Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գիտական բյուրոկրատիան և նրա մեղքերը մեր ներկա վիճակի համար. մաս 2

Փետրվար 14,2022 18:05

Հարգելի ընթերցող, այս հոդվածաշարի առաջին մասը զետեղվել է Aravot.am կայքում փետրվարի 1-ին: Որպեսզի շարադրենք այս մասը, համառոտագրեմ առաջինի բովանդակությունը:

Ըստ ՍՍՀՄ-ը քանդող ուժերի գործունեությունը գնահատող վերլուծական կենտրոնների եզրակացության, ՍՍՀՄ-ի քանդման պրոցեսում մեծ գործոն է հանդիսացել սովետական գիտական բյուրոկրատիայի առկայությունը: 90-ական թվականներին այս հանգամանքը չի վրիպել մեր ծաղկուն երկիրը քանդող ուժերի և նրանց հայտնի ղեկավարի աչքից: Այդ պատճառով 90-ական թվականներին նա (իսկ հետագայում իր հոգեզավակները) ձեռնամուխ եղավ հայկական գիտական բյուրոկրատիայի զարգացման գործին:

Ընթերցողին բացատրենք, թե ինչ բան է գիտական բյուրոկրատիան: ՀՀ-ում ներկայումս գործում է մասնագիտական աստիճանավորման հետևյալ գիտական համակարգը՝ բակալավր, մագիստր, գիտությունների թեկնածու, գիտությունների դոկտոր, ակադեմիայի թղթակից անդամ, ակադեմիկոս, ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիայի նախագահ: Այս աստիճաններով մագլցողներին հատկացվում է համապատասխան պետական դիպլոմ, իսկ պաշտոններին հավակնելու մրցույթներում, ըստ իրենց ունեցած դիպլոմի, տրվում է օրենքով նախատեսված մեծ առավելություն, և, սկսած գիտությունների թեկնածուի աստիճանից, նաև բավականին մեծ հավելավճարներ:

Ինչպես տեսնում եք՝ մեծ իմաստ ունի այս աստիճաններով մագլցելը՝ ձեռք բերելով տարբեր թղթեր, պետական դիպլոմներ, գիտական աստիճաններ, և ոչ թե բարձր մասնագիտական մակարդակ: Անցած 30 տարիների փորձը ցույց տվեց, որ մեր մասնագետների մեծ մասը հենց այսպես էլ վարվում են: Սա բերեց երկրում մասնագիտական գիտական մակարդակի ընդհանուր անկմանը, երկրում մասնագետ կադրերի պակասին: Անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ՝ վիճակը շտկելու համար: Այս նպատակով առաջարկվում է հետևյալ 7 քայլերի իրականացումը մեր երկրում.

1.Հայաստանի գիտությունների ակադեմիային տալ հասարակական կազմակերպության կարգավիճակ (հիմնավորումը նայիր մաս 1-ում):

2.Լուծարել գիտությունների պետական կոմիտեն, նրա որոշ անհրաժեշտ գործառույթների իրականացումը պարտադրել պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարություններին՝ նրանցում ստեղծելով համապատասխան բաժիններ (հիմնավորումը նայիր մաս 1-ում):

Այժմ շարադրենք և հիմնավորենք հոդվածաշար մաս 1-ում տեղ չգտած ևս 4 առաջարկներ.

3.Բացառել բոլոր գիտական աստիճաններ ունեցողներին պարգևավճար տալը, քանի որ բարձր կարգի մասնագետը՝ գիտնականը պետք է վարձատրվի իր կատարած աշխատանքի համար և ոչ թե ինչ-որ թղթի՝ դիպլոմի համար (այստեղից ես արդեն լսում եմ մեր պսեվդոմասնագետների-գիտնականների գոռգոռոցը, որոնք արդեն սովորել էին տարիներով ձրի փող ստանալ):

4.Պարզեցնել վերը նկարագրված գիտական աստիճանների համակարգը, դարձնել այն երկաստիճան, ինչպես տարածված է արտասահմանում: Առաջին աստիճանը ներկայացնում է բուհական կրթությունը, իսկ երկրորդ աստիճանը՝ հետբուհականը: Նախորդ կետի իրականացման պայմաններում սա կբերի՝

ա. պետական ֆինանսների խնայմանը,

բ. պետական դիպլոմների ձեռքբերման համար ներկայումս նկատվող անմիտ մրցավազքի վերացմանը և պետական բյուրոկրատիային բնորոշ ավելորդ թղթաբանության կրճատմանը, փոխարենը մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:

5.Ապահովել, որ գիտական աստիճանը հաստատող փաստաթուղթը ճանաչվի միայն այն հիմնարկի սահմաններում, որը շնորհել է տվյալ աստիճանը, այսինքն` դիպլոմը պետք է չունենա պետական ստատուս: Նա պետք է գործի և ճանաչվի միայն դիպլոմը տվող կազմակերպության սահմաններում, սա կբարձրացնի նաև գիտական աստիճան շնորհող հանձնաժողովի պատասխանատվությունը, կթուլանան կոռուպցիոն ռիսկերը, պայմանավորված խծբ-ով (խնամի, ծանոթ, բարեկամ) և կաշառակերությամբ: Ի հակառակ ներկա վիճակին, երբ մասնագետը ինչ-որ մի ձևի հասնում է գիտական աստիճանի, իսկ հարևան գիտական հիմնարկությունում ներկայանում որպես լիարժեք գիտնական և վարում բարձր պաշտոններ: Նման դեպքում վերանում է նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) անհրաժեշտությունը, խնայվում են պետական միջոցներ:

6.ԲՈւՀ-երում և գիտական հիմնարկներում, պաշտոնների համար հայտարարված մրցույթներում, օրենքով չնախատեսել գիտական աստիճանի առկայության փաստի առավելությունը մրցույթի մասնակցողների մյուս անդամների նկատմամբ: Այսինքն` առավելությունը տրվում է ոչ թե դիպլոմ ունեցողին, այլ մասնագետին, իսկ նրա մասնագետ լինելը որոշվում է նախորդ աշխատավայրերում կամ տվյալ աշխատավայրում գործունեության նախորդ փուլերում ձեռք բերած մասնագիտական արդյունքներով:

7.Փոխել գիտնականի, գիտական խմբի սպասած արդյունքի որակի գնահատման չափանիշները. պետական բյուջեից ներդրված յուրաքանչյուր դրամ պետք է ստեղծի հավելյալ արժեք: Արգելել սպասված գիտական արդյունքների հրատարակումը բաց գիտական մամուլում: Պատժել ՀՀ գիտկոմի ղեկավարներին, որոնք պահանջում են գիտխմբերի արդյունքները հրատարակել, և որոնք իրականացնում են մեր երկրում ստացված գիտական արդյունքների մատուցումը թշնամի երկրներին` թաքնվելով կեղծ լոզունգների տակ, թե մենք նպաստում ենք համաշխարհային գիտության զարգացմանը և հայկական գիտության ճանաչելիության բարձրացմանը: Իհարկե, կարելի է որոշ նյութեր տպագրել արտասահմանում, բայց եթե դրանք վերաբերում են համամարդկային թեմաներին (կենսաբանություն, տիեզերագիտություն, էկոլոգիա, փիլիսոփայություն և այլն), և եթե նման աշխատանքները ֆինանսավորվել են միջազգային գրանտների կողմից:

 

 

Ինչպես տեսնում եք, այս հոդվածաշարում ես չսահմանափակվեցի միայն լացելով և միայն ընթացիկ վիճակի բացասական կողմերը ցուցադրելով: Տրվեցին նաև որոշ հստակ լուծումներ: Սրանցով ես անտեսեցի գիտական բյուրոկրատիայի շատ անդամների անձնական շահերը (բայց ոչ պետական շահերը), և արդեն լսում եմ այդ կեղծ մտավորականների և կեղծ գիտնականների ողբը: Բայց ով պետք է իրականացնի այս առաջարկները: Իհարկե, դա կարող է անել միայն բարձր դիրքի պետական պաշտոնյան` մի որևէ «դուխով» տղա: Քիչ առաջ նման «դուխով» տղայի դերին էր հավակնում Նիկոլը: Դե քեզ տեսնենք, Նիկոլ: Բարձրացված հարցերի լուծումը քո մակարդակի հարց է, դու սկսիր, մենք քեզ կօգնենք: Ես Ձեզ դիմում եմ դու-ով, քանի որ ժողովուրդը վերջին ընտրություններին Ձեզ համարեց մեր մարդը:

 

Հարգելի ընթերցող, այս հոդվածը ավարտելիս ես պարտավոր էի նշել հեղինակի անունը: Ամաչելով հայտնում եմ, որ ունեմ սովետական գիտնականի բոլոր հնարավոր աստիճանները և կոչումները: Այդ պատճառով պատիվ եմ համարում ներկայանալ որպես՝ 1968 թվի հին (իսկական) Պոլիտեխնիկի շրջանավարտ՝ Էդուարդ Նշանի Մանուկյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28