Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի խնդիրների լուծումը դժվար է․ հազար ու մի հարց է առաջանում»․ Կարինե Դանիելյան

Դեկտեմբեր 22,2021 15:15

Aravot.am-ը բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց՝ Երեւան համայնքի բնապահպանական, քաղաքաշինական խնդիրների լուծման տեսանկյունից՝ քաղաքապետ Հայկ Մարությանի երեք տարվա աշխատանքն ինչպե՞ս է գնահատում։ «Կդժվարանամ ասել, որովհետեւ դա հատուկ ուսումնասիրության հարց է»,-պատասխանեց Կարինե Դանիելյանը։

Կարինե Դանիելյան

Խնդրեցինք Երեւանի դեռեւս չլուծված հարցերը մատնանշել։ «Սկզբունքորեն, կառուցապատումը եղել է շատ ավելի խիտ, քան դրա կարիքը կար բնապահպանական տեսանկյունից։  Ըստ այդմ, կանաչապատումը չի հասցրել կառուցապատման հետեւից, որպեսզի քաղաքը կարգի բերի։ Իսկ մեր բնակլիմայական պայմաններում դրա անհրաժեշտությունը խիստ կարեւոր է։ Խնդիրը պատմությունից է եկել։ Որքան հնարավոր է՝ փորձում են փոխլրացնել, բայց, իհարկե, դժվար է»,-նախ նշեց Կարինե Դանիելյանը։

Նա կարծում է, որ այս հարցում կարելի է օգնել երեւանցիներին, որպեսզի կանաչապատվեն պատշգամբներն ու շենքերը․ «Ամեն քառակուսի մետր կարեւոր է։ Նաեւ ջրի խնդիր ունենք։ Նման հարցերը միշտ եկել եւ գնալով են ավելի սրվել՝ առավել եւս, որ կլիմայի տատանումներից չես հասկանում՝ հիմա ձմե՞ռ է․ Ռուսաստանից նոր տվյալներ են գալիս -40 եւ  -60 ջերմաստիճանների մասին, իսկ մեր մոտ տասը օր է՝ կարծես գարուն լիներ։ Թե վաղը կլիման ինչպես կտատանվի, դժվար է ասել։ Առհասարակ, Երեւանում խնդիրները շատ են»։

Կարինե Դանիելյանը նաեւ ասաց՝ կարճ ժամանակ է աշխատել որպես Երեւանի նախկին փոխքաղաքապետ, բայց հասկանում է, թե ինչ դժվար է Երեւանում նման խնդիրների լուծումը, որովհետեւ հազար ու մի հարց է առաջանում․ «Մի տեղ ուզում ես կանաչապատել, պարզվում է՝ չէ, կողքի բնակիչներն այդտեղ ուզում են ուրիշ բան սարքել ու սկսում են քո հետ կռվել։ Կարծում եմ՝ բավականին հարցեր քայլ առ քայլ լուծվում են, բայց, իհարկե, մեր բնակլիմայական պայմաններում շատ ավելին պետք է արվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031