Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ երազողները եւ ձին. հույսից կառչելով

Մայիս 21,2022 13:00

Միջազգային հեղինակավոր մի շարք պարբերականներ անդրադարձել են երիտասարդ կինոռեժիսորներ, Հայաստանի կինոգործիչների միության անդամներ Արեն Մալաքյանի եւ Վահագն Խաչատրյանի «5 երազողները եւ ձին» ֆիլմին, որի համաշխարհային պրեմիերան կայացավ Նիյոնի Visions du Réel հեղինակավոր կինոփառատոնում:

Ֆիլմն ընդգրկված էր նաեւ կանադական կինոփառատոնի Hot Docs Canadian International Documentary Festival մրցութային ծրագրում: Թարգմանաբար ներկայացնում ենք POVMAGAZINE.COM-ի հոդվածը:

«5 երազողները եւ ձին» դիպուկ պատկերում է մարդկային ոգու տոկունությունը: Հերոսների մասին արտասովոր լուսաբանություններով հարուստ այս դեբյուտային ֆիլմը հափշտակող եւ դիտարժան վավերագրում է: Ֆիլմն արժանին է մատուցում երեւակայական կյանք ունենալու պահանջին՝ անկախ մարդու ձգտումների աննշանությունից:

Ֆիլմի բանաստեղծական նախերգանքը երազային տրամադրություն է ստեղծում, որով համեմված՝ երեւան են գալիս իրականության դրվագները: «5 երազողները եւ ձին» սկսվում է խորիմաստ ազդով. Աստված գուցե եւ անկատար աշխարհ է արարել մարդկանց համար, բայց մարդիկ են Աստծուն երեւակայությամբ գոյության կոչել:

Ի սկզբանե ռեժիսորներ Վահագն Խաչատրյանը եւ Արեն Մալաքյանը կարճամետրաժ ձեւաչափով են մտահղացել ֆիլմը եւ կառուցել՝ որպես զուգորդվող եւ միահյուսվող փոքր վավերագրումների համախումբ: Դրվագների միջեւ կապը ոչ միշտ է ակնհայտ, բայց դա ֆիլմի օգտին է: Նախաբանի հաղորդած երազային երանգը ֆիլմի հիմնական շարժիչ ուժն է:

Էկրանին չորս իրական հերոս կա: Ֆիլմը պատմում է գյուղացի Կարենի մասին, որը գյուղական ճամփաները ոտնատակ տալով՝ կատարյալ հարսնացուի է որոնում: Նրա որոնումներում արտացոլված ռեալիզմը ընդմիջվում է ռոմանտիկ պահերով, երբ նա մտքերի ծովն ընկած ձիավարում է անծայրածիր դաշտերով: Երկու երիտասարդ կին ապաստան են գտնում տանիքին՝ սեփական աշխարհում, որտեղ միշտ աղջամուղջ է ու ներքեւում վխտացող նախապաշարված մարդիկ չեն կարող խանգարել նրանց: Մելանյան՝ տարեց վերելակավարը, բառի բուն իմաստով վանդակված է իր աշխատավայրում, նրան հրապուրում է տիեզերագնացությունը, եւ նա տրվում է տիեզերագնաց լինելու երեւակայություններին:

Կարենի ձին ավելի շատ այլաբանություն է, իսկ հինգերորդ մարդու ինքնությունը բացահայտվում է ապշեցնող եզրափակիչ մասում: Այս անորսալի կերպարներն են դնում ֆիլմի հոգեւոր հիմքը: Այդպես նրբագեղության եւ մարդկայնության ակնթարթները միահյուսվում են իրականության դաժան կողմերին, որոնց առերեսվում են անհատները:

«5 երազողները եւ ձին» ավելի է հզորանում նկարահանման լարված ու նորարարական ոճով, որը կյանք է տալիս ֆիլմի գրավչորեն անշտապ ռիթմին: Մալաքյանն ու Խաչատրյանը դիտողին հմտորեն ընկղմում են ֆիլմի մեջ եւ ամեն հերոսի ներկայացնում ուրույն մարտավարությամբ:

Իրավիճակները խրթին են, բայց ֆիլմը կատարելապես փոխանցում է, թե ինչ կարեւոր, թեպետ անշոշափելի ուժեր են մարդկանց առաջ մղում: Ֆիլմը, դիտողին կլանելով, կարեկցանք է արթնացնում եւ ներկայացնում երազելու ձգտումը՝ որպես կյանքին ներհատուկ պահանջ:
Սրաթափանց դիտողական ոճով «5 երազողները եւ ձին» ֆիլմը հույսեր, ձգտումներ ունենալու՝ խոր արմատներ գցած պահանջի քնարական տեսլականն է: Ֆիլմը որեւէ պատասխան չի տալիս, դա ընդամենը կյանքի պատառիկ է: Բայց «5 երազողները եւ ձին» հուշում է, որ կյանքը շարունակվում է: Ոչ միշտ է ընթանում մեր երազած ձեւով, իրականությունը սողոսկում եւ իր խոսքն է ասում, բայց անդադար երազելու, հուսախաբության դեմ կռիվ տալու ձգտումը մնում է անսասան եւ անհաղթ:

Լուսանկարը` cineuropa.org-ից

«Առավոտ» օրաթերթ
20.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031