Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկելու նախագիծը. մեկը ծանոթով հոսպիտալում հանգստանում է, մյուս զինվորը հիվանդ՝ МРТ-ի է սպասում

Նոյեմբեր 30,2021 14:39

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը: Նա առաջարկում է, որ զինծառայողների առողջական խնդիրները լուծելիս նրանց առաջնահերթություն տալ. «Սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինվորական հոսպիտալում բուժզննում է անցնում ու պարզվում է, որ կարիք կա МРТ-ի ու ամիսներով պետք է հերթ կանգնի: Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար»: Նա ընդգծեց, որ նախագծի ընդունման պարագայում չկա որեւէ ֆինանսական բեռ պետբյուջեի համար ու որեւէ դժվարություն չի լինի:

ՄԻՊ-ի ներկայացուցիչը վերահաստատեց Թովմասյանի մտահոգությունը՝ ասելով, որ իրենք հոսպիտալներ այցերի ժամանակ նույն խնդիրն են արձանագրել:

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցրեց՝ իրավունքի բախում չի՞ լինի, չէ՞ որ առաջնահերթությունը պետք է տա ոչ թե բժիշկը, այլ պետք է տրվի մարդու առողջության ծայրահեղ վատ վիճակի հետ կապված: Թագուհի Թովմասյանը պատասխանեց, որ բժիշկների համար գրավիչ է սպասարկել վճարունակ քաղաքացիներին, բայց զինծառայողները ժամերով հերթ են կանգնում, ինչը ստորացուցիչ է:

«Ես ավագ լեյտենանտ եմ, եկել եմ հետազոտման, ճի՞շտ եմ դիտարկում, որ եթե ձեր առողջական վիճակը ավելի վատ է, ես պետք է ավելի շուտ սպասարկվեմ»,- հարցրեց Վիլեն Գաբրիելյանը: Թովմասյանը հաստատեց՝ եթե զինվորական է, պետք է սպասարկվի արտահերթ, այդ նույն խնդիրը կարող է առաջանալ նաեւ հղիների դեպքում, ամիսներով զինվորականը չպետք է սպասի МРТ հետազոտության:

Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն է տվել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ, իհարկե, առաջնահերթություն պետք է տրվի զինծառայողներին, փրկարարներին, նրանց հավասարեցված անձանց, ուստի 2019-ին օրենսդրական փոփոխություն են արդեն կատարել ու բուժօգնության ավելի շահավետ պայմաններ են նախատեսվել: Զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ:

Նախարարը նաեւ նշեց, որ պետք է հաշվի առնեն, ընդհանուր առմամբ, առողջապահական ծառայությունների կազմակերպման սկզբունքները. «Մենք չենք կարող այն հետազոտությունը, որի կարիքը չկա այս պահին անցնելու, իրականացել արտահերթ եւ օրինակ քաղցկեղով հիվանդի МРТ հետազոտությունը, որից կախված է նրա հետագա բուժումը, թողնել: Մեր քաղաքացիների առողջական խնդիրները պետք է բավարարվեն հավասար սկզբունքով»:

Զինված ուժերի ներկայացուցիչը նույնպես դեմ էր նախագծում առաջարկվող փոփոխությանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դեռ պետք է նախագիծը խստացվի եւ առաջնահերթություն տրվի նաեւ նրանց ընտանիքի անդամներին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նույն կարծիքին էր՝ ասելով, որ մենք զինվորականներին պարտք ենք: Նա ուշադրություն հրավիրեց մեկ այլ խնդրի վրա. «Մտեք հոսպիտալ ցանկացած պահի, անցեք սենյակներով ու տեսեք ինչ առողջական վիճակով են ու քանի օր են գտնվում հոսպիտալում»: Ըստ նրա, մարդ կա՝ լուրջ խնդիր չունի ու МРТ-ի հետազոտությանը սպասելու պատճառաբանությամբ ամիսներով հոսպիտալում են, մյուսն էլ, որ լուրջ խնդիր ունի՝ սահմանում է, որովհետեւ ազդեցիկ քեռի կամ հորեղբայր չունի:

ՔՊ-ն քվեարկությամբ մերժեց նախագիծը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930