Ռուսաստանի ադրբեջանամետ արշավն՝ ընդդեմ Արցախի, մեծ թափ է առել
«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում կայուն իրավիճակ լինի», հունիսի 17-ին ընդունելով ՀՀ նախագահին՝ նշել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի եւ երաշխավորի զարգացում, – ասել էր Պուտինն՝ ընդգծելով,- Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է»: Պուտինին հանդիպելուց առաջ Վ. Խաչատուրյանն, ի դեպ, Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հավաքում նշել էր, որ ռուսական կողմն ընդունել է, թե թերացել է Արցախում իր խաղաղապահ առաքելությունն իրականացնելիս, երբ թույլ է տվել Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ուժերն առաջ գնան։ «Շատ կոշտ դիրքորոշում ենք ցուցաբերել, եւ այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմն ընդունեց, որ այդտեղ բացթողում կա», – ասել էր նա:
Ավելի վաղ, հունիսի 10-ին պաշտոնական Երեւանն՝ ԱԳ նախարար Միրզոյանի մակարդակով եւս որոշակի դժգոհություն է հայտնել ՀԱՊԿ-ի կողմից թույլ տրված թերացումների թեմայով: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես էին եկել մամուլի համար հայտարարությամբ, եւ իր խոսքում Միրզոյանը, մասնավորապես, նշել էր. «…Մինչ այժմ չլուծված է մնում 2021թ. մայիսից ադրբեջանական զորքերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հարցը»:
Ահա, պաշտոնական Երեւանի կողմից ՌԴ «պատասխանատվության» ներքո հարցերի վերաբերյալ հրապարակային ելույթներից հետո Մոսկվան անմիջապես անցավ պատասխան գործողությունների: Վերջին օրերին ՌԴ-ն ադրբեջանամետ մի շարք հրապարակային քայլերի դիմեց:
Կարդացեք նաև
Նախ, հունիսի 19-ին «Ռոսիա-1» պետական հեռուստաընկերության եթերում միակողմանի, ադրբեջանամետ ռեպորտաժ թողարկվեց: Սա ռազմավարական դաշնակից երկրի, անգամ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող պետության կողմից հավասարակշռության խախտման ակնհայտ դրսեւորում էր: Ռուսական պետական հեռուստաալիքի ռեպորտաժում պատմում էին «ավերված Շուշիի» առօրյան: Լրագրողը, որը ոգեւորված ցուցադրում էր «փրկված» Շուշիի ու «բարգավաճող Ղարաբաղի» կյանքը, ռեպորտաժն ավելի գունեղ դարձնելու համար անգամ վարսավիրի ծառայությունից օգտվեց տեսախցիկների առջեւ, որպեսզի ապացուցի, թե ինչպես է կյանքը եռում պատերազմից հետո «ոտքի ելած» Շուշիում: Ապա՝ ցուցադրվեցին նորակառույց ճանապարհները, Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, Շուշիի վերանորոգված վարչական շենքը, դեղատուն, սուպերմարկետ եւ այլն:
Բնականաբար, ոչ մի խոսք Ադրբեջանի իշխանությունների կողմից Շուշիի հայկական կրոնական եւ մշակութային հուշարձաններն ավերելու ու պղծելու փաստերի մասին: Նշենք, որ «Ռոսիա-1»-ի ռեպորտաժի վերաբերյալ իր «կտրուկ անհամաձայնությունը» հայտնեց Ռուսաստանի հայերի միությունը: Կառույցի ղեկավար Արա Աբրահամյանն իր նամակում համոզմունք էր հայտնել, որ տեղեկատվության նման միակողմանի, կողմնակալ եւ մակերեսային ներկայացումը չի բխում հայ-ռուսական ռազմավարական, եղբայրական բարեկամության բնույթից։
Ի դեպ, «Ռոսիա-1»-ի ռեպորտաժն անգամ նողկանք էր առաջացրել ռուսաստանցի ռազմական լրագրող Յուրի Կոտենոկի մոտ: Հիշեցնենք, որ նա 2020թ. հոկտեմբերի 8-ին ծանր վիրավորվեց: Ադրբեջանական ԶՈՒ կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու առաջին հրթիռակոծությունից հետո լրագրողներն այնտեղ էին գնացել նկարահանումներ իրականացնելու, սակայն ադրբեջանական ստորաբաժանումներն երկրորդ անգամ էին հրթիռակոծել եկեղեցին, ինչի հետեւանքով վիրավորվել էին Կոտենոկը ու եւս երկուսը։ Կոտենոկը բեկորային լուրջ վնասվածքներ էր ստացել որովայնի, կրծքավանդակի եւ ստորին վերջույթների շրջանում։ «Ռոսիա-1»-ի հունիսի 19-ի ռեպորտաժը Կոտենոկը տելեգրամի իր ալիքում որակել է այսպես՝ «Պարեր՝ արյան վրա»: «Ամոթ ու խայտառակություն: Եվ անաղմուկ, աննկատելիորեն, այս նենգությունը շարունակում է ծաղկել եւ ներկայացվում է որպես ինչ-որ նորմալ բան։ Ես ամաչում եմ գերեզմանների վրա այս սյուժեի համար… Կարելի՞ է այսքան նվաստանալ աշխարհով մեկ…», գրել է ռուսաստանցի ռազմական լրագրողը:
Ռուսական դաշնային պետական հեռուստաալիքի հասցրած «ապտակին» հաջորդեց արդեն ռուսական գերատեսչության կողմից մի նոր «սառը ցնցուղ»: ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված քարտեզից անհետացել էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին առաջին արձագանքը ֆեյսբուքի տիրույթից էր, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն էր նկատել «նորությունը»: Մինչեւ հունիսի 19-ը Ստեփանակերտը քարտեզի վրա նշված էր, սակայն իրավիճակը փոխվել էր հունիսի 20-ից: ՌԴ ՊՆ-ի կայքում հրապարակվեց նաեւ հունիսի 21-ի քարտեզը, որտեղ նույնպես Ստեփանակերտը գոյություն չուներ, հետեւաբար, համացանցում բուռն քննարկումներ ծավալվեցին այն մասին, որ դա ամենեւին էլ տեխնիկական բնույթի վրիպակ չէր: Մարդիկ մեկնաբանում էին, թե հեռու չեն օրերը, երբ Ստեփանակերտը «կվերադառնա» ՌԴ ՊՆ-ի քարտեզի վրա, սակայն արդեն ադրբեջանական անվանմամբ, որը լիովին համապատասխանում է Մոսկվայի այսօրվա վարած քաղաքականության եւ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն եւ մակարդակին: Սակայն հունիսի 22-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ի կայքում զետեղված քարտեզի վրա, այնուամենայնիվ, վերականգնվեց Ստեփանակերտը, ըստ երեւույթին, հայաստանյան համացանցային տիրույթում որոշակի աղմուկից հետո:
Հիշեցնենք, որ Փառուխի հանձնման օրը՝ մարտի 24-ին, ՌԴ ՊՆ քարտեզի վրա գյուղն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух», իսկ հունիսի 5-ից Փառուխն անհետացավ ՌԴ ՊՆ-ի քարտեզից:
Ինչո՞ւ են ռուսներն այսպես անկաշկանդ հակահայկական քայլերի դիմում… Որովհետեւ վստահ են, որ ի տարբերություն ՀՀ իշխանությունների, որոնք գոնե հրապարակավ ինչ-ինչ դժգոհություններ հայտնում են ռուսներին, հայաստանյան ընդդիմադիր դաշտին Ռուսաստանի վարած բացահայտ հակահայկական արշավները չեն անհանգստացնում: Չէ՞ որ մեր «ազգափրկիչ» ընդդիմադիրները թեմաների ցուցակ ունեն, որով պետք է զբաղեցնեն հայ ժողովրդին՝ «արեւմտյան ֆոնդերը», ԱՄՆ ու ԵՄ դեսպանների տեղաշարժը ՀՀ տարածքում եւ այլն: Մինչ նրանք ազգին այս «կործանարար» թեմաներով կլուսավորեն՝ Մոսկվան իր հակահայկական հերթական քայլն է իրագործում, ընդ որում, վստահ լինելով, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանն էլ չի կանչվելու ԱԳՆ:
Մեկ այլ հակահայկական նորություն էլ ՌԴ-ից արդեն արվեստի ոլորտի վերաբերյալ ստացվեց: Հունիսի 7-ին Մոսկվայի Արեւելքի պետական թանգարանում բացվեց «Էդմոնդ Պետրոսյան. Միստերիա Լեռնային Ղարաբաղից» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ղարաբաղցի նկարիչ Էդմոնդ Պետրոսյանի աշխատանքները։ Սակայն հունիսի 14-ին թանգարանը փոխել է Էդմոնդ Պետրոսյանի ցուցահանդեսի անվանումը՝ հեռացնելով Լեռնային Ղարաբաղը: Ցուցահանդեսն այժմ կոչվում է՝ «Էդմոնդ Պետրոսյան. Միստերիա», իսկ ցուցահանդեսի նկարագրության մեջ նկարչի հայրենի քաղաքը՝ Ստեփանակերտը հիշատակելիս, փակագծերում նշված է Ադրբեջանում օգտագործվող անունը՝ Խանքենդի։ Խնդրի մասին բարձրաձայնողները հիշեցրել էին, որ Էդմոնդ Պետրոսյանը ծնվել, մեծացել, ստեղծագործել եւ մահացել է Լեռնային Ղարաբաղում, եւ նրա հայրենիքի անունը ջնջելը անհարգալից է ոչ միայն նկարչի կյանքի եւ ստեղծագործության, այլեւ Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների համար:
Ինչպե՞ս են սովորաբար արձագանքում Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ՌԴ-ից հակահայկական որեւէ քայլի վերաբերյալ: Կամ՝ «խորիմաստ» լռություն է, կամ էլ բերվում է մի ջախջախիչ «արդարացում» այս ոճով՝ «ադրբեջանցիներն ուզում են կռվացնել հայերին ու ռուսներին, չպետք է տրվել նրանց սադրանքներին»:
Այսպես Մոսկվան իրագործում ու կյանքի է կոչում պաշտոնական Բաքվի քաղաքական գիծը՝ վստահ լինելով, որ ոչ Հայաստանում, ոչ Արցախում քննադատության չի արժանանալու: Հայաստանում ու Արցախում ոչ ռուսական ադրբեջանամետ կեցվածքն են նկատում, ոչ էլ՝ հայկական շահերից բխող Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւն, օրինակ, որում ի տարբերություն ռուսական ադրբեջանամետ քաղաքականության՝ Լեռնային Ղարաբաղը դեռեւս «վիճելի տարածք» է անվանվում:
Ու ընդհանրապես՝ ինչո՞ւ ենք «քաղաքակիրթ աշխարհից» հայկական շահի պաշտպանություն ակնկալում եւ պահանջում, եթե ներսում «չենք նկատում»՝ մեր ռազմավարական դաշնակցի կողմից օրը ցերեկով իրագործած ադրբեջանամետ քայլերը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 23.06.2022
Լաւ էլի, հասկցանք.
Շատ յստակ է որ Փաշինյանն էլ է ջնջում Արցախը։
Եւ քանի դուք հայ էք, եւ ենթադրաբար ոչ հպատակ էք ոչ ալ ստրուկ, հայ իշխանաւորով (եւ ոչ միայն ընդդիմութեան) աւելի հետաքրքրուէք՝ քան թէ միայն կայսրով ցարով կամ սուլթանով։
Իսկ այս մէկը արդէն մանիպուլյացիա մարգրիտ մն է՝
“Ինչո՞ւ են ռուսներն այսպես անկաշկանդ հակահայկական քայլերի դիմում… Որովհետեւ վստահ են, որ ի տարբերություն ՀՀ իշխանությունների, որոնք գոնե հրապարակավ ինչ-ինչ դժգոհություններ հայտնում են ռուսներին, հայաստանյան ընդդիմադիր դաշտին Ռուսաստանի վարած բացահայտ հակահայկական արշավները չեն անհանգստացնում”
Իրա՞ւ, այսինքն հիմա ռուսները անկաշկանդ են՝ որեւէ լծակ չունեցող եւ իշխանափոխութեան անկարող ընդդիմութեա՞ն պատճառաւ.
Պարկե՛շտ եղէք. եւ եթէ դուք ալ վիրաւորուիք, քացէք Արամ Աբրահամյանին հարցուցէք ինչ ըսել կուզեմ երբ պարկեշտ եղէք կը գրեմ։
Արցախը “ջնջողները” հայաստանցի նիկոլ փաշինյանի խմբակն է ու ղարաբաղցի արայիկ հարությունյանը:
պուտինը չէր անի ամենապստիկ քայլն անգամ, եթե տեսներ որ նիկոլին կուրծք տվողները դեմ են Արցախը վտանգելուն:
Դիմադրության մասին Ձեր տողերը այնքան թույլ են, որ չես էլ կարող ասել սխալ են, կամ անհեթեթություն են: Քանի շատ մարդ չի կարդացել փոխեք, խմբագրեք: Կրթություն ստացած մարդ եք, այդքան ցածր մի ընկնեք, միշտ էլ գործ կգտնեք եթե Ա.Աբրահամյանը գործից հանի:
“Ինչո՞ւ են ռուսներն այսպես անկաշկանդ հակահայկական քայլերի դիմում… Որովհետեւ վստահ են, որ ի տարբերություն ՀՀ իշխանությունների, որոնք գոնե հրապարակավ ինչ-ինչ դժգոհություններ հայտնում են ռուսներին, հայաստանյան ընդդիմադիր դաշտին Ռուսաստանի վարած բացահայտ հակահայկական արշավները չեն անհանգստացնում:“
Սա նոր խոսք է քաղաքագիտության մեջ. իջեցնել միջպետական հարաբերությունները օտար իշխանություն – հայաստանյան ընդդիմություն մակարդակ, արանքում էլ, որպես “գերհամոզիչ” պատճառահետևանքային կապ, խցկել հայրենի իշխանություններին: Ես շատ եմ հարգում Առավոտի տրամադրած բազմակարծությունը, բայց երրորդ էջի (տպագիր Առավոտի) վերլուծությունները հաճախ նմանվում են միտինգային ելույթների:
Բարի երեկո։
Մեհրաբյանի «գնալուց» հետո, տկն Գաբրիելյանը իր վրա է վերցրել «հակառուսական թեւը»։
Մինչ այդ ավելի բարձր մակարդակի վերլուծություններ էին , իմ կարծիքով։ Ափսոս։ Առաջարկում եմ կամ տալ զուտ ինֆորմացիա ռուսների «հակահայ» քայլերի մասին (ինչը՝ կարծում եմ, շատ կարեւվոր է), բայց առանց սեփական «վերլուծության», կամ՝ հետ բերել պրն Ռուբենին)) (վերջին մասը պրն Աբրահամյանի համար)։
«Առավոտի» ընթերցող