Լրահոս
Օրվա լրահոսը

«Գումար աշխատելը չի կարող առաջնային լինել, Բիլ Գեյթսի չափ չես աշխատի»

Փետրվար 26,2022 12:30

Հայաստանում է աշխարհահռչակ դիրիժոր Վասիլի Պետրենկոն

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) փետրվարի 25-ին կայանալիք համերգը իրադարձություն է մեր մշակութային կյանքում. Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժորներից Վասիլի Պետրենկոն (Մեծ Բրիտանիա/ Ռուսաստան)։ Նա Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, Լիվերպուլի թագավորական նվագախմբի դափնեկիր դիրիժորը եւ Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը… Բոլորը չես թվարկի։ Իսկ որպես համաշխարհային առաջին մեծության համբավ վայելող դիրիժոր, նրա մասին ժամանակին հեղինակավոր Financial Times-ը գրել է. «Մաեստրոյի համերգներին մթնոլորտն ուղղակի ծայրաստիճան շիկացած է։ Սակայն դա չէ, որ հիացմունք է պատճառում բանիմաց եւ նրբաճաշակ ունկնդրին, այլ նվագախմբի ամբողջական ու ներդաշնակ հնչողությունը եւ այն զգացմունքայնությունը, որով նվագում են երաժիշտները…»։

Ֆիլհարմոնիկի հետ գլխավոր փորձից հետո ընդամենը մեկ հարց ուղղեցինք մաեստրոյին. այսօր բարձրակարգ երաժիշտների՝ վոկալիստների, ջութակահարների, դաշնակահարների, թավջութակահարների… ուղիղ ասած՝ առատություն է, ինչը չենք կարող ասել դիրիժորների մասին, որովհետեւ յուրաքանչյուրին տրված չէ իր «գործիքը»՝ նվագախումբ ունենալու հնարավորություն։ Ընդ որում, այսօր կարծես թե այդ ճանապարհը հարթում են մարքեթինքն ու PR-ը, մենեջերները, նաեւ հասկանալի է, որ ճանաչման, փառքի հասնելու համար հարկավոր են տաղանդ, ուսում, կատարելագործում եւ այլն։ Կարճ ասած՝ ինչպե՞ս դառնալ Վասիլի Պետրենկո։

Մաեստրոն պատասխանեց. «Ինչ խոսք, հաջողության հասնելու գրավականը բոլոր ժամանակներում նույնն է եղել՝ տաղանդ, աշխատասիրություն, լավ կրթություն եւ գործի հանդեպ անվերապահ նվիրվածություն։ Ճիշտ եք, ես ավելին կասեմ՝ այսօր մարքեթինգն ու PR-ը հրաշքներ են գործում, բայց ես ազնիվ երաժշտությամբ զբաղվելու եւ ստեղծելու կողմնակից եմ։ Երբեք գումար աշխատելը չի կարող առաջնային լինել պարզ պատճառով. միեւնույն է, Բիլ Գեյթսի չափ չես աշխատի (ժպտում է -Ս.Դ.)։ Եվ վերջապես, ո՞րն է դասական երաժշտության եւ դրանով զբաղվող երաժիշտների գոյության իմաստը՝ դարձնել այս աշխարհն ավելի լավը եւ ավելի բարի»։

Կայանալիք համերգի առիթով հրավիրված, հայ հանդիսատեսին ծանոթ վիրտուոզ դաշնակահար Սիմոն Տրպչեսկիին (Հյուսիսային Մակեդոնիա) հիշեցրինք ժամանակին մեզ հետ զրույցում իր հայտնած ցանկությունը՝ այնքան է հավանել Հայաստան աշխարհն ու հայերիս, որ պատրաստ է անգամ փոխել ազգանունն ու դառնալ Տրպչյան։ «Ես հիանալի հիշում եմ ասածս, հիմա էլ կարող եմ կրկնել, պատրաստ եմ ու սպասում եմ առաջարկի կամ գոնե ինծ համար երանելի օրվան»,- ասաց դաշնակահարը։ Հավելեց նաեւ, որ կայանալիք համերգը մաեստրո Պետրենկոյի ղեկավարությամբ, իր երազանքների շարքից է. «Հատկապես Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեմ երկարամյա համագործակցության փորձ։ Այդ կապն ավելի ամրացավ, երբ նվագախմբի գլխավոր դիրիժոր նշանակվեց մաեստրո Պետրենկոն»։

Տեղեկացնենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգին կհնչեն Վեբերի «Ազատ նետաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտը G dur եւ Բրամսի թիվ 1 սիմֆոնիան։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վասիլի Պետրենկոն եւ Սիմոն Տրպչեսկին

«Առավոտ» օրաթերթ
25.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28