Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիսը շատ լավ տեղ է, մենակ թե պատերազմ չլինի». սահմանամերձ բնակավայրի կանայք չեն լքում իրենց հողը

Հուլիս 07,2026 09:30 Share

«Ամուսինս ասում էր՝ արի գնանք Երևանում մնանք, այստեղ վտանգավոր է, սահման է, բայց ես հրաժարվեցի: Ասեցի՝ Աստված մի արասցե, մի պատերազմ, մի բան լինի, ամեն տեղ էլ լինելու է»,-պատմում է Ներքին Խնձորեսկի բնակիչ Լենա Մինասյանը:

Լենա Մինասյան

Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրը 44-օրյա արցախյան պատերազմից հետո է դարձել սահմանամերձ. նախքան պատերազմը բնակավայրի սահմաններից այն կողմ Արցախի Քաշաթաղի շրջանն էր՝ բնակեցված հայերով:

Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Արամ Արզանյանը նշում է, որ բնակավայրում 43 ընտանիք կա, որոնցից 5-ը 2020թ. և 2023թ. Արցախից տեղահանվածներն են: Նրա խոսքով՝ բնակիչները հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում:

Սահմանամերձ բնակավայրում ապրելու դժվարությունները

Լենա Մինասյանը 2020թ. պատերազմի ժամանակ է տեղահանվել Հադրութից իր երեք անչափահաս երեխաների, ամուսնու, սկեսրոջ ու տեգրոջ հետ: Ասում է՝ մի ձեռք հագուստ ենք կարողացել վերցնել մեզ հետ:

Նա իր ընտանիքի հետ 2020թ. տեղափոխվելով Հայաստան՝ փորձել է հաստատվել Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում, ասում է՝ պատերազմի բոթը նույնիսկ պատերազմից հետո չէր անցել ինձ համար, զգում էի, որ Արցախում այլևս չեմ կարողանալու ապրել ու այդպես էլ չվերադարձա: Իսկ ամուսինը, սկեսուրն ու տեգրը վերադարձել են Արցախ՝ հուսալով, որ Արցախի գոնե մի փոքր կտոր հայկական կմնա և մինչև 2023թ. բռնի տեղահանությունը Ստեփանակերտում են ապրել:

Լենան Կոռնիձորում, Հարթաշենում, Խնձորեսկում վարձով բնակվելուց հետո ի վերջո 2023թ. հաստատվել է Ներքին Խնձորեսկում. «Շուտով երեք տարի կլինի, որ մնում ենք Ներքին Խնձորեսկում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեզ երկու հարկանի սեփական տուն է տվել, բայց դա դեռ մեր սեփականությունը չէ։ Եթե 10 տարի այս տանը մնանք՝ այդ ժամանակ տունը մեր սեփականությունը կդառնա: Ուղղակի մնում ենք, վարձ չենք տալիս։ Տունը թեպետ փոքր սենյակներով է, բայց էլի գոհ եմ, որ տանտերը չի գալիս, ասում՝ վարձը թանկացնում եմ կամ տունս ծախում եմ»։

Լենան նաև Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում է աշխատում՝ որպես մայրապետ, բայց ասում է՝ միայն աշխատավարձով ընտանիք պահելը դժվար է: Նա իր սեփական տանը կից ունի հողատարածք, որտեղ հավ ու ճագար է պահում, բայց նպատակ ունի այլ կենդանիներ ևս պահելու. «Նոր ենք գոմը սարքել, եթե որևէ կազմակերպություն օգնի՝ անասուն տա, ես հաստատ կպահեմ, դրա համար եմ չէ՞ գյուղում ապրում: Ճիշտ է՝ այստեղ անասնապահությունը դժվար է, արոտավայրերը քիչ են, պիտի միշտ անասունի հետևից գնաս, որ չգնա սահմանն անցնի, բայց եղածով էլ պիտի բավարարվես»,-ասում է Լենան ու ընդգծում, որ Հադրութում մեծ թվով խոզեր, ոչխարներ, այծեր ուներ, քանի որ այնտեղ ընդարձակ արոտավայրեր կային:

Լենան այնուամենայնիվ Գորիսի բնությունը նմանեցնում է Հադրութի բնությանը, ասում է՝ Գորիսը կարծես ստեղծված լինի մեզ համար: Եվ անդրադառնալով սահմանամերձ բնակավայրում ապրելու դժվարություններին, որոնք կապված են նաև պատերազմին առնչվող հիշողությունների հետ, նշում է. «Պոստեր կան, որոնք մի քիչ հեռու են, պոստ էլ կա՝ մոտիկ է։ Հենց իջնում ենք գյուղի ներքևը, որ գնանք ժենգյալի, իրենց մոտիկից տեսնում ենք, թե ոնց են շարժվում, ինչ են անում: Քանի անգամ վախից գիշերը երազ եմ տեսել, բայց մի երկու օր հետո նորից մոռանում եմ:»

Կորցրած արոտավայրերի հետևանքով առաջացած անասնակերի խնդիրը լուծելու նոր մոտեցումները

Ներքին Խնձորեսկի բնակիչների մի մասը դժգոհում են, որ այն տարածքները, որտեղ ժամանակին արածեցնում էին իրենց անասուններին Ադրբեջանի վերահսկողության տակ անցան և բնակավայրում բավարար արոտավայր չկա, քանի որ Ներքին Խնձորեսկի հողերի մի զգալի մասն էլ մասնավոր հողատարածքներ են:

Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Արամ Արզանյանից հետաքրքրվեցինք, թե պատերազմից հետո այդ խնդիրը լուծելու համար ի՞նչ քայլեր են ձեռնարկել:

«Դա իրենց սահմանն է, այդ կարգավիճակով է մնացել իրենց, մեր հողերից չի մտել իրենց մոտ: Իսկ արածեցնելու հարցը լուծում ենք, բարիշում ենք վերևի Խնձորեսկի հետ, իրենց տարածքներում միասին արածեցնում ենք»,-պատասխանեց Արամ Արզանյանը:

Նշենք, որ Ներքին Խնձորեսկում անասնակերի խնդիրը լուծելու համար բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Դիլանչյանն էլ մեկնարկել է կանաչ կերի արտադրություն՝ հիդրոպոնիկ համակարգերի միջոցով (առանց հողի աճեցում):

 

Լենայի երեխաները չեն ուզում այլ բնակավայրում դպրոց գնալ, դպրոցի տնօրենն էլ վստահեցնում է՝ դպրոցը փակելու որոշում չկա

Լենայի երեխաները Ներքին Խնձորեսկի դպրոցն են հաճախում. մեծ տղան այս տարի է 12-րդ դասարանն ավարտել. «Երեխեքը հարմարվել են այստեղ, դպրոց են գնում: Բայց ասում են՝ ինչ-որ վերևի գյուղում (Խնձորեսկում) դպրոց են սարքում, այս դպրոցը փակելու են։ Երեխաները չեն ուզում, աղջիկս ասում է՝ եթե գյուղում դպրոցը փակեն, ես չեմ գնալու ուրիշ գյուղում սովորեմ՝ 9-ից դուրս եմ գալու։ Փոքր տղաս էլ 6-րդ դասարան է, ասում է՝ ես էլ չեմ ուզում գնամ ուրիշ դպրոց։ Թե ոնց եմ ուղարկելու դասի, ես չգիտեմ։ Այնքան դպրոցներ ենք փոխել, մինչև եկանք այս գյուղ՝ հարմարվեցին… Մեծ տղայիս էլ Հարթաշենում զոռով էի ուղարկում դպրոց, տարվա մեջ երկու օր էր գնում, ասում էր՝ սպանեք, չեմ գնա։ Բայց որ եկավ այս գյուղ՝ զարմացա, թե ոնց երեխան սկսեց դասի գնալ, երկու տարի այստեղ սովորեց ու ավարտեց»,-ասում է Լենան ու միաժամանակ շեշտում՝ Գորիսը շատ լավ տեղ է, մենակ թե պատերազմ չլինի, խաղաղություն լինի:

Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Դիլանչյանի խոսքով՝ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցը սեպտեմբերից կշարունակի իր բնականոն աշխատանքը։

Դպրոցի տնօրինությունը վստահեցնում է՝ փակվելու կամ գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունից որևէ հրահանգ կամ որոշում չկա։

Սամվել Դիլանչյանի խոսքով՝ անցած ուսումնական տարում դպրոցն ունեցել է 25 աշակերտ. «Երեխաների սակավության պատճառով դպրոցում կան դասարաններ, որոնք ընդհանրապես աշակերտ չունեն։ Օրինակ՝ նախորդ տարի դպրոցում 10-րդ դասարան չի եղել»

Դիլանչյանը նշում է, որ դպրոցի ընդհանուր աշխատակազմը բաղկացած է 23 հոգուց, որոնցից 15-ը ուսուցիչներ են: Ուսուցիչներից 8-ը երթևեկում են հարակից բնակավայրերից, մասնավորապես՝ Գորիսից, Խնձորեսկից

«Տրանսպորտի խնդիր չունենք։ Դպրոցն ապահովված է անվճար տրանսպորտով, և եթե կողքի բնակավայրերից աշխատելու ցանկություն ունեցողներ լինեն, տեղափոխման հարցը կլուծվի»,- նշում է տնօրենը։

Այս պահին դպրոցում հայտարարված է մրցույթ երկու առարկայի թափուր հաստիքների համար՝ Մաթեմատիկա և ԹԳՀԳ (Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն):

Սամվել Դիլանչյանի հետ զրույցում պարզվեց, որ այս առարկաների մասնագետների խնդիրը դպրոցում առկա է եղել նաև նախորդ տարի. «Մաթեմատիկայի դասավանդման հարցը ժամանակավորապես լուծվել է գյուղի բնակիչ հանդիսացող նախկին ուսուցչի շնորհիվ, ով հիմա էլ որոշակի ժամկետով օգնում է դպրոցին, սակայն տարիքի պատճառով չի ցանկանում անցնել հիմնական աշխատանքի։ Բացի այդ, մաթեմատիկայի ժամաքանակը գերազանցում է մեկ դրույքը, հետևաբար հիմնական մասնագետի նոր մրցույթ ենք հայտարարել»:

Անգլերենի ուսուցիչ, զբոսավար, ձեռնարկատեր. ինչո՞վ են զբաղվում կանայք սահմանամերձ Ներքին Խնձորեսկում

Հերմինե Դիլանչյանը 30 տարի է, ինչ անգլերեն է դասավանդում Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցում: Նա որպես լեզվի ուսուցչուհի փոխանակման ծրագրով 2011թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ում՝ Ինդիանայի համալսարանում: Հերմինեի սիրելի զբաղմունքներից է տուրիզմը, նա ունի նաև գիդի որակավորում. ամռանը զբոսաշրջիկներին ծանոթացնում է Սյունիքի տեսարժան վայրերին:

Հերմինե Դիլանչյան

«Դպրոցում շատ սիրով եմ աշխատում, որովհետև երեխաներն ամենաանկեղծ մարդիկ են, տուրիզմով ևս սիրում եմ զբաղվել: Երբեք ցանկություն չեմ ունեցել լքել Ներքին Խնձորեսկը: Բայց սահմանամերձ բնակավայրերում դժվար է ապրելը. կանայք առանց այն էլ գյուղական կյանքով են ծանրաբեռնված, իսկ պատերազմից հետո ֆիզիկական ծանրաբեռնվածությանը զուգահեռ ավելացել է նաև հոգեբանական ծանրաբեռնվածությունը»,-ասում է Հերմինեն ու ընդգծում, որ պատերազմը, որը նաև իրենց բնակավայրի փեշին էր ընթանում, խորը հետք է թողել մարդկանց հոգեվիճակի վրա: Նրա խոսքով՝ առավոտյան արևին նայելու փոխարեն ադրբեջանական դիրքերն են տեսնում, ինչն էլ նպաստում է, որ որոշ մարդիկ խուսափեն իրենց երազանքներն ու գաղափարներն իրագործելուց:

Հերմինեն նաև Գորիս համայնքի ավագանու անդամ է, ինչպես նաև «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ ղեկավարը:

Նրա տանը 44-օրյա պատերազմից հետո տարբեր բարեգործական նախաձեռնություններով 2021թ. բացվեց հացի արտադրամաս, որը մինչ օրս բնակավայրի միակ հացի արտադրամասն է:

2023թ. էլ Հերմինեի տան մի հատվածում բացվեց կարի արտադրամաս, որը հնարավորություն տվեց բնակավայրի 4 կնոջ սովորել կարուձև ու ներգրավվել տարբեր ծրագրերում: Ներկայում Հերմինեն նպատակ ունի ԱՁ-ի շրջանակում ավելացնել կարի մեքենաների թիվը՝ ընդլայնելով 4 կարի մեքենա ունեցող արտադրամասը: Նրա խոսքով՝ ԱՁ-ով աշխատանքը շարունակելը հնարավորություն կտա նաև աշխատող կանանց համար աշխատանքային ստաժ ապահովել:

Հերմինեն ընդգծում է՝ սահմանին ապրողի համար պետք է վաղվա խաղաղ օրվա հույսը լինի, որ կարողանա բնականոն կյանքով ապրել ու զարգացնել իր համայնքը:

Նարա Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031