Լրահոս
Օրվա լրահոսը

Օդեսա փառատոնի մեկնած 15-ամյա գյումրեցի աղջկա ու նրա ուսուցչուհու վերադարձը հայրենիք ձգձգվում է

Մարտ 05,2022 19:25

Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի սան, 15-ամյա քանոնահարուհի Լալա Իսկանդարյանը, որը փետրվարի 22-ին իր ուսուցչուհու հետ մեկնել էր Օդեսա՝ «Օդեսա Օլիմպ» միջազգային փառատոնին մասնակցելու (պաշտոնական բացումը սկսվելու էր նրա ելույթով), չի կարողանում վերադառնալ հայրենիք։ Նրանց վերադարձը ձգձգվում է։

Մայրը՝ Սուսաննա Թորոսյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ դեռ հայտնի չէ՝ ե՞րբ կվերադառնան և ո՞վ կհոգա ծախսերը․ տոմսերը թանկացել են, իսկ հայկական կողմից թռիչքներ դեռ չեն կազմակերպվում։

Նա պատմեց, որ Օդեսա գնալու ծախսերը հոգացել էին իրենք՝ ծնողները՝ անգամ հետադարձ տոմս գնելով։ Նրանք պիտի վերադառնային մարտի 1-ին, սակայն Օդեսա մեկնելուց ու երկու օր շարունակ փորձերին մասնակցելուց հետո սկսվել է պատերազմը։

Նրանք Ուկրաինայի հայ համայնքի ու դեսպանատան օգնությամբ մի կերպ տեղափոխվել են Մոլդովա։  Փառատոնին չեն հասցրել մասնակցել, բացի փառատոնից համերգներ էր նախատեսված հայ համայնքի ներկայացուցիչների համար, հատուկ մի ելույթ էլ պիտի հնչեր՝  Օդեսայում բնակվող դուդուկահար Նարեկ Ավետիսյանի նվագակցությամբ։

Սուսաննա Թորոսյանի ասելով՝ նրանց դուրս գալուց հետո մեկ օր անց քաղաքը ռմբակոծել էին։

«Օդեսայի հայ համայնքը դեսպանատան միջոցով նրանց հասցրել էր Մոլդովայի սահման։ Ոտքով են հասել, եղել է ցուրտ, բուք, մոտ 4 կիլոմետր քայլել են։ Մոլդովայում  նրանց դիմավորել է հայ հյուպատոսը, տարել հանրակացարան։ Ճիշտ է՝ լավ պայմաններ չեն եղել, բայց մարդ կա, որ ձյան վրա  է քնել՝ սոված-ծարավ, լավ է, որ իրենք քնելու տեղ ունեցել են։

Մոլդովայում ասել են, թե 100 հոգի պիտի հավաքվեն, որպեսզի թռիչք կազմակերպենք դեպի Երևան։ 85 հոգի են հավաքվել, բայց հետո հյուպատոսարանից պարզաբանել են, թե ռեալ չէ, դեռ օդի մեջ է խոսակցությունը։

Աղջիկս ասում է, որ շատ թանկ է այնտեղ մնալը․ Ուկրաինայում իրենց մոտի գումարը վերածել էին գրիվենի, պատերազմի ժամանակ չեն հասցրել փոխել, իսկ Մոլդովայում մեծ խնդիրներ են առաջացել ուկրաինական տարադրամը մոլդովական լեյով փոխանակելու ժամանակ։ Չեմ խոսում այն մասին, որ նրանց մոտի գումարը սպառվում է։ Երեխան էլ չի դիմանում, առաջին անգամ է տանից հեռացել, ամբողջ օրը լաց է լինում, հույս ենք տալիս, թե շուտ կգաս, բայց մտահոգված ենք՝ երբ պիտի գան»։

Մայրը պատմեց, որ երեկ ամբողջ օրը թակել են պետական կառույցների դռները, զանգահարել արտգործնախարարություն ու դեսպանատներ։ Մոլդովայում հայ համայնքից նրանց ասել են, որ տոմսը պիտի գնեն ծնողները, որ կարողանան վերադառնալ հայրենիք։

«Վարդուհի» արվեստի դպրոցի ուսմասվարի ու 15-ամյա աղջկա ծնողների ահազանգից հետո նրանց Մոլդովայից տեղափոխել են Ռումինիա։

Այս պահին նրանք դեռ գնացքի մեջ են։ Ըստ մեր զրուցակցի, իր 15-ամյա դուստրը փոխանցել է, որ շաբաթ-կիրակի կմնան Բուխարեստում մինչև տեսնեն՝ երբ կկազմակերպվի թռիչքը։

«Մեզ երեկ ցերեկը հայ համայնքից ասացին, որ դուք պիտի վճարեք, ձեր ուժերով կազմակերպեք վերադարձը։ Մենք էլ դեսպանատուն, արտգործնախարարություն դիմեցինք, գնացինք Շիրակի մարզպետարան, մարզպետարանից ևս կապ հաստատեցին արտգործնախարարության հետ, իրենք միջամտեցին, ու Փառք Աստծո իրենց ծախսերով տեղափոխեցին Ռումինիա։

Դեռ տեղ չեն հասել, գնացքի մեջ են, խոստացել են, թե ձեզ կտանենք, կտեղավորվենք, Բուխարեստում պիտի մնան, հետո տեսնենք՝ ինչպե՞ս կվերադառնան։ Սնունդ էլ էին տվել, մենք ասել էինք, որ մոտների գումարը պրծնում է, երկու օր էլ դիմանան, բայց հետո ինչպե՞ս ապրեն։ Հիմա էլ շատ անհանգիստ ենք, թե երբ պիտի վերադառնան։ Իհարկե, անչափ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս նեղ օրերին կանգնեցին մեր կողքին։

Աղջիկս պատմում է, որ գնացքով Քիշինևից հասել են Յասի, որտեղ նրանց վիզա են խփել, այնտեղից փոխել են գնացքը, նոր գնացք են նստել։ Նախորդ գնացքի ուղեկցողներից մեկը հայ է եղել ու նրանց ասել է՝ տրամադրություններդ մի գցեք, ես էլ եմ պատրաստ օգնելու, հարց կլինի ինձ էլ դիմեք։ Աղջիկս ասում է՝ գնացքի մեջ  տարբեր ազգերի ներկայացուցիչներ կան, սակայն ամենաշատը հայեր են։

Գոնե շուտ կազմակերպեն վերադարձը, կիսամարդ եղանք,  էս ինչ օրեր ապրեցինք»,- ասում է 15-ամյա աղջկա մայրը։

Մենք պարզաբանումներ կստանանք նաև արտգործնախարարությունից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031