Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուները պատգամավորներ են

Փետրվար 17,2022 22:25

Չնայած Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը շարունակում է դեռ պաշտոնավարել, սակայն մարզում թեժացել են նրա պաշտոնանկության մասին լուրերը։ Ըստ Aravot.am-ի աղբյուրների՝ Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուների մեջ շրջանառվում է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի անունը։

Վերջինս մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ նման խոսակցություններից։ «Ես շարունակում եմ պատգամավորի իմ գործառույթը։ Շարունակում է իր գործառույթները իրականացնել նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Զարմանում եմ, ինչպե՞ս են նման լուրերը ծնվում»,-ասաց նա։ Իսկ մեր այն դիտարկմանը, թե առաջարկի դեպքում՝ կհամաձայնվի՝ Դանիելյանն ասաց․ «Այս պահին ես զբաղված եմ Սյունիքի մի շարք խնդիրներով, իսկ այդ մասով չէի ցանկանա զրուցել»։

Թե կոնկրետ ինչ խնդիրներ է լուծում պատգամավորը պատասխանեց՝ «թույլ տվեք չմանրամասնեմ»։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուներից մեկը, բացի Դավիթ Դանիելյանից, սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանն է։ Սակայն վերջինս հակասական կերպար է համարվում ու իշխանությունները հակված չեն նրա թեկնածությանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Դանիելյանը 2020 թվականի նոյեմբերին մասնակցել է Կապան համայնքի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Առաջադրվել էր նաեւ «Շանթ դաշինքը», որի ցուցակը գլխավորում էր Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։

Երեկ էլ աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։ Նա, ըստ որոշ տեղեկությունների, նշանակվելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28