Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ինչպես դարձա պիոներ

Մայիս 19,2022 18:30

Այսօր ԽՍՀՄ Պիոներական շարժման 100–ամյակն է։ Հիշեցի իմ պիոներ դառնալու պատմությունը։ Սովորում էի Աջափնյակի թիվ 118 դպրոցում։ Երրորդ դասարանի չորրորդ քառորդում, Մայիսի 1-ի տոնի կապակցությամբ, մեր III Բ դասարանից, որպես  առաջիններ՝ երկու լավ սովորող աշակերտներիս՝ Հենրիկ Գևորգյանին և ինձ հայտնեցին, որ մեզ դպրոցի դահլիճում, հանդիսավոր պայմաններում ընդունելու են պիոներիայի շարքերը։ Դասարանցիները որոշակի նախանձով էին մեզ նայում, քանի որ պիոներ դառնալն ու վզկապ կապելը համարվում էր պատվաբեր։ Ինչևէ, այն ժամանակ դպրոցի տարրական դասարանի աշակերտները անվճար նախաճաշ էին ստանում։ Մայիսի 1-ի նախօրյակին, դպրոցի բուֆետում մեր դասարանցիներին բաժանեցին օրվա նախաճաշը՝ կորժիկ և փոքր շշով մածուն։ Չգիտեմ ինչ մտքովս անցավ, մածնի շիշը ուժգին թափահարեցի, հետո կափարիչը բացեցի, մատով սեղմեցի շշի բերանը և այն թափահարեցի համադասարանցիներիս վրա։ Իմ օրինակին հետևեց նաև ընկերս՝ Հենրիկը։ Բուֆետում սկսվեց իրարանցում, աղմուկ-աղաղակ, մածնոտ շորերով երեխաները ճչալով վազվզում էին։ Այս դեպքից հետո, որպես պատիժ, ինձ ու Հենրիկին զրկեցին պիոներ դառնալու պատվից։ Արդեն IV դասարանում, նոյեմբերի 7-ի նախօրյակին, նույնպես հանդիսավոր պայմաններում, դպրոցի բոլոր IV դասարանցիները պետք է  դառնային պիոներներ․․․ բացի ինձնից։ Ես, ի տարբերություն Հենրիկի, ում մայրը դպրոցի ուսուցչուհի էր, դեռևս գտնվում էի պատժի տակ։

Այսպիսով, արդեն 118 դպրոցի բոլոր IV դասարանցիները պիոներներ էին, ուրախ-ուրախ, կարմիր վզկապներով գալիս էին դպրոց, բացի ինձնից։

Ամիսներ անց, հանկարծ դասամիջոցին, դպրոցի ուսմասվար ընկեր Արզումանյանը, միջանցքում ինձ կանգնեցրեց և զայրացած բղավեց․

-Ինչու՞ վզկապ չես կապել։

Պատասխանեցի․

-Ես պիոներ չեմ։

-Ո՞նց թե, որ դասարանից ես։

-IV Բ։

-Լաաավ։

Դասի ժամանակ, մեր դասվար ընկեր Շագոյանը, ժպտալով ինձ ասաց․

-Ավետիք, վաղվանից վզկապով կգաս դպրոց։

-Ընկեր Շագոյան, բայց ես․․․

-Գիտեմ Ավետիք, բայց վաղվանից վզկապով։

Հետագայում, վզկապը գրպանումս գնում էի դպրոց, այնտեղ հասնելով՝ կապում, դասերից հետո հանում, դնում գրպանս, վերադառնում տուն։ Ուսուցիչները զարմանում, հաճախ նկատողություն էին անում, վզկապիս մշտապես  ճմրթված լինելու համար։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ապրես դու,արի մի հատ մեդալ տանք քեզ ՝գրպանդ կդնես,ման կգաս։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031