Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդի մակնշումը մանրամասն պետք է կարդալ, միայն պիտանելիության ժամկետ նայելը քիչ է. Վահե Դանիելյան

Հունիս 06,2022 15:24

«Այսօր իրացման ցանցում կարող ենք գտնել եզակի ապրանք, որի պիտանելիության ժամկետն անցած լինի, որովհետեւ չենք գտնի մեկ քաղաքացու, որն առանց ժամկետին նայելու՝ խանութներից ձեռք կբերի ապրանք: Բայց միայն պիտանելիության ժամկետին ուշադրություն դարձնելը քիչ է»,-այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով, եթե խոսում ենք սննդի անվտանգությունից, սպառողների պաշտպանված եւ տեղեկացված լինելուց, պետք է հասկանանք, որ սննդամթերքի վրա առկա տեղեկատվությունն ամբողջապես վերաբերում է սպառողին. «Այնտեղ նշված է թե՛ բաղադրությունը, թե՛ առկա ալերգենների մասին տեղեկատվությունը եւ մեր տեսլականն այն է, որ քաղաքացիները սկսեն ուշադրություն դարձնել սննդամթերքի այդ մակնշմանը: Այսօր ունենք կաթնայուղի մասին օրենքի նախաձեռնություն, այդ նախաձեռնությունը չէինք ունենա, եթե սպառողները կարդային մակնշման վրա զետեղված տեղեկատվությունը եւ կատարեին գիտակցված գնում: Այսինքն՝ չգնեին այն արտադրանքը, որը չի հանդիսանում թթվասեր եւ գնեին այն արտադրանքը, որը պարունակում է բուսական յուղեր»:

Վարչության ղեկավարը գտնում է, որ մանկապարտեզից սկսած պետք է կրթել՝ սննդի մակնշումը մանրամասն կարդալ:

Վահե Դանիելյանի ներկայացմամբ, իրենց կառույցը միայն անցյալ տարի 60-ից ավել տնտեսվարողների գործունեությունը կասեցնելու որոշումներ է կայացրել. «Հետեւում ենք, որ վերացնեն անհամապատասխանությունները եւ նոր միայն նրանց թույլատրում ենք, որպեսզի վերսկսեն իրենց գործունեությունը: Մնացածների համար սա դաս է լինում, եւ որպեսզի չարժանանան նույն ճակատագրին՝ դիմում են մեզ խորհրդատվության համար, որպեսզի գործը չհասնի կասեցնելուն»:

Նրա խոսքով, արտադրողը իր արտադրանքի որակը եւ անվտանգությունը երաշխավորում է իր կողմից սահմանված պահման պայմաններում, իր կողմից սահմանած պիտանելիության ժամկետի շրջանակներում, եւ, եթե իրացման ցանցում այդ արտադրանքը իրացվում է այդ պայմանների խախտմամբ, ամբողջական պատասխանատվությունը կրում է իրացման ցանցը, այլ ոչ թե արտադրողը:

Նրա խոսքով, տարեկան իրականացնում են ավելի քան 1000 պլանային ստուգումներ, արտապլանային ստուգումներ նույնպես լինում են՝ պիտանելիության ժամկետին ու պահման պայմաններին առնչվող:

Վահե Դանիելյանն ասաց, որ շաբաթվա կտրվածքով 10-ից ավել դեպքեր լինում են, երբ հայտնաբերում են պահման պայմանների խախտումներ. «Ստիպված ենք լինում հանձնարարականներ իջեցնել այդ տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի նրանք շտկեն խախտումները: Մի դեպքում դա կարող է լինել սառնարանի խափանմամբ, մյուս դեպքում՝ տվյալ արտադրանքը ոչ սառնարանային պայմաններում վաճառելը»:

Ասաց, որ թիրախավորում են այն ոլորտները, որտեղ ռիսկերն ավելի մեծ են: Գտնում է, որ վարչական պատասխանատվությամբ նախատեսված գումարի չափը պետք է մեծացնել. «Շատ դեպքերում 100 հազար դրամն այն պատասխանատվության միջոցը չէ, որը կարող է տնտեսվարողին սթափեցնել՝ հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության հետ կապված ռիսկերը, որն ուղիղ կապ ունի մարդու կյանքի եւ առողջության հետ»:

Ըստ նրա՝ առավել բարձր ռիսկայնությամբ կենդանական ծագման մսամթերք արտադրողներն են: Ռիսկային է նաեւ կաթնամթերքի արտադրության ոլորտը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930