Լրահոս
Օրվա լրահոսը

Օբյեկտներում աղի կիրառումը սահմանափակում են, քանի որ օրեկան 5 գրամի փոխարեն մեզ մոտ կրկնակի է՝ 9,8 գրամ ենք օգտագործում. Մարիամ Մնացականյան

Մարտ 09,2022 17:52

«Պետք է բարձրացնել առողջ ապրելու մշակույթը, աղի չափավոր օգտագործումն էլ մտնում է այդ մշակույթի մեջ: Միգուցե այս կիրառվող մեթոդը շատ ավելի խիստ եւ կոպիտ է, բայց ես չեմ ուզում քննարկել դրա կիրառման մեթոդը: Աղի սահմանափակումը թվում է՝ մանրուք է, բայց շատ կարեւոր է հիպերտոնիկ, իշեմիկ հիվանդություն ունեցողների համար»,-այսօր առողջապահության նախարարությունում կազմակերպած ասուլիսում կարծիք հայտնեց սրտաբան, սրտաբանության գծով առողջապահության նախարարության խորհրդատու Համլետ Հայրապետյանը՝ մեկնաբանելով աղի կիրառումը սահմանափակող աղմկահարույց նախագիծը: Սրտաբանն ասաց, որ մահվան դեպքերի վիճակագրության կեսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններից մահերին:

Նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը նշեց, թե հետազոտությունները ցույց են տվել, որ աղի օգտագործումը չափազանց բարձր է մեր բնակչության շրջանում. «Այն առավելագույն քանակը, որը տալիս է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ օրական 5 գրամն է, մեզ մոտ կրկնակի է՝ 9,8 գրամ: Ընդ որում` տղամարդիկ ավելի շատ են աղ օգտագործում: Եվ հենց տղամարդկանց շրջանում էլ սրտանոթային հիվանդությունների տոկոսը բարձր է: Շատ անգամ մարդիկ աղն ավելացնում են առանց փորձելու, ինչն արդեն վարքագծային մակարդակով է արվում: Այս վարքագիծը պետք է փոխենք, որի համար իրականացվում են տարբեր միջոցառումներ եւ տնտեսվարողներին ներկայացված պահանջը միակը չէ»:

Հարցին՝ աղը յոդացվում է, քանի որ մեր երկիրը դասվում է յոդի պակասորդ ունեցող երկրների շարքին, աղի կրճատումն արդյոք չի՞ վնասի մարդկանց առողջությանը, Մարիամ Մնացականյանը պատասխանեց, որ յոդի պակասով պայմանավորված հիվանդությունների առկայություն այս պահին չունենք, ինչի մասին վկայում են հետազոտությունները. «Աղը միջազգայնորեն է խորհուրդ տրվում յոդացնել, եւ, եթե աղի օգտագործումը հասցնենք գոնե այն 5 գրամ շեմին, յոդի պակասի չի բերի: Բացի այդ, սեղաններից հեռացնելով աղամանը, շատ քիչ տոկոսով է իջեցնելու աղի սպառումը: Պետք է հացի մեջ նվազեցնել, որն ամենաշատ սպառվող ապրանքն է»:

Սրտաբանն ասաց, որ եղանակային եւ նաեւ վարքագծով պայմանավորված՝ սրտանոթային խնդիրները մեր երկրում սրվել են եւ արդեն կլինիկաներում առաջանում է մահճակալների խնդիր: Ասաց նաեւ, որ խնդիրը առողջականից բացի՝ նաեւ սոցիալական է: Բայց, ըստ Համլետ Հայրապետյանի, ինչ-որ առումով էլ սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է ախտորոշման բարելավմամբ պայմանավորված:

Բժիշկն ասաց, որ այս խնդիրը բնորոշ չէ միայն Հայաստանին. «Օրինակ՝ Գերմանիայում մահերի մեջ սրտանոթային հիվանդությունները 40 տոկոս են կազմում: Հիմնականում սրտամկանի եւ գլխուղեղի կաթվածներն են մահացության պատճառը: Ոչ վարակիչ հիվանդությունների տարածումը մեծապես կապված է հասարակության վարքագծի հետ եւ վարքագիծը մեկ-երկու տարում փոխելը բավականին բարդ խնդիր է»:

Մարիամ Մնացականյանի խոսքով՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետն ու շնչառական ուղիների հիվանդություններն այսօր հսկա բեռ են առողջապահական համակարգի վրա: Ըստ նրա, անցյալ տարի առողջապահության նախարարությունը մշակել է, կառավարությունն էլ հաստատել է առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը:

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն էլ նշեց, որ մեր երկրում իրականացվող հակածխախոտային ծրագիրը լուրջ ներդրում է մարդկանց առողջությունը պահպանելու հարցում, այն հատկապես իր ազդեցությունը կունենա վերջին տարիներին կատարած խստացումներից հետո:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031