Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսակ Գաբրիելյան. «Անձամբ ես ապատեղեկատվությունը բաժանում եմ երկու մասի՝ դիտավորյալ եւ ոչ դիտավորյալ»

Մայիս 20,2022 23:00

«Ֆրիդոմ Հաուզի» եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» շրջանակներում քննարկվեց նաեւ մեդիա դաշտի եւ կեղծ լուրերի սպառնալիքը Հայաստանում թեման: Նշվեց, որ այսօր խնդիր կա՝ պաշտպանելու ժողովրդավարությունը ապատեղեկատվությունից, կեղծ լուրերից, երբ ժողովրդավարությունը հակադրության մեջ է դրվել կեղծ լուրերի հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ասաց. «Ոնց հասկացա, այս հատվածում ավելի շատ պետք է խոսենք ապատեղեկատվության մասին: Ես մեր միջազգային գործընկերների ներկայությամբ կարող եմ միայն փաստել, որ ապատեղեկատվությունը միայն հայկական խնդիր չէ, որովհետեւ տարբեր երկրներ գործուղումների ընթացքում, երբ խոսք է գնում մեդիայի մասին, մեր բոլոր գործընկերները առաջինը մատնանշում են այդ ֆեյք նյուզերի առկայությունը իրենց երկրում: Եվ ցավով պետք է արձանագրեմ, որ գրեթե բոլորը շեշտում են, որ իրենց մոտ, ըստ էության, չկա այս հարցի վերաբերյալ միանշանակ լուծում կամ կարգավորում: Եվ շատ ու շատ առաջադեմ երկրներ Հայաստանի պես փորձում են որոշակի կարգավորումներով սրա դեմ պայքարել:

Անձամբ ես ապատեղեկատվությունը բաժանում եմ երկու մասի՝ օբյեկտիվ-սուբյեկտիվ կամ՝ դիտավորյալ եւ ոչ դիտավորյալ: Դիտավորյալը, կարծում եմ, բոլորիս պարզ է: Չնշեմ ընդդիմություն, իշխանություն: Երբ նայում ենք, տեսնում ենք՝ որ կողմից է դա ուղղորդվում եւ ինչ նպատակ ունի այդ ապատեղեկատվությունը: Օբյեկտիվ առումով, այստեղ մեղավորություն կա նաեւ պետական մարմիններում՝ տեղեկատվության տրամադրման մատչելիության առումով: Շատ դեպքերում ապատեղեկատվությունը տարածվում է, կամ տեղեկատվությունը դառնում է ապատեղեկատվություն, որովհետեւ հանրային կառավարման մարմիները կամ դանդաղում են, կամ ընդհանրապես չեն արձագանքում, որտեղ էլ ծնվում են ասեկոսեներ, բամբասանքներ եւ հետագայում վերնագրի տեսքով կարծիքը դառնում է հստակ փաստ:

Այս առումով, այո, ընդունում եմ, որ եւ ԱԺ-ն եւ կառավարության ամենատարբեր օղակները այստեղ ունեն խնդիր: Եվ բոլորովին վերջերս օրենսդիրը, գործադիրը եւ մեր քաղհասարակության մեկ տասնյակից ավել կազմակերպություններ ստորագրել ենք համատեղ հուշագիր: Դրա բովանդակությունն այն է, որ մենք այսուհետ պարտավորվում ենք համատեղ քննարկել ԶԼՄ-ների վերաբերյալ ցանկացած փոփոխություն եւ մենք՝ այս երեք օղակներով նախանշել ենք, ըստ էության, 12 ուղղություններ: Մենք դրանք համարում ենք առաջնահերթ հիմնական այն ուղղությունները, որոնց վրա պետք է աշխատենք: Եվ առաջիկա օրերին էլ մեր հաջորդ հանդիպումն է տեղի ունենալու»:

Բայց իմ կարծիքով ապատեղեկատվության դեմ պայքարի դեմ գործիքը տեղեկատվությունն է: Ես նույնպես շատ ուրախ եմ, որ մեր շատ լրատվամիջոցներ սկսել են փաստերի ստուգմամբ զբաղվել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031