Լրահոս
Օրվա լրահոսը

Ես էլ չեմ ուզում պատերազմ, խաղաղության կողմնակից եմ, բայց դա այն դեպքում, երբ ամրացրել ենք մեր սահմանները. Հրանտ Թոխատյան

Ապրիլ 28,2022 23:20

«Միասնականություն ասելով, չգիտես ինչու, պատկերացնում ենք ՀՀ-ում բնակվող 2 միլիոն մարդ միանգամից պետք է դուրս գան ու հավատան: Էդպես երբեք չի լինում: Էդպես չի եղել 90-ականներին, անգամ 2018 թվականին այդպես չի եղել»,-ասաց դերասան Հրանտ Թոխատյանը, որը մասնակցում էր այսօր Դիմադրության շարժման՝ Սարդարապատից Երեւան ուղեւորվող խմբի կազմակերպած զրույցին, որը տեղի ունեցավ  խարույկի շուրջ:

Հրանտ Թոխատյանը չի քննադատում այն մարդկանց, որոնք դուրս չեն եկել, քանի որ կարծում է՝ նրանց էլ են խաբել մի քանի անգամ. «Այնպես չէ, որ նա այսօր պետք է վառվռուն աչքերով գա ու ասի՝ վերջ ես ուզում եմ մի հատ էլ իշխանափոխություն: Այդպես չի լինում: Ես վստահ եմ, որ շատերը, որոնք այստեղ հավաքված են եւ գալիս են հանրապետության տարբեր շրջաններից, նրանց ոչ թե իշխանափոխության պահանջն է հանել դուրս, այլ նրանք իրենց խաբված են զգում, դա ամենավատ բանն է, որը կարող է իշխանությունն անել իր ժողովրդին»:

Ըստ Հրանտ Թոխատյանի, այսօր թիվ մեկ խնդիրը հայրենիքը պահելն է. «Եթե խելացի լինեն, կասեն՝ չկարողացանք ու պետք է գնանք: Ամեն ինչ արեցին, որ մեր երկիրը կորցնենք: Այսօր մենք դրա իրավունքը չունենք: Ժամանակին խաբել են մեր պապերին, այն ինչ-որ մեր պապերը պահել էին, այսօր դա էլ կորցրինք: Խոսքն Արցախի մասին է: Մենք իրավունք չունենք տարանջատել Արցախ-Հայաստան»:

Հրանտ Թոխատյանի խոսքով, ինքն էլ չի ուզում պատերազմ, խաղաղության կողմնակից է, բայց դա այն դեպքում, երբ ամրացրել ենք մեր սահմանները. «Այսօր մենք այդպես մտածելու իրավունքը չունենք, որովհետեւ պատերազմը մեր դռանը կանգնած է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930