Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է փրկել Հայաստանը, ապա Օնիկ Գասպարյանին պետք է նշանակի ԳՇ պետ»․Վլադիմիր Պողոսյան

Նոյեմբեր 15,2021 23:50

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական, Արցախյան առաջին պատերազմում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է փրկել Հայաստանը, ապա Օնիկ Գասպարյանին պետք է նշանակի ՊՆ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք, ըստ ԱԽՔ-ի, նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք« Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ»։

Ինչ հանգուցալուծում կարող է լինել, Վլադիմիր Պողոսյանն այսպես պատասխանեց․ «Նախ՝ միակ ճիշտ նշանակումը Օնիկ Գասպարյանի նշանակումն էր ԳՇ պետ: Մեր բախտը բերեց, որ գեներալ Գասպարյանին էր նշանակել։ Ուրեմն՝ բրիտանական հետախուզությունը գրել էր, որ ադրբեջանական կողմը 18-20 հազար զոհ է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ, ՌԴ հետախուզությունը՝ մոտ 23 հազար, մեր տվյալներով՝ 22 հազար։ Միակ մարդն էր, որ փրկեց Հայաստանը, որ հիմա կա Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան, Մարտակերտ։ Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը գեներալ Գասպարյանին չնշանակի նորից ԳՇ պետ, մեկ ամսից Հայաստանից բան չի մնալու։ Միակ մարդն է, որ կարող է Հայաստանը փրկել։ Նիկոլ Փաշինյանը լավ հասկանում է, որ Օնիկ Գասպարյանը կարողացավ 44 օր դիմադրել։ Իհարկե, բանակն իրեն զգուշացրել էր մինչեւ պատերազմը, որ մեր զենք -զինամթերքը բավարար չէ, որովհետեւ մենք կռվելու ենք Թուրքիայի դեմ։ Բայց, ինչպես Փաշինյանն, ինչպես ինքն է իր մասին ասում, որ պատրաստ է ամեն ինչ անել Հայաստանի համար, ուրեմն եթե պատրաստ է Հայաստանի համար ամեն ինչ անել, Օնիկ Գասպարյանին պետք է նշանակի, միայն Օնիկ Գասպարյանն իր թիմով, եթե վերադառնա, հակառակորդը մի սանտիմետր առաջ չի կարող առաջ գա, հետ են գնալու։ Եթե Փաշինյանն ուզում է ժողովրդին ապացուցի, որ ինքը ծառայում է Հայաստանի համար, թող ապացուցի»։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ արվեց այն բանից հետո, երբ ԳՇ-ն հայտարարություն էր տարածել՝ գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Այս հայտարարությանը միացել էին ԳՇ-ի գրեթե բոլոր վարչությունների ղեկավարները, մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորականներ։ Օնիկ Գասպարյանը պատերազմի ավարտից օրեր անց իր ուղերձում նշել էր․«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու – երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Ապա ԱԽՔ-ն Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ ԱԽՔ նիստից ձայնագրություն էր տարածել։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանի արած հայտարարության այդ կետը որեւէ աղերս չունի իրականության հետ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930