Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք համանախագահների եռյակը կկարողանա՞ Արցախ այցելել ՀՀ տարածքից, թե՞ ստիպված է լինելու դիտարկել բացառապես Ադրբեջանի տարածքից մուտք գործելու տարբերակը»

Հունվար 24,2022 15:00

Ըստ «Առավոտի» զրուցակցի՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ դա գործնականում Մոսկվայից է կախված:

– ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, վերահաստատելով ՀՀ դիրքորոշումը, հայտարարեց՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, պաշտոնական Մոսկվան եւս դեմ չի արտահայտվել այս ձեւաչափին, հետեւաբար, ի՞նչ եք կարծում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց տարածաշրջան կկազմակերպվի՞ եւ ի՞նչ արդյունքներ սպասել:

– Մինսկի խմբի գործունեության ակտիվացման հնարավորությունը մեծապես կախված է լինելու Ռուսաստան-ԱՄՆ եւ ԵՄ հարաբերություններում առաջացած խորը ռազմաքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հեռանկարից: Հայտնի է, որ Արցախի հայկական մնացած հատվածի ելումուտը վերահսկում են ռուս խաղաղապահները եւ համանախագահների մուտքն այնտեղ եւս կարող է տեղի ունենալ միայն նրանց համաձայնության դեպքում: Խաղաղապահներն էլ, հավանաբար, դրա համար պետք է ստանան Բաքվի համաձայնությունը: Ռուսաստանն ինքն էլ է ՄԽ համանախագահ պետություն եւ այստեղ բավականին նուրբ խնդրի առջեւ է կանգնած՝ մի կողմից, Կրեմլը Բաքվի ու Երեւանի հետ եռակողմ հայտարարություն ստորագրելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոր հարթակ է ստեղծել, մյուս կողմից էլ մնացել է Մինսկի խմբի համանախագահ: Ընդ որում, այժմ հենց Մոսկվայից է գործնականում կախված, թե արդյոք ՄԽ համանախագահ եռյակը կկարողանա՞ Արցախ այցելել Հայաստանի տարածքից, թե՞ ստիպված է լինելու դիտարկել բացառապես Ադրբեջանի տարածքից մուտք գործելու տարբերակը: Այսինքն՝ տեսականորեն կարող է եւ այնպես լինել, որ Բաքվի պահանջով ՄԽ անդամ Ռուսաստանը կխոչընդոտի ՄԽ անդամ ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահների մուտքը Արցախ Հայաստանից: Ճիշտ է, կարող է գործարկվել նաեւ երրորդ տարբերակը՝ համանախագահների եռյակը կարող է Ստեփանակերտ հասնել օդանավով, ասենք՝ Թբիլիսիից: Ամեն դեպքում սպասենք ռուս-ամերիկյան բանակցությունների գոնե միջանկյալ արդյունքներին. դրանք կարող են նաեւ ՄԽ գործունեության ապագայի վերաբերյալ որոշակիություն ապահովել:

– ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ պատգամավորների հարցերին հնչած պատասխաններից պարզ է դառնում, որ Հայաստանը որպես սահմանազատման նախապայման չի առաջադրում թշնամու զորքերի դուրսբերումն իր տարածքից, ավելին, երբ պաշտոնական Երեւանը Մոսկվայի միջոցով սահմանազատման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Բաքու, որոնք վերաբերում էին Սոթք-Խոզնավար հատվածից զորքերի հայելային հետքաշմանը, Ադրբեջանն այն մերժել է: Սա չի՞ նշանակում արդյոք, որ միայն ուժի գործադրմամբ է Ադրբեջանը պահանջում սահմանազատում, ինչին ըստ էության աջակցում է ՌԴ-ն:

– Որեւէ օբյեկտիվ հետեւություն անելու համար մեր հասարակությունը բավարար տեղեկատվության չի տիրապետում: Մարդիկ ոչ սեփական իշխանությանն են վստահում, ոչ ադրբեջանցիներին եւ ոչ էլ ռուսներին: Ռուս, հայ, ադրբեջանցի պաշտոնյաները միմյանց ինչ-որ առաջարկներ են անում, պահանջներ ներկայացնում, մեղադրանքներ հնչեցնում, բայց մեր շարքային քաղաքացին չգիտի, թե իրականում մութ անկյուններում կոնկրետ ինչ է քննարկում այդ պաշտոնատար պարոնների «ինտերնացիոնալը»: Տրամաբանությունը հուշում է, որ հայկական կողմն այս պահին ունակ չէ ուժի կիրառմամբ հարցը լուծել՝ գոնե վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանն էլ իր դաշնակիցների հետ միասին, ունակ լինելով ուժի կիրառմամբ ցանկալի արդյունքին հասնել, նախընտրում է մնալ քաղաքական-դիվանագիտական ճնշում գործադրելու մարտավարության շրջանակներում:

– ՀՀ-ի՝ Ադրբեջանին ուղղված առաջարկներում նշվում է զորքերի հայելային հետքաշման մասին: Ինչո՞ւ պետք է հայկական զորքերը հետ քաշվեն, եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրով ամրագրված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանն առաջ է եկել, ավելին՝ խախտում է նույն այդ փաստաթղթով նախատեսված՝ գերիների վերադարձի կետը: Հայկական կողմի առաջարկը տրամաբանական համարո՞ւմ եք եւ արդարացվա՞ծ է արդյոք այն:

– Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների համար այս առաջարկը դիտարկվում է որպես ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժը առանց ռազմական բախման դուրս բերելու հնարավոր միջոց: Այսինքն՝ պաշտոնական Երեւանը ցանկանում է ստեղծված բարդ իրավիճակում առաջացած խնդիրները լուծել առանձին-առանձին: Դժվար թե Ադրբեջանը ցանկանա ընդառաջել պաշտոնական Երեւանի առաջարկներին, քանի որ ակնհայտ է, որ ՀՀ տարածքի մի հատվածի բռնազավթումը ավելի ընդգրկուն ծրագրի իրականացմանը ծառայող գործիքներից մեկն է:

– ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ԱԱԾ-ի հանձնարարականի հետ կապված եւ հնարավոր կադրային փոփոխություններին առնչվող հայտարարություններն ինչպե՞ս կգնահատեք. լուրջ փոփոխություններ եւ զարգացումներ ակնկալո՞ւմ եք:

– Կարող են լինել կադրային փոփոխություններ, փոխատեղումներ, բայց չեմ կարծում, որ դրանք կառավարման համակարգի գործունեության էական, արմատական բարելավում կապահովեն: Այդուհանդերձ, անգամ եթե դրանք որոշակի թարմ շունչ հաղորդեն, մարդկանց մոտ հույս արթնացնեն, որ ստեղծված իրավիճակում էլ է հնարավոր առօրյա կյանքը, կենցաղը կարգի բերել՝ դա էլ կլինի դրական արդյունք: Շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ տեղերում հենց իրենք իրենց պաշտպանելու առավելագույն հնարավոր միջոցներն ունենան նաեւ: Եթե իշխանությունը կարողանա դա ապահովել, ապա ձեռք կբերի քաղաքացիների վստահությունն ու հետագա խորքային համագործակցության հիմքը կդնի:

– Ինչպե՞ս կբնութագրեք հայ-թուրքական այսպես կոչված երկխոսության ներկայիս փուլը, մանավանդ, որ պաշտոնական Անկարան այս երկխոսության մեկնարկից առաջ Հայաստանի առջեւ հրապարակավ արդեն իսկ պայմաններ է դրել, ինչը ըստ էության նշանակում է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը մեկնարկել է նախապայմաններով:

– Այդ երկխոսությունից Հայաստանն այս պահին չի կարող խուսափել մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Ինքս գտնում եմ, որ երկխոսությունը բոլոր դեպքերում ավելի օգտակար է, քան դրա բացակայությունը: Այն թույլ կտա ոչ միայն քննարկել անցյալ ու ներկա հարաբերություններում առկա մութ եւ արյունոտ դրվագներն, այլեւ փորձել փնտրել ապագայում ընդհանուր շահեր ունենալու հնարավորությունները: Ու դա անել առանց անցյալն ուրանալու, բայց հանուն ապագայի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31