Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Գրիգորյանը պետք է տեղեկատվություն տա՝ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը, ի՞նչ ռեժիմ գոյություն պիտի ունենա». Էդգար Ղազարյանը՝ ՌԴ-ում Ադրբեջանի հետ պայմանավորվածության առիթով

Հունիս 06,2022 13:24 Share

«Ոստիկաններից շատերը տուժել են հենց իրենց կիրառած հատուկ միջոցներից»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Համախմբման անդամ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը` անդրադառնալով հունիսի 3-ին տեղի ունեցած բախումներին:

Նա վստահեցրեց՝ ամեն ինչ տեղի ունեցավ այն պատճառով, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել կառավարական երրորդ մասնաշենք, հանդիպել նախարարներին և հետո նաև այն պատճառով, որ երբ ցուցարարները կառավարական ամառանոցի մոտ էին, խնդրեցին, որպեսզի փողոցը բացեն, որ նրանք Դեմիրճյան փողոցով գնան Ֆրանսիայի հրապարակ, այդ ժամանակ փողոցը չբացվեց: Էդգար Ղազարյանը մանրամասնեց. «Պատգամավորները ցանկանում էին լսել նախարարների կարծիքը Արցախի խնդրի վերաբերյալ: Ոչ միայն նրանք դրա իրավունքն ունեն, այլև՝ որպես քաղաքական գործիչ, պատգամավոր, իրենց պարտականությունն է գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողությունը: Ո՞նց թե ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս նրանց մտնել կառավարական շենք: Որպես ոստիկանություն՝ քո խնդիրը ԱԺ պատգամավորների, մյուս քաղաքացիների անվտանգության ծառայություն մատուցելն է, ոչ թե նրանց գործունեության համար խոչընդոտ ստեղծելը: Դա եղավ պատճառը, որ արդար ընդվզում առաջացավ ժողովրդի մոտ: Դա ուղիղ սադրանք էր, որը հանգեցրեց բախման, ինչն ունեցավ ծանր հետևանքներ»:

Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառողներից շատերը ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ չեն: Նա պարզաբանեց. «Ոստիկանությունն ուժ կիրառելու մեթոդաբանություն ունի: Բայց մենք տեսնում էինք, որ ոստիկանության վահաններից դուրս են գալիս կարմիր բերետավորներ. ուղղակի մարդ ծեծողներ են: Եթե մարդուն արդեն վերցրել ես, հարվածելու, ուժ կիրառելու իմաստը ո՞րն է: Հանգիստ պիտի ուղեկցես բաժանմունք»:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ցուցարարները քարեր ու շշեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, Էդգար Ղազարյանն ասաց. «Ճանապարհ ենք խնդրել բացեք՝ չեք բացել, մի հատ պլաստիկ շիշ էլ նետել է ցուցարարը, մեռա՞ք: Էդ ցավն այնքան մեծ էր, որ լուսաձայնային նռնակ կիրառեի՞ն: Զարմանում եմ՝ քարե՞ր որտեղից պիտի նետեին ցուցարարները: Մարդիկ երթով ասֆալտի վրայով գնում էին, էնտեղ ո՞ւր էր քար, հո սարեր-ձորեր չէին: Ի վերջո` այդ մարդիկ արդեն 40 օր ամեն օր խաղաղ գործողություններ էին կատարում: Հաստատ ոստիկաններն իրենք են այդ սադրանքը հրահրել»:

Էդգար Ղազարյանը կարծում է՝ պատգամավորն (Խաչատուր Սուքիասյան) իրավունք չունի իր թիկնազորը խառնել ոստիկանության գործողություններին: Նա շարունակեց. «Ի՞նչ իրավունք ունի ՀՀ ԱԺ պատգամավորը, որն ունի անձնական թիկնազոր, որը Նիկոլ Փաշինյանի ամենամերձավորներից մեկն է, այս գործողությունների ժամանակ գտնվի ոստիկանությունում: Ակնհայտ է, որ ոստիկանական համակարգում սկսել են որոշումներ կայացնել ոստիկանության համակարգից դուրս անձինք, որոնք էլ լրացուցիչ սադրանքներ են իրականացնում»:

Հիշեցնելով, որ հունիսի 3-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. ՔՊ-ական պատգամավորները չէին մասնակցում, Էդգար Ղազարյանը, դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին, հարցրեց. «Ասում եք՝ ընդդիմությունը չի մասնակցում նիստերին, մանդատներից զրկելու ենք, բա դո՞ւք ինչի չեք մասնակցում ԱԺ նիստերին: Ձեր պատկերացմամբ՝ ԱԺ նիստը կարող է լինել միայն ձե՞ր նախատեսած օրակարգով: Բոյկոտելը, թույլ չտալը, որ նիստ կայանա, ուղղակի դասալքություն է: Աշխատելը միայն ԱԺ շենք մտնելը չէ: Ընդդիմադիր պատգամավորներն աշխատում են իրենց ընտրողների հետ, որպես քաղաքական գործիչ իրացնում են իրենց պարտականությունները»:

Խոսելով արտաքին քաղաքականության ոլորտում զարգացումների մասին և Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև պայմանավորվածությունների մասին՝ նա նշեց. «Բրյուսելում մայիսի 22-ի Իլհամ Ալիևի հետ պայմանավորվեցին, մայիսի 23-ին ստեղծեցին սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովներ, մայիսի 24-ին Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը հանդիպել են Երասխում և պայմանավորվել, որ արդեն Մոսկվայում պիտի լիներ հանձնաժողովների համատեղ նիստ, բայց Մոսկվան չի ընդունել համատեղ նիստը. այնտեղ հանդիպել են ոչ թե հանձնաժողովներն ամբողջ կազմով, այլ միայն ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը: Օրակարգը ոչ թե բրյուսելյան օրակարգն էր, այլ տրանսպորտային ապաշրջափակման նիստ: Բրյուսելյան պայմանավորվածության մեջ ՌԴ չկա, իսկ այս ձևաչափով մասնակցում էր նաև ՌԴ փոխվարչապետը: Այսինքն՝ գոնե այս էտապում բրյուսելյան պայմանավորվածությունները կասեցվել են: Առաջ են ընթանում ռուսական նախաձեռնությամբ պայմանավորվածությունները: Բայց անգամ այս դեպքում ձեռք բերված հանդիպման պաշտոնական հաղորդագրությունը մեզ համար մեծ վտանգներ է պարունակում: Արձանագրվել է, որ կողմերը մոտեցրել են իրենց դիրքորոշումները տրանսպորտային ապաշրջափակման ուղիների հետ կապված: Նշվում է, որ հստակեցվել է, թե որտեղով պիտի անցնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհները: Այսօրվանից սկսած Մհեր Գրիգորյանը պետք է որոշակի տեղեկատվություն տա այդ պայմանավորվածության մասին. ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը, աշխատանքները որտեղո՞վ պիտի անցնեն, ի՞նչ ռեժիմ գոյություն պիտի ունենա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930