Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտում կանանց բանտապահները բռնաբարում են, հետեւում՝ երբ նրանք հանվում, հագնվում են, ԼԳԲՏ անձանց էլ նվաստացնում են. Ահազանգում են կանանց իրավունքների պաշտպանները

Հունիս 17,2022 15:48

Բանտում կանայք կարող են ենթարկվել տարաբնույթ բռնությունների, այդ թվում՝ բանտապահների կողմից բռնաբարության, սեռական ծառայություններ մատուցելու հարկադրանքի, սեռականացված հպումների։ Կին բանտարկյալները հաճախ նաեւ ենթարկվում են նվաստացուցիչ եւ ինվազիվ մարմնական զննումների։ Այս մասին այսօր մտահոգություն հայտնեցին կանանց իրավունքների պաշտպանները: Նրանք ուսումնասիրել են ազատությունից զրկված կանանց նկատմամբ գենդերային բռնության հիմնախնդիրը՝ քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժական հաստատություններում:

Հետազոտությունն իրականացրել է Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ):

Սոցիոլոգ Շուշան Ղահրիյանի խոսքով, բանտարկյալ կանանց նկատմամբ բռնության դրսեւորում է նրանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտումը, երբ, օրինակ, բանտապահները չարաշահում են կանանց՝ իրենց տեսադաշտում պահելու հնարավորությունը՝ հետեւելով նրանց հանդերձանքը հանելիս եւ հագնելիս, լողանալիս ու սանհանգույցից օգտվելիս, բժշկական զննում անցնելիս:

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանի ներկայացմամբ, Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում գենդերային հիմքով բռնության հանդեպ հատկապես խոցելի են ԼԳԲՏ անձինք, այդ թվում՝ տրանսգենդեր կանայք։ Ասում է՝ այդ հաստատություններում կատարած ուսումնասիրությունները փաստում են, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խարան ու խտրականություն կա, բռնության եւ նվաստացնող վերաբերմունք, սեռական եւ այլ շահագործման առկայություն:

Ընդ որում, ԼԳԲՏ անձանց նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք են դրսեւորում ոչ միայն ազատազրկված մյուս անձինք, այլեւ՝ վարչակազմը. «ԼԳԲՏ անձինք բանտային բնակչության շրջանում առավել խոցելի խումբ են։ Ուսումնասիրությունները փաստում են, որ լեսբի, գեյ, տրանսգենդեր անձինք բանտերում ենթարկվում են ամենատարբեր չարաշահումների, թե՛ վարչակազմերի եւ, թե՛ այլ բանտարկյալների կողմից։ Նրանց հանդեպ բռնությունն ու բռնաբարությունները հիմնականում լինում են վարչակազմի թողտվությամբ կամ վերջիններիս՝ բռնության կանխմանն ուղղված քայլեր չձեռնարկելու հետևանքով։ Վարչակազմի իմացությամբ են նաեւ ԼԳԲՏ անձինք բանտերում հաճախ տեղաբաշխվում ամենավատ, ոչ բարվոք եւ անապահով խցերում՝ սեռական հանցագործությունների համար պատիժ կրող անձանց հետ, ինչն էլ ավելի է բարձրացնում լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր եւ ինտերսեքս բանտարկյալների նկատմամբ սեռական բռնության ռիսկն ու հավանականությունը»,-նշում են կանանց իրավունքների պաշտպանները:

Նրանց խոսքով, խնդիրները, որոնց բախվում են տրանսգենդեր կանայք, ունեն իրենց առանձնահատկությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տրանսգենդեր կանայք մի շարք պետություններում՝ ներառյալ Հայաստանում, պահվում են իրենց կենսաբանական՝ անձնագրում նշված սեռին «համապատասխանող»՝ տղամարդկանց համար նախատեսված հաստատություններում, ինչն ավելի է մեծացնում բռնությունների, սեռական շահագործման ռիսկը. «Բանտերում նաեւ համատարած է տրանսգենդեր կանանց նկատմամբ սեռական ծառայություն մատուցելու, այսպես կոչված մարմնավաճառության շղթայի մեջ ներգրավվելու պարտադրանքը»:

Կանանց պաշտպանները նաեւ նշեցին, որ բուժառուների նկատմամբ բռնության, խտրականության եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստեր են արձանագրված նաեւ հայաստանյան հոգեբուժական կազմակերպություններում։

Ըստ նրանց, կանայք եւ աղջիկները նույնպես կարող են բախվել գենդերային բռնության մի շարք ձեւերի, ինչպիսիք են սպառնալիքը, ոտնձգությունը, սեռական եւ ֆիզիկական բռնությունը, գործարքային սեռական հարաբերությունները։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930