Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԿՍՊԻ-ն մեծարեց աշխարհի չեմպիոն իր ուսանողին

Նոյեմբեր 18,2021 21:21

Այսօր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում մեծարեցին մարզական միակ բուհի 3-րդ կուրսի ուսանող, հունահռոմեական ոճի ըմբշամարտի այս տարվա աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին:

Արարողությանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ԱԺ իշխանական պատգամավորներ, ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները, ազգային հավաքականի  մարզիչները, չեմպիոնի հորեղբայր անվանի ըմբիշ Ռոման Ամոյանը, Մալխաս Ամոյանի անձնական մարզիչը, ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը, պրոֆեսորադասախոսական կազմը, բուհի գործընկեր Իջեւանի գինու-կոնյակի գործարանի ներկայացուցիչը:

Ինստիտուտի ռեկտոր  Դավիթ Խիթարյանի առաջարկով արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ-ադրբեջանական արեւելյան  շփման գծում վերջին մարտական գործողությունների ժամանակ զոհված մեր զինվորների հիշատակը;

«Վերջին տարիների ծանր դեպքերը բացասական լուրջ ազդեցություն են թողնում հասարակության լայն շերտերի վրա: Այս իրավիճակում շատ կարեւոր է սպորտի դերը, երբ մեկ մարզիկի հաղթանակը կոտրում է ամբողջությամբ հիասթափված իրավիճակը: Ես ուրախ եմ, որ 2021 թվականի այս իրավիճակում բավականին հաջողություններ գրանցեցինք հիմնականում մեր հենակետային մարզաձեւերում: Կրկնակի ուրախ եմ, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն հռչակվեց մեր ինստիտուտի ուսանող Մալխաս Ամոյանը:

Կարծրատիպ կա, թե մեր ինստիտուտում ուսանողներն ամբողջությամբ ներգրավված են միայն սպորտային պրոցեսում: Դա ամենեւին էլ այդպես չէ: Հենց Մալխաս Ամոյանի օրինակով կարող եմ հավաստիացնել, որ նա մեր ամենապարտաճանաչ ուսանողներից է իր հաճախելիությամբ, ուսանողական ակտիվությամբ: Ուրախությամբ պիտի նշեմ, որ մենք կարողացել ենք ֆեդերացիաների հետ մշակել մի ռազմավարություն եւ դրանում ֆեդերացիաներն էլ շահագրգռված են, որ մարզչական շտաբերը կրթված, գրագետ մարզիչներով համալրվեն: Մենք բոլորս գիտենք, որ բարձրակարգ մարզիկը դեռ բարձրակարգ մարզիչ չէ, բարձրակարգ մարզիչ չի նշանակում լավ ղեկավար, լավ կազմակերպիչ ու լավ կառավարիչ: Մենք համատեղ այս ուղղությունն ենք որդեգրել, եւ ես ուրախ եմ, որ Մալխաս Ամոյանը հենց այդ ճանապարհի վրա կանգնած մեր պարտաճանաչ ուսանողներից է: Վստահ եմ, որ տարիներ անց մարզական կարիերան ավարտելուց հետո Մալխաս Ամոյանը մեր ինստիտուտում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ի սպաս կդնի հայկական սպորտի հետագա զարգացմանը»,- ասաց Դավիթ Խիթարյանը եւ ՖԿՍՊԻ հիմնադրամի կողմից աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին պարգեւատրեց հատուկ շնորհակալագրով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930