Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ուկրաինական պատերազմը վերջին մեխն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի դագաղին. «Առերեսում»

Ապրիլ 09,2022 23:00

Մինչ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն էր ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն հայտարարել. «Պետք է հնարավորության դեպքում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները հեռացնել Ռուսաստանի մենաշնորհից»:

Եվ ահա այդ հանդիպումից հետո ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Ուշադրությունս գրավեց, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո պարոն Միշելի տարածած կոմյունիկեում ոչ մի անգամ ոչ մի տեղ չի հիշատակվում ՌԴ-ն: Դա արդեն վկայում է այն՝ ինչն է ավելի կարևոր ԵՄ ղեկավարության համար՝ զարգացնել արդեն ձեր բերածը կամ ղարաբաղյան այս թեման էլ օգտագործել սեփական ռուսատյաց գիծը ևս մեկ անգամ ընդգծելու համար»:

Հարցին՝ տեսնո՞ւմ է միտում ՌԴ-ին մեկուսացնելու բանակցային գործընթացից՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը մասնավորապես պատասխանեց, թե իսկապես մոտեցում կա Ռուսաստանը դուրս բերելու տարածաշրջանից. «Փորձել ազատվել նաեւ ՌԴ ազդեցությունից, որը գնահատվում է վնասակար. այդ թվում՝ հայկական որոշ շրջանակներ են դրա մասին խոսում, թե Ռուսաստանը լավ դաշնակից չէ, հավուր պատշաճի չի օգնության հասնում իր ռազմավարական գործընկերոջը: Եվ այդ համատեքստում ենք եթե գնում խաղաղության, եթե կոպիտ ձեւակերպեմ՝ Ռուսաստանն այն տղան է, որ եկել-կանգնել է երկու կռվարարների միջեւ, որ իրար չծեծեն: Հիմա եթե նրանք որոշում են, թուղթ են ստորագրում, որ իրար չեն ծեծի, հաշտվել են՝ Ռուսաստանի դերն այստեղ չկա; Բնականաբար, Ադրբեջանը եւս շահագրգռված է ռուսական խաղաղարար զորակազմի դուրս բերմամբ տարածաշրջանից: Դա բխում է նաեւ Արեւմուտքի շահերից: Եվ Հայաստանում էլ կան որոշ շրջանակներ, որոնք այդ օրակարգն են առաջ մղում, փորձելով դեռեւս մանեւրել»:

«Ես չգիտեմ՝ հետագայում ինչ ճակատագիր է ունենալու Մինսկի խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսատյացության արշավի ընթացքում ձգտում են չեղարկել այն ամենն, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղյան խնդրի կարգավորումը և ընդհանուր առմամբ՝ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է»,- համատեղ ասուլիսում ասել էր Լավրովը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այս առնչությամբ պնդել էր, թե «Դա Լավրովի ընկալումն է»։ Իսկ Արարատ Միրզոյանը տեղում էր ասել, թե «ինձ որոշակի այլ լուրեր են հասնում՝ հաշվի առնելով այն շատ կոնկրետ ազդանշաններն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ համանախագահներից և բազմաթիվ այլ երկրներից»: Հայաստանի ԱԳ նախարարը վստահեցրել էր. «Միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում»:

«Չեմ կարծում, թե դա Լավրովի ընկալումն է: Իմ կարծիքով, դա օբյեկտիվ իրականություն է: Ակնհայտ է, որ Արեւմուտքը Ռուսաստանի տոտալ մեկուսացման քաղաքականություն է վարում՝ բոլոր ուղղություններով, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող բացառություն լինել»,- ասաց «Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Նա զրույցի ընթացքում ավելի վաղ էլ էր պնդել. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը մեծ հաշվով, գործնականում կարծես թե գոյություն չուներ նույնիսկ մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը: Ինչ որ հայտարարություններով հանդես էին գալիս, այցեր եղան, բայց գոյություն չուներ գործնական բանակցային գործընթաց այդ ձեւաչափի ներքո: Պատճառը պարզ է՝ Ադրբեջանը հրաժարվում էր այդ ձեւաչափով որեւէ բանակցություն անցկացնել: Ալիեւը նույնիսկ հրապարակայնորեն ծաղրում էր Մինսկի խմբի համանախագահներին: Մեծ հաշվով՝ ռուս-ուկրաինական պատերազմը վերջին մեխն էր այս ձեւաչափի դագաղին, եւ Լավրովի հայտարարությունն այդ առումով անակնկալ չէր»:

Ադրբեջանի հարցերով փորձագետը քիչ անց նկատեց. «Նաեւ Ռուսաստանն է իր մեղքի բաժինն ունեցել, որ Մինսկի խումբն արդյունավետ ի գործել նոյեմբերի 9-ից հետո, քանի որ իրենք փորձել են առավելագույնս իրենց ձեռքը վերցնել լծակները, եւ այդ ֆոնին Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դերակատարությունը բավական հետին պլան է մղվել»: Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի՝ Լավրովը «քարոզչական քայլ է անում՝ փորձելով մեղքը բարդել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի վրա, թե զոհում են Հայաստանի շահերն իրենց ռուսաֆոբ հետաքրքրություններին»:

Տիգրան Գրիգորյանը կանխատեսեց. «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, իմ կարծիքով, Մինսկի խմբի ձեւաչափին փոխարինելու են գալու այս երկու մրցակցող միջնորդական առաքելությունները՝ Եվրամիության եւ Ռուսաստանի: Տեսնում ենք, որ ՌԴ ԱԳ նախարարը արդեն իսկ հակասություններ է տեսնում այն հանդիպման միջեւ, որ տեղի է ունեցել Բրյուսելում եւ ՌԴ առաքելության գործողությունների միջեւ՝ փորձելով շեշտել, որ բոլոր պայմանավորվածությունները մինչ այդ էին ձեռք բերվել՝ Սոչիում, եւ սա միայն շարունակությունն է այդ գործընթացի»:

Տաթեւիկ Հայրապետյանը նաեւ նշեց. «Կարծում եմ՝ պաշտոնական Երեւանը հստակ չէ իր դիրքորոշումներում: Մի կողմից գնում է Բրյուսել, եւ այնտեղից ասում, թե կարգադրում են ԱԳ նախարարներին զբաղվել խաղաղության համաձայնագրով: Իսկ այստեղ հայտարարում են, թե դիմել են Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու համար: Այսինքն՝ պետք է քո միջազգային գործընկերները հասկանան, թե ինչ ես ուզում. գնում՝ մի տեղ մի բան ես խոսում, մեկ այլ տեղ՝ ուրիշ. Այստեղ լուրջ խառնաշփոթ է առաջանում»:

 Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930