ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել է ՔՊ-ի ներկայացրած՝ տնտեսագիտության դոցենտ, մանկավարժ, մասնավոր հատվածում ֆինանսական տնօրենի, հաշվապահի փորձառություն ունեցող, սեպտեմբերից մինչեւ այսօր ԱԺ նախագահի խորհրդական, Երեւանի ավագանու գործող անդամ (թվարկված պաշտոնները կասեցվելու են ընտրվելու դեպքում․-հեղ․) Լեւոն Սահակի Սահակյանի թեկնածությունը։
Ելույթում թեկնածուն անդրադարձավ, այդ թվում համաշխարհային գնաճի միտումներին եւ հնարավոր ազդեցությանը հայաստանյան տնտեսության վրա։ «Համավարակի տարածմամբ աշխարհը կանգնեց գնաճի համաշխարհային ֆենոմենի առաջ։ Սակայն շոկերի արդյունքում նախորդ տարի դիտվել է տնտեսական ակտիվության սպասվածից ավելի վերականգնում, երբ միաժամանակ պահպանվում էին մատակարարումների խափանումները։ Գնաճի տեմպերն արագացան հատկապես գործընկեր երկրներում եւ տարածաշրջանում»,-նշեց Լեւոն Սահակյանը։
Նրա խոսքով՝ պատկերն էական փոխվել է վերջին աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով․ «Այս պահին անորոշությունները մեծ են, քան երբեւէ․ գործընկեր երկրի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների գործիքակազմը փոխվում է շատ արագ եւ կտրուկ՝ ֆինանսականից անցում կատարելով նաեւ տնտեսականի։ Զուգահեռ ականատես ենք լինում հայելային արձագանքների, որոնք կիրառվում են ՌԴ-ի կողմից։ Աննախադեպ է որեւէ երկրի պահուստի հանդեպ պարալիզացումը։ Այս ամենի ազդեցության վերջնական գնահատական տալը դեռ վաղ է, որովհետեւ գործընթացը ոչ դադարել է, ոչ էլ հայտնի է, թե զարգացման ինչ սցենար կլինի»։
Այս իրավիճակը, թեկնածուի խոսքով, Հայաստանին պարտադրում է դիտահորիզոնում քննարկել բոլոր հնարավորությունները․ «Ունենք անհրաժեշտ կայունության այն պաշարը, որը թույլ կտա կլանել նյութականացվող ռիսկերը եւ հնարավոր մարտահրավերները հաղթահարել առանց ցնցումների»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































