի թռիչքների ցածր ինտենսիվությունը, կարծում են փորձագետները: Մյուս կողմից, նրանք նշում են, որ միշտ չէ, որ Ադրբեջանի ՀՕՊ-ն արդյունավետ է աշխատել մարտերի ժամանակ գրավված տարածքներում:

Փորձագետները կարծում են, որ ԼՂՀ ամբողջ տարածքի վրա վերահսկողություն հաստատելով՝ Ադրբեջանը չի պահանջել լիարժեք և վերջնական կապիտուլիացիա: Դա պայմանավորված էր ոչ միայն քաղաքական նկատառումներով, այլև պատերազմի համար վճարած բարձր գնով: Մասամբ սպառվել են անօդաչուների և զինամթերքի պաշարները:

«Ադրբեջանի զինծառայողների կորուստների մասին տվյալներ հրապարակվեցին միայն պատերազմի ավարտից մեկ ամիս հետո՝ անսպասելիորեն լուրջ թիվ: 2021թ. հունիսի տվյալներով պաշտոնական ցանկում ներառված էր 2900 զոհ և 14 անհետ կորած, սակայն բազմապատիկ ավելի մեծ թվի մասին են խոսում պատերազմի ավարտից առաջ և հետո Ադրբեջանի գերեզմանատների համեմատական արբանյակային ուսումնասիրությունները: Ամենայն հավանականությամբ նրանց մեծ մասը զոհվել է սկզբնական շրջանում, երբ անհաջող կերպով փորձեր էր արվում ճեղքել պաշտպանությունը լեռնային շրջաններում»,- ասվում է հետազոտության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930