Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի, չէին խոսի «Զանգեզուրի միջանցքի» մասին»․ Արթուր Վանեցյան

Ապրիլ 18,2022 23:33

«Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի,  չէին խոսի միջանցքի մասին, անընդհատ չէին փորձի մեզնից նոր տարածքներ վերցնել»,- Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Լրագրողները Արթուր Վանեցյանին հիշեցրին իր հայտարարությունը, որտեղ կարծիք է հայտնել, որ եթե հասել ենք այս հանգրվանին, կարելի էր թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին, բայց որևէ բան չստորագրեինք՝ Քարվաճառ, Լաչին չտայինք։ Այնուհետև փաստեցին՝ փաստորեն հիմա պայքարում է Արցախի համար ու հարցրին՝ ուստի այստեղ հակասություն չկա՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Լրագրողն ինձ հարց տվեց՝ իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե լինեիք իշխանությունների փոխարեն, եթե թշնամին հասնում էր Ստեփանակերտ, պիտի գրավեր այն։ Ես ասացի՝ ավելի լավ էր որևէ փաստաթուղթ չստորագրել։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նա այդ փաստաթուղթը ստորագրել է, քանի որ Արցախի տարածքում եղել է 25 հազար հայ զինվոր, իբր նրանց կյանքն է փրկել։ Ասացի՝ ավելի լավ էր որևէ բան չստորագրել, զորքերը հետ քաշել դեպի Քարվաճառ, Լաչին, որպեսզի հարյուր տոկոս պաշտպանված լինեին ՀՀ սահմանները՝ Գեղարքունիքը, Սյունիքը։ Որևէ կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ չստորագրելով՝ կապահովեինք ՀՀ-ի սուվերեն տարածքի պահպանությունը, կպահպանեինք մի իրավիճակ, որ դիվանագիտական ճանապարհով ինչ-որ ժամանակ կհասնեինք Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիային, ոչ թե կլինեինք պարտվողական դիրքում, կմտածեինք ոչ թե միայն Արցախի, այլև ՀՀ-ի համար։ Մեկ տարուց ավելի է ՀՀ տարածքում 41 քառակուսի կիլոմետր զբաղեցնում են թշնամու զինված ուժերը»։

Արթուր Վանեցյանը չցանկացավ անդրադառնալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մեղադրանքներին։ Նա մասնավորապես գրել էր․ «Եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախներ Շոշ գյուղից` Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի Նոյեմբերի սկզբին ադրբեջանցիները հարձակվում էին Շուշիի ուղղությամբ։ Մարտեր հասան Շոշ գյուղ (և ոչ միայն Շոշ)։ Այդ ժամանակ Վանեցյանի գումարտակը ավարտել էր ֆոտոսեսիաները և հասել Արցախ ու, զարմանալի չէ, որ ԶՈւ ղեկավարությունը որոշեց որոշ հատվածներ վստահել Վանեցյանենց։ Տեղակայման դիրքեր հասնելուն պես տարածքում մի երկու արկ ընկավ և, սիրուն ֆոտոսեսիաներ անցած գումարտակը, գեներալ Վանեցյանի առաջնորդությամբ, փախավ այդ գյուղից։ Երևի մտածում էին, որ գնալու էին առաջնագիծ` ֆոտոսեսիան շարունակելու և սարսափելի վախեցան, երբ բացահայտվեց, որ, դու մի ասա, պատերազմ է։ Հետո իրենք դա արդարացնում էին նրանով, թե, իբր, իրենց սխալ տվյալներ էին տվել տարածքում ադրբեջանցիների քանակի մասին։ Բայց դե ո՞վ է փախնելուց ընդունում, որ վախկոտ է, բոլորն էլ մի բան հորինում են։ Հիմա Վանեցյանը մեղավոր (մեղսակից) չի՞, որ Արցախը ու բոլորիս անվտանգությունը էս տխուր օրին են։ Հ.Գ. Հստակեցնեմ, որ Վանեցյանի գումարտակում կային մի քանի դուխով կռվողներ, բայց երբ հրամանատարն ու գումարտակի մեծ մասը փախնում է` մնացածի չնահանջելն անիմաստ է դառնում»։

Այս առիթով Արթուր Վանեցյանը միայն ասաց․ «Ես չեմ ուզում մեկնաբանել ինչ-որ մի՝ չգիտեմ ում։ Ասեմ մի բան, այդ հարցն էլ փակենք։ Գրել է, որ իբր ես՝ իմ «Հայրենիք» ջոկատով փախել եմ Արցախից, Շոշ գյուղից, ու դա է պատճառը, որ այսօր Արցախն այս վիճակում է։ Հիշում եք՝ նոյեմբերի 9-ի գիշերը, ինչ-որ մի բունկերից, հիստերիկ լայվով մեկը գոռում էր, որ «Հայրենիքի» գեներալը փախել է ու պետք է դատվի։ Հիշում եք, որ հետո քրեական գործ հարուցվեց, հետո կարճվեց։ Այդ գործի հիմք է հանդիսացել ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառումը։ Դա փաստաթուղթ է, վրան ստորագրել է գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, քննիչները և մնացածը։ Դրանով եկեք այդ հարցը փակենք ու մոռանանք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930