Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց աղմուկի կառուցենք Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ ճանապարհը…»

Սեպտեմբեր 16,2021 13:00

Հարցազրույց նյույորքաբնակ դերասանուհի, ռեժիսոր Կարինե Քոչարյանի հետ

– Մեր այս առաջին հանդիպման ժամանակ, տիկին Քոչարյան, ձեզ մտաբերեցինք Սունդուկյանի թատրոնում գլխավոր դերերով հանդես եկած «Ծիրանի ծառ», «Մորգանի խնամին», «Կատաղի փողեր», «Խաթաբալա», Շեքսպիրի «Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա», Մոլիերի «Քաղքենին՝ ազնվական» եւ այլ ներկայացումներից, ինչպես նաեւ «Հեղնար աղբյուր», «Հայրիկ», «Հեղկոմի նախագահը» եւ այլ ֆիլմերից։ Քանի որ մեր առաջին հանդիպումն է, նախ կուզեինք իմանալ՝ ի՞նչը ձեզ շուրջ 30 տարի առաջ տարավ ԱՄՆ։

– Բացի Սունդուկյանի թատրոնում բեմ բարձրանալուց, դասավանդում էի թատերական եւ մանկավարժական ինստիտուտներում, ավելին՝ ուսանողներիս հավատացնում էի, որ եթե Հայաստանում ընդամենը մեկ մարդ մնա, դա ես եմ լինելու։ Բայց իրականությունը հետեւյալն է. մեկնեցի ԱՄՆ, երբ այդ ժամանակահատվածում Սունդուկյան թատրոնում բառացիորեն ոչինչ չէր արվում։ Նյու Յորքում ներկայացումներ էի խաղում, բեմադրում հայ համայնքի համար։ Հետո պայմանագրեր կնքեցի այլ նահանգների հետ, ինչը բուռն գործունեություն էր ակնկալում, բայց հենց այդ ժամանակ ինձ դիպավ քաղցկեղ հիվանդությունը, որին հաջորդեց շուրջ 10 տարվա երկարատեւ բուժումը Նյու Յորքում։ Դրան զուգահեռ 1996թ. հիմնեցի «Սփյուռքի ձայն» հեռուստահանդեսը, որը հեռարձակվում է մինչ օրս։

– Փաստորեն, ամերիկաներում սկսվեց ռեժիսորի ձեր գործունեությունը։

– Ռեժիսորի որակավորում ստացա նյույորքյան քոլեջներից մեկում ուսանելուց հետո եւ, բնականաբար, սկսվեց իմ կարիերան՝ երկրորդ մասնագիտությամբ։

– Կուզեինք տեղեկանալ՝ հայաստանցի կամ հայազգի դերասաններ ստեղծագործո՞ւմ են Նյու Յորքում։

– Պրոֆեսիոնալ հայազգի կամ Հայաստանից ԱՄՆ-ում հաստատված դերասաններ գրեթե չկան։ Բայց Նյու Յորքի շուրջ 100-ամյա մեր համայնքը ունի մշակութային, այդ թվում՝ թատերական հիանալի հանրույթ՝ ի դեմս Համազգային թատրոնի, Թեքեյան մշակութային միության թատրոնի եւ այլն։ Անկեղծ ասած՝ Նյու Յորքում հայ դերասան գտնելը այդքան դժվար չէ, պարզապես դերասանական ձիրք ունեցող մեր հայրենակիցներին պետք է փայփայել, եւ նրանք տարիների ընթացքում մեծ փորձ ձեռք բերելով՝ կդառնան իսկապես բարձրակարգ եւ բարձրարվեստ դերասաններ։

– Տիկին Քոչարյան, դուք վաղամեռիկ ճանաչված ու սիրված դերասան Վլադիմիր Քոչարյանի կինն եք…

– Դուք ինձ տարաք այն տարիները, երբ ես ու Վովան 19-20 տարեկան էինք, սիրահարված էինք խենթի պես։ Մենք շատ վաղ ամուսնացանք։ Ես Աճեմյանի կուրսում էի։ Վարդան Նիկիտիչն ինձ ասաց՝ ոչ մի տեղ չգնաս, ես քեզ Սունդուկյան եմ տանելու։ Հետո ամուսնուս հետ աշխատեցինք Գյումրիի թատրոնում, այնուհետեւ՝ 1977-ից մինչեւ 1994թ., այս անգամ արդեն Ղափլանյանի հրավերով, թույլ տվեք ասել՝ ես աշխատեցի Սունդուկյանում, քանի որ, ինչպես հայտնի է՝ Վովան 1989թ. կյանքից հեռացավ ավտովթարի պատճառով… Բայց գիտեք, ես երջանիկ եմ, որ ունեմ որդուս՝ Հայկին, ով 19 տարեկանում գնաց Նյու Յորք, ստացավ կինոռեժիսորի մասնագիտություն։ Հավանաբար գիտեք՝ 2014-ին հայաստանյան «Ոսկե ծիրան»-ում նա հաղթեց մի քանի անվանակարգերում՝ իր «Խնդրում եմ, եղիր նորմալ» խաղարկային ֆիլմով։ Շատ կուզեի, որ ինչ ասելու եմ՝ որդիս չկարդա։ Պայմանավորվել եմ նրա հետ, որ մի օր հայկական ֆիլմ նկարի, բայց այն չզիջի հոլիվուդյանին։

– Հիմա գանք Ստեփանակերտ…

– Իմ նախաձեռնությամբ եմ եկել Ստեփանակերտ, թեեւ մինչ պատերազմը իսկապես նպատակ էի դրել, որ մի պիես բեմադրեմ Արցախում։ Պատերազմը ծրագրերս փոխեց, իսկ պատերազմի ավարտը ողջ հայության նման ինձ էլ խենթացրեց։ Մոտս սկսվեցին մղձավանջային գիշերներ եւ ես որոշում կայացրի նոյեմբերի կեսերին մեկնել Արցախ։

– Բնականաբար, մտածում էիք ի՞նչ անել Արցախում կամ կոնկրետ ի՞նչ բեմադրել։ Իսկ որտեղի՞ց գտաք ռուսաստանաբնակ Նարինե Աբգարյանի՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործությունը։

– Թող ամպագոռգոռ չհնչի, բայց կարող եք, չէ՞, պատկերացնել, որ ոչ թե մեկ-երկու, այլ մի քանի տասնյակ գործերի թվում իմ ընտրությունը կանգ առավ հենց այս ստեղծագործության վրա։ Քանի որ այստեղ մեր ազգի տառապանքն է, կամքը, տոկունությունը, հոգսը, ի վերջո, ըստ իս՝ ամենակարեւորը՝ հավատը։ Եվ գիտե՞ք, քաղաքական գործիչ Մանե Թանդիլյանը Ստեփանակերտում օգոստոսին դիտելով այս ներկայացումը, իր ֆեյսբուքյան էջում գրեց. «…Այս պիեսը ռազմավարական նշանակություն ունի՝ առանց աղմուկի կառուցենք Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհը։ Եթե չգիտեք ինչու՝ դիտեք Կարինե Քոչարյանի բեմադրած «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը կամ կարդացեք Նարինե Աբգարյանի նույնանուն գիրքը…»։

– Տիկին Քոչարյան, ի՞նչ վիճակում տեսաք Ստեփանակերտի պետական թատրոնը։

– Ցավոտ հարց է։ Տեսա անմխիթար վիճակում։ Իսկ դա ապրիլ ամսին էր։ Եվ գիտե՞ք, դա տեսնելով ասացի՝ Արցախի 30 տարիների ղեկավարների դեմքն է սա։ Գաղտնիք չէ, թատրոնը գործում է Արցախի մշակույթի եւ երիտասարդության պալատի 4-րդ հարկում, մի փոքրիկ բեմ է՝ նախատեսած շուրջ 100 հանդիսատեսի համար։ Բայց պրեմիերան, որ կայացավ օգոստոսի 18-20-ը, մենք խաղացինք նույն պալատի մեծ դահլիճում՝ 450 տեղանոց։ Կարծում եմ՝ պետք է նշել, որ լեփ-լեցուն դահլիճում։

– Տիկին Քոչարյան, բեմադրությանը մասնակից դերասանները պատերազմում հարազատներ են կորցրել, ոմանք էլ՝ ամեն ինչ։

– Ներկայացման գլխավոր հերոսուհուն մարմնավորած Օֆելյա Մարտիրոսյանի ամուսինը, որ պատերազմ էր մեկնել կամավոր, զոհվել է վերջին օրը։ Գլխավոր հերոսս՝ 50-ամյա Մարատ Դավթյանը, արցախյան երեք պատերազմների մասնակից է։ Դերասանուհիներից մեկն էլ Շուշիի մշակույթի տան տնօրենն է, ով կորցրել է բառացիորեն ամեն ինչ… Եվ գիտե՞ք, վշտի մեջ քարացած, ատամները սեղմած Արցախի ժողովրդի թվում իմ դերասանական խումբն էլ որոշեց, թե պետք է իրականացնել այս ներկայացումը, որտեղ ամեն ինչ ի ցույց է՝ պատերազմ, սով, երկրաշարժ… Կարճ ասած, մեր ժողովրդի պատմությունը՝ սարերի մեջ կորած, իր վախճանին սպասող մի գյուղ, որտեղ, արի ու տես՝ այդքանից հետո հույս ու հավատ է ծնվում։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ.Գ.– ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա սեպտեմբերի 17-19-ը՝ Երեւանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 21-ին՝ Արտաշատի, 22-ին՝ Հրազդանի, 24 եւ 25-ին՝ Գյումրիի, 27, 28-ին՝ Վանաձորի թատրոններում։ Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։

«Առավոտ» օրաթերթ
15.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930