Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Անհետ կորածներին գտնելը չպետք է քաղաքականացվի. ԵԽԽՎ-ն զեկույցի նախագիծ է հրապարակել

Սեպտեմբեր 15,2021 13:35

Սեպտեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հրապարակել է միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի (լուսանկարում) զեկույցի նախագիծը Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ 6 շաբաթ տևած պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3945, ադրբեջանական կողմից՝ 2907 զինվոր: Ինչ վերաբերում է քաղաքացիական զոհերին ու վիրավորներին՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հաշվել է 163, իսկ Ադրբեջանինը՝ 548 այդպիսի կորուստ (այդ թվում՝ 95 քաղաքացիական զոհ):

Պատերազմից հետո ամենամեծ խնդիրներից մեկն է զոհված անձանց մասունքների տեղորոշումը և վերադարձը: Պատերազմը մասամբ ընթացել է լեռնային, ձյան գալստյան պատճառով՝ խիստ ականապատված շրջաններում, ինչը բարդացնում է անհետ կորածների աճյունների վերադարձը: Մինչ այժմ անհետ կորած են համարվում 243 հայ և 7 ադրբեջանցի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 1 651 հայերի աճյուններ վերադարձվել են, 395 ադրբեջանցիների աճյուններ վերադարձրել է Հայաստանը: «Մնացած անհետ կորածներին գտնելը չպետք է քաղաքականացվի»,- ասվում է զեկույցում:

ԵԽԽՎ-ն ընդգծում է, որ եռակողմ համաձայնագրի 8-րդ կետի համաձայն՝ պետք է իրականացվի բոլոր ռազմագերիների փոխանակում: Այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ն հիշատակում է ՄԻԵԴ մտահոգությունները 188 հայ գերիների կապակցությամբ (նրանց մի մասը վերադարձվել են): Այդ կապակցությամբ Վեհաժողովն ընդգծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն Ժնևի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններ՝ փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել գերեվարված քաղաքացիական անձանց առանց հապաղման՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնել մոտ 30 հայերի ճակատագրի վերաբերյալ, որոնց տեսել են, լուսանկարել կամ տեսանկարահանել գերության մեջ, բայց որոնց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: Վեհաժողովը տագնապած է այն պնդումներից, որ այդ անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել են: Հետևաբար, Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին քննել այդ մարդկանց դեպքերը և համապատասխան տեղեկություն տրամադրել ՄԻԵԴ-ին և Հայաստանին:

Բացի այդ, ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել եռակողմ համաձայնագրից հետո գերեվարված 48 հայերի պահման պայմանների վերաբերյալ, որոնց նկատմամբ ընթացել կամ ընթանում են հապշտապ դատավարություններ, ինչը մտահոգություններ է առաջ բերում արդար դատավարության վերաբերյալ: ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին և անհապաղ նրանց Հայաստան վերադարձնել:

Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Մասնավորապես, առանձնացվում է ոչ դատական սպանությունների, կոկորդ կտրելու և գլխատման դեպքեր (առնվազն երկու հայ և մեկ ադրբեջանցի), գերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի և դիակապտության դեպքեր երկու կողմերից էլ, ինչպես նաև զենքի թիրախային օգտագործում, ինչի հետևանքով եղել են քաղաքացիական զոհեր և վիրավորներ:

Երկու կողմերն էլ, ըստ զեկույցի, օգտագործել են բալիստիկ հրթիռներ, մինչդեռ նրանք ունեն ստանձնած պարտավորություններ՝ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը:

Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ օգտագործել է սիրիացի վարձկաների, իսկ Հայաստանը՝ տարբեր երկրներից հայերի:

Հետևաբար, Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին լիարժեք քննություն անցկացնել այդ դեպքերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, այդ թվում հրամանատարական մակարդակով:

Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնել ականապատ տարածքների վերաբերյալ, և ողջունելով հայկական կողմից 97000 ականներով քարտեզների հանձնումն Ադրբեջանին, կոչ է արել անհապաղ Ադրբեջանին փոխանցել բոլոր քարտեզները:

Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնել 2021թ. մայիսից հետո հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ: Հետևաբար, ԵԽԽՎ-ն կոչ է անում երկու կողմերին ապաէսկալացնել իրավիճակը և բանակցություններ սկսել սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև մշակութային ժառանգության խնդիրներին: Մասնավորապես, ԵԽԽՎ-ն դատապարտել է Արցախյան առաջին պատերազմից հետո 30 տարի հայերի կողմից ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը Աղդամում, Ֆիզուլիում և այլ շրջաններում: Մյուս կողմից, վեհաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես Նախիջևանում, ինչպես նաև վերջին պատերազմի ժամանակ հասցրած վնասը, մասնավորապես, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին տաճարի վրա հրթիռային հարվածը, այլ եկեղեցիների և գերեզմանների ավերումն ու վնասումը: Հետևաբար, ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական այլ եկեղեցիների, այդ թվում Դադիվանքի համալիրի վերաբերյալ, ինչպես նաև Ադրբեջանում խրախուսվող «Կովկասյան Ալբանիա» թեզի զարգացման վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ երկու երկրներում էլ լուրջ խնդիր է մնում ատելության խոսքը միմյանց նկատմամբ: ԵԽԽՎ-ն ողջունում է Ադրբեջանի հայտարարությունները, թե ինքը հպարտ է իր բազմամշակութայնությամբ, բայց ընդգծում է, որ կան հայտարարություններ, այդ թվում ամենաբարձր մակարդակով, որոնցում հայերը պատկերվում են անտանելի կերպարով: «Բաքվում այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» լուրջ մտահոգություններ է առաջ բերում, և Վեհաժողովը կարծում է, որ ծաղրանկարային և ստերեոտիպացված մանեկենների օգտագործումը անհանդուրժողականության ամենաբարձր մակարդակն է և չպետք է տեղ ունենա թանգարանում կամ հանրության մեջ»,- ասվում է զեկույցում:

Վեհաժողովը խորհուրդ է տալիս Նախարարների կոմիտեին հաշվի առնել հակամարտության մարդասիրական հետևանքները նոր Գործողությունների պլան մշակելիս (Հայաստանի դեպքում՝ 2023-2026թթ. համար, Ադրբեջանի դեպքում՝ 2022-2025թթ. համար) և ճկունություն ցուցաբերել ընթացիկ գործողությունների պլանների համար և դրանք հարմարեցնել հակամարտության հետևանքներին: Նախարարների կոմիտեն նաև պետք է հատուկ ուշադրություն դարձնի տեղահանված անձանց կարիքներին և իրավունքներին և նրանց վերադարձի հետ կապված հարցերին, բոլոր տուժած համայնքների համար վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև հանդուրժող հասարակություններ կառուցելուն և ատելության խոսքի դեմ պայքարին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930