Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիան» հաստատեց. Գնում է «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն եւ ինքն էլ կիրականացնի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը

Ապրիլ 26,2022 19:30

Երեկ Aravot.am-ը լուր էր հրապարակել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ձեռք է բերում «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս» ընկերությունը: Հիշեցնենք, որ «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս» ՍՊԸ-ն իրականացնում է ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը հանրապետության ողջ տարածքում:

Մեր բանավոր հարցերին ի պատասխան, «Գազպրոմ Արմենիա»-յի լրատվական բաժնից ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էին այս տեղեկությունը՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր: Այսօր ընկերությունից ստացանք մեր հարցերի գրավոր պատասխանները: «Գազպրոմ Արմենիա»-յից հաստատեցին Aravot.am-ի տեղեկությունը՝ նշելով, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի համապատասխան որոշմամբ թույլատրվել է «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գնման գործարքի իրականացումը, որը ներկայում ընթացքի մեջ է։

Ըստ ընկերության պատասխանի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի,  ՀՀ կառավարության եւ պատկան կառույցների միջեւ տեւական ժամանակ քննարկումներ են ընթացել ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության գործառույթների շուրջ եւ վերը նշված գործառույթների հետ կապված հարցը ներկայացված  էր նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջը՝ «Գազպրոմ» ՀԲԸ-ին:

Ընկերությունից նաեւ տեղեկացնում են, որ տեխնիկական եւ կազմակերպչական մի շարք ընթացակարգերի ավարտից հետո ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության գործառույթներն իրականացնելու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  08.07.2005թ․ N95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններով սահմանված պահանջների համաձայն։

Մեր այն հարցին՝ ի՞նչ գնով է «Գազպրոմ Արմենիան» ձեռք բերել «ԷՅ-Ի-ՋԻ-Սերվիս»-ը, ընկերության լրատվական ծառայությունից Aravot.am-ին հայտնել են, որ գործարքի գինը որոշվում է անկախ գնահատողի կողմից համապատասխան ուսումնասիրությունների իրականացման արդյունքում։

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930