Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանի գրքերի հաղթարշավի գաղտնիքը

Փետրվար 28,2022 12:00

Թերեւս զարմանալի թվա այսօրվա իմ անդրադարձը Աշոտ Աղաբաբյանի գրքերին, որովհետեւ արդեն բազմաթիվ են արձագանք-մեկնաբանությունները մամուլում, եթերում (առաջին իսկ վեպի՝ «Ռեզիդենտը» ծնունդից սկսած). ընթերցողների օրեցօր աճող ստվար մի բանակ, մի խոսքով, կարծես ամեն ինչ ասված է, բայց ինձ հետաքրքրում է հենց այս աննախադեպ հաղթարշավի գաղտնիքը:

Այսօր ժամանակը եւ կյանքը դրել են նոր պահանջներ՝ վերաիմաստավորել պատմությունը, մասնավորապես ոչ վաղ՝ 20-րդ դարի, թոթափել գիտակցորեն անտեսված ու լռության մատնված հիրավի պատմական, ճակատագրական իրադարձությունների, անունների մոռացության փոշիները, բացել-ուսումնասիրել փակ էջերը, բացահայտել այն բացառիկ հայորդիներին, որոնք իրական իսկական հերոսներ են: Միով բանիվ՝ նորովի գնահատել դեպքերն ու դեմքերը: Աշոտ Աղաբաբյանը քայլում է հենց այդ պահանջներին համընթաց, նրա գրքերը մեզ այդպիսի բացահայտում-հայտնությունների հեղեղ է փաստա-գեղարվեստորեն մատուցում՝ նոր խոսք ասելով գրականության մեջ: Աղաբաբյանը ունի մեկ նպատակադրված միտում՝ պեղել-գտնել եւ հանրությանը ներկայացնել հայի այդ հզոր տեսակի բացառիկներին (նրանց օրինակով պետք է կրթվեն ու դաստիարակվեն հայորդիները):

Առաջին բացահայտում-հայտնությունը եղավ տարիներ առաջ, երբ կարդացի «Ռեզիդենտը» վեպը, առաջին էջերից արդեն պարզ էր ինձ համար՝ հետո-ն` ի՞նչ է ասում այս գիրքը, հուսախաբ չի անի, դեռ ավելին խորհելու, մտորելու առիթներ կտա. եւ բազում հարցադրումներից գոնե երկուսը՝ «ինչպես»-ն ու «ինչու»-ն անընդհատորեն պատասխան կփնտրեն: Ընթերցողիս առջեւ բացվեց ցայսօր անհայտ հզոր, եզակի հայորդու բազմաշերտ հերոսական կյանքը. պրոֆեսիոնալ հետախույզ, քիմիական գիտությունների դոկտոր Հայկ Հովակիմյանի ոդիսականը (քանի՞ կյանք է ապրում հետախույզը), խոր դրամատիզմով լեցուն մի պատմություն, որի էկրանավորումը անըստգյուտ հաջողություն կբերեր ֆիլմարտադրողին: Գործողությունների, իրադարձությունների անընդհատությունը, սրընթացությունը ընթերցողիս աննկատ հասցնում են վեպի ավարտին՝ վե՞րջ:

«Մենակը» վեպը կարդացի առավել արագ, մեկ շնչով, որովհետեւ արդեն ծանոթ էր գրողի ոճը, անսեթեւեթ տողերը ինքնըստինքյան տանում-հասցնում են վերջակետին, մասնակիցը դարձնում դեպքերին, իրադարձություններին, անգամ զրույցներին. այստեղ փաստն ու գեղարվեստը ներդաշնակորեն միաձույլ են, որը վեպն առավել արժեքավոր ու հետաքրքիր է դարձնում: Վեպի հիմքում աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանն է, նրա առասպելական ոդիսականը, նրա դարակազմիկ հայտնագործությունները:

Հերոսը՝ Առնո Սարոյանը մարմնավորում է երկու հոգու՝ բարդ հոգեբանական երկու կերպար՝ հայտնի գիտնականի եւ գրողի, այսինքն՝ երկուսը մեկում: Հետաքրքիր մոտեցում է գրողի՝ մենակ մարդ-երեւույթի մեկնաբանում-ընկալումը, որ, ի դեպ, տարբեր ժամանակներում բազմիցս արծարծել, անդրադարձել են ամենատարբեր ասպարեզի մտածողները: Մենակության զգացողությունը եւ որպես կենսակերպ, եւ որպես կենսափիլիսոփայություն (ամբոխի մեջ, անգամ ընտանիքում մարդը մենակ է), եւ որպես պարզապես պարտադրված իրողություն, տարբեր մարդկանց մեջ տարբեր դրսեւորումներ են ունենում: Հաճախ այն դիտվում է որպես անկախություն՝ ինքնաբավականություն: «Միայնակությունը մտածողի պահանջմունքն է, շփվելը՝ սրտի պահանջմունք» (Ֆոյերբախ): Եվ ընթերցողը կրկին խորհում է հերոսների հետ: Մենակի երջանկությունն ու դժբախտությունը, հաղթողի բարդ հոգեբանական ապրումը, զգացողությունը՝ վերե՞լք է, փա՞ռք, ի վերջո արդյոք այդտե՞ղ է բնակվում երջանկությունը, եթե այո, ինչո՞ւ է Հաղթողը՝ մենակ (Պաուլո Կուելյո). նա բացառիկն է, ընտրյալը, մենակը: Եվ ապա տեսնում ենք զուգահեռ մենակ մարդ- մենակ գայլ, ասուն եւ ոչ ասուն զուգահեռ, որով առավել խորքային է դառնում կերպարը: Միայն մեկ հարց՝ մնում է ընթերցողի ընկալման-հայեցողությանը. արդյոք գայլի կենսակերպը չէ մենակ լինելը: Իսկ մահկանացու մարդու համար, չէ՞ որ սուրբ գիրքը հուշում է՝ Լավ չէ, որ մարդը միայնակ լինի /ծննդոց/, ուրեմն կան տեսանելի եւ անտեսանելի պատճառներ, որոնք մենակության են ծնում-բերում. մարդկային հարաբերություններում սողոսկած ճղճիմ խարդավանքները, նախանձը, չարությունը, չկամությունը, որոտներ, որոնցից թողնել-հեռանալ-մենանալու ցանկություն է լինում: Այս մասին եւս ընթերցողը երկարորեն կխորհի:

Աշոտ Աղաբաբյանի հաջորդ՝ «Թակարդ» վեպը առավել անհավանական, անիրական հերոսի` Ջոն Հանիսյանի առասպելական իրադարձություններով լեցուն կյանքի մասին է: Առաջին հայացքից, այո, անիրական է թվում, մտածում եմ՝ միգուցե գրողի վառ երեւակայության արդյունք է այս հզոր անհատը, եւ ոչ մեր ժամանակակիցը: Բայց անհերքելի փաստերը խոսում են եւ համոզում. այո, մեր ժամանակակիցն է, մեր կողքին է իսկական հերոս, անհավանական թվացող գործողությունները, արարքները, հայրենիքին մատուցած ծառայությունները առավել շոշափելի են հատկապես մեր օրերի արցախյան գոյամարտում: «Մարդու քաջությունը սաստկանում է վտանգի չափով, զորությունը՝ տառապանքի աստիճանով»,- գրում է Շիլլերը, Ջոն Հանիսյանի կերպարում քաջությունն ու զորությունը մեկտեղվում են, դեռ ավելին՝ սահմանային, ճգնաժամային, օրհասական իրավիճակներում նա աննկուն կամքով զսպում է հոգու փոթորիկը, առանց խուճապի, հավասարակշիռ փնտրում-գտնում ելքեր:

«Գաղտնիքների տիրակալը» գիրքը կրկին անհավանական թվացող մի պատմություն է՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Հովհաննես Աղայանցի սխրանքներով, դրամատիզմով լեցուն կյանքն է, որ հպարտության զգացումով է համակում հոգիս. 20-րդ դարի սովետական հետախուզության պատմության մեջ իրենց առանձնահատուկ անուրանալի դերակատարություն ունեն հայորդիները՝ Հայկ Հովակիմյանը, Հովհաննես (Իվան) Աղայանցը:

Կրկին փաստերի հեղեղ, բազմաշերտ ասելիք, իրադարձությունների սրընթացություն, այս անգամ արդեն 2-րդ համաշխարհային եւ Հայրենական պատերազմի ծանր, ճակատագրական տարիները, այնուհետ դրան հաջորդող ոչ դյուրին տասնամյակները, որոնք եւս լեցուն են դարակազմիկ իրադարձություններով: Աղաբաբյանը հմտորեն, համակարգված մեկիկ-մեկիկ աննկատ ներկայացնում է փաստերը՝ պարզ, առանց խճողումների պատմում է թվացյալ հանդարտությամբ՝ բացառելով հավանական լարվածությունը: Այսպես պարզ, մատչելի լեզվով եւ կրկին համոզվում ես թումանյանական իմաստության մեջ՝ ուժը պարզության մեջ է:

Եվ Աղաբաբյանի վեպը գրավում է ընթերցողին նաեւ դրանով:

Բոլորովին այլ է «Վերջին անգամ ենք ապրում» վեպի հերոսը, այստեղ արդեն բացահայտում ենք ի վերուստ տրված դյուցազունի, մի նոր Տորք Անգեղի, որի եւ մարմնական, եւ ֆիզիկական, եւ հոգեւոր ուժը պարգեւ է, շնորհ է: Ինչպես սուրբ գիրքն է վկայում՝ նրան գիտեր եւ իր ծրագիրն ուներ դեռ չծնված: Հերոսը մեր ոչ վաղ անցյալի՝ 20-րդ դարի 30-40-ական թվականների աշխարհի ամենաուժեղ մարդն է, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանը: Վեպը նրա բուռն, դրամատիկ իրադարձություններով հարուստ կյանքի մասին է: Նրա կերպարը ոչ միայն ճանաչողական է, այլ նաեւ ուսուցողական, դաստիարակչական, ընթերցողին հմայում է նա որպես քաղաքացի, որպես հայրենասեր, արժանապատիվ հայորդի: Եվ կրկին նորանոր բացահայտումներ՝ ժամանակաշրջանի մասին, քիչ թե շատ ծանոթ -անծանոթ դեպքերի ու դեմքերի (պատմությունից հայտնի) մասին, նոր լույս սփռում մեր՝ ընթերցողներիս իմացած-չիմացածին: Այն, ինչ որ պետք է իմանայինք պատմության դասագրքերից, կամ ֆիլմերից:

Աղաբաբյանի այս բոլոր վեպերի հերոսների հոգեբարոյական, հոգեմտավոր նորմերը կեցութային կայուն համակարգ են ներկայացնում, ամեն մեկը հատուկ իր տեղում է, նրանց միավորում է մեկ արժեհամակարգ՝ հոգին անհաղորդ է երկրային փառքին, նրանք ամենից առաջ ժողովրդին են, հայ ազգին են, եւ դրանով էլ սիրելի ու հարազատ են ժողովրդին: Աշոտ Աղաբաբյանի հերոսները, մեկը մեկից հզոր, տպավորիչ, ցնցող, նրանց անօրինակ սխրանքները կրկին հավաստում են, որ «թեպետ փոքր ազգ ենք… բայց մեր աշխարհում եւս կատարվել են քաջության բազում գործեր, որոնք արժանի են գրավոր հիշատակի»:

Այսպես է, Աշոտ Աղաբաբյանը հմուտ երկրաբանի նման պեղում-գտնում է իրական, իսկական հզոր անհատների, հերոսների, ստեղծագործելու տաղանդով, նոր խոսք ասում վիպագրության ասպարեզում: Սահուն, գրագետ, հաճախ հումորով լեցուն երկխոսություն-մենախոսություններով առավել հետաքրքիր է դարձնում վեպը: Ընթերցելը հաճելի է, անձանձիր: Այսօրվա ընթերցողին այսպիսի գրականություն է գրավում:

Գայանե ԱԹԱՆԵՍՅԱՆ

Բանասիրական
գիտությունների թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
26.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28