Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի ու ավելի շատ երկրներ են իրենց քաղաքացիներին կոչ անում լքել Ուկրաինան ռուսական ներխուժման սպառնալիքի պատճառով». JAMnews

Փետրվար 14,2022 11:12

JAMnews. Ավելի ու ավելի շատ երկրներ են իրենց քաղաքացիներին կոչ անում լքել Ուկրաինան ռուսական ներխուժման իրական սպառնալիքի պատճառով։

Փետրվարի 11-ի երեկոյան իրենց քաղաքացիներին ուղղված այսպիսի զգուշացումներ են հրապարակել 14 երկրների կառավարություններ։

Մեկ օրում՝ փետրվարի 11-ին, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Ճապոնիան, Նորվեգիան, Լատվիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան և Դանիան իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Ուկրաինայի տարածքը ռուսական սպառնալիքի պատճառով, հաղորդում է Հրոմադսկոյե ուկրաինական հեռուստաընկերությունը։

Իսրայելն այդ հայտարարությունից զատ հաղորդել է նաև իր դիվանագետների ընտանիքների տարհանման մասին։ Հարավային Կորեան իր քաղաքացիներից պահանջել է լքել Ուկրաինան՝ չենթարկվելու դեպքում նրանց պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով։
Ավելի վաղ իրենց քաղաքացիներին արդեն հորդորել էին Ուկրաինայի տարածքը լքել, մասնավորապես, ԱՄՆ-ն ու Կանադան։

Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասը շտապ լքել է Կիևը։ Նա ու նրա տասը ստորադասները Բրյուսել են վերադառնում, հաղորդում են ԵՄ դիվանագիտական շրջանակներում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները։ ԵՄ մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն լրագրողներին հայտնել է, որ դա տարհանում չէ, պարզապես անձնակազմն Ուկրաինայից դուրս հեռավար աշխատելու հնարավորություն ունի։

Փետրվարի 12-ին ՌԻԱ Նովոստի ռուսական իշխանամետ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, հաղորդել է, որ Ուկրաինան լքում են ռուս դիվանագետները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների մյուս առաջնորդներին ասել է, որ, ԱՄՆ տվյալներով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մոտակա օրերին ներխուժել Ուկրաինա։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հատուկ ճեպազրույց է անցկացրել և հայտարարել է՝ Վաշինգտոնն իրական տվյալներ ունի այն մասին, որ մոտակա օրերին հնարավոր է Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա, և կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։

«Մենք չենք խոսում այն մասին, որ Պուտինը որոշում է կայացրել, վերջնական որոշում․․․ Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի բոլոր ամերիկացիները պետք է լքեն երկիրը հնարավորինս արագ, գոնե հաջորդ 24-48 ժամվա ընթացքում։ Ռիսկը հիմա բավականին բարձր է, սպառնալիքը լիովին իրական է», — ասել է Սալիվանը։

Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, նույնիսկ նշում է ներխուժման ամսաթիվը՝ փետրվարի 15։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28