Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը վերահաստատել է՝ Մինսկի խումբը Արցախի հարցով միակ ճանաչված ձևաչափն է

Փետրվար 17,2022 13:42

Եվրախորհրդարանն ընդունել է 2021թ. «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» զեկույցը, որում կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ Արցախյան բանակցություններում իր միջնորդական դերին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում և կոչ է արվում Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ իր միջնորդական դերին:

Զեկույցի հեղինակները նաև կոչ են անում Եվրամիությանը, ԵՄ անդամ երկրներին, ԵՄ նախագահի և բարձրագույն հանձնակատարի գրասենյակներին ակտիվորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն լուծում գտնելու և տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու գործում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու պատերազմից հետո առաջ եկած, հատկապես սահմանազատման ու մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցերը:

Փաստաթղթում նաև ԵՄ-ն վերահաստատում է իր «անսասան աջակցությունն» Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են նրանց անկախությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հարգանքը ժողովուրդների ազատ կամքի նկատմամբ:

Փաստաթղթում նաև կոչ է արվում ամբողջությամբ իրականացնել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ասոցացման, և Հայաստանի հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28