Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի «Ապրելու ձայնը»

Հունիս 29,2022 16:00

Պատերազմից հետո Արցախում սակավաթիվ չեն անգամ գրական եւ մշակութային միջոցառումները, որոնք նախաձեռնում են ինչպես անհատներ, այնպես էլ Արցախում գործող համալսարանները, հասարակական կառույցները։ Օրերս Ստեփանակերտում մեկնարկել է եւս մեկ կարեւոր նախաձեռնություն, որն իրականացվում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից` «Ապրելու ձայնը» խորագրով` գրական-մշակութային օրերի տեսքով։ Կազմակերպիչների խոսքով` նախատեսված միջոցառումների շարքը ընթանալու է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ շրջաններում՝ կարեւորելով գրական-մշակութային կյանքի աշխուժացումը գյուղական համայնքներում: Հիմնականում կկայանան գրական մրցույթներ ու հանդիպումներ, ցուցահանդեսներ, քննարկումներ, ազգային-հայրենասիրական երգերի երեկոներ՝ հադրութցի սիրված երգիչ Արթուր Խաչենցի եւ Համազգայինի Արցախի գրասենյակի «Մունք» պարախմբերի մանուկների մասնակցությամբ: Իսկ հուլիսի 1-ին կկայանա երգչուհի Շուշան Պետրոսյանի մենահամերգը, որով էլ եզրափակվելու է այս ծրագիրը:

«Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի շրջանակներում Արցախ են ժամանել գրողներ եւ գրականագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։

«Այսօր Արցախը, անկախ առկա մարտահրավերների, ունեցած անդառնալի կորուստների, շարունակում է շնչել, սիրտը շարունակում է բաբախել եւ այստեղ շարունակում է ապրել հայ մարդը, որի երազանքն ամենեւին էլ պատերազմը չէ, այլ հայրենի հողում ապրելը, արարելն ու ստեղծագործելը,-նշել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն, արձակագիր Հերմինե Ավագյանը, ավելացնելով,- Արցախի գրականության մասին պետք է խոսել ոչ միայն հայրենիքում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս: Պատերազմը միայն սահմանին չէ, սահմանից այսկողմ ուրիշ պատերազմ է՝ մշակույթի, գրականության, ազգային արժեքների պահպանման ու տարածման, եւ այս ասպարեզներում յուրաքանչյուր հաղթանակ մեր ինքնության պահպանման, արժանապատիվ ապագա ունենալու գրավականներից է»։ Հերմինե Ավագյանը նաեւ տեղեկացրեց, որ Արցախում գրական-մշակութային օրեր անցկացնելու առաջարկը երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանինն է։

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի խոսքով` պատերազմից հետո շատ կարեւոր է այսպիսի խորագրով ու խորհրդանշականությամբ միջոցառումներ անցկացնելը, հոգեւոր զարթոնք ապրելը:

«Ես կարծում եմ, որ կկարողանանք մեր գրականության, մշակույթի շնորհիվ ճշմարտությունը գտնել եւ այդ ճշմարտությանը հետեւողական կերպով հասնել, որը մեր համազգային նպատակների մեջ է մտնում, եւ ապագա սերունդների առջեւ մեր պարտավորությունների անբաժան մասն է»,-ասել է պետնախարար Արտակ Բեգլարյանը, վստահեցնելով, որ պատրաստ են առավելագույնս աջակցել այսպիսի նախաձեռնությունների իրականացմանը։

Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն էլ հիշեցրել է` հայ ժողովուրդը միշտ էլ կենաց ու մահու պայքար է մղել իր ազատության համար: «Ժամանակ առ ժամանակ, պատմության բոլոր քառուղիներում այդ պայքարը երբեմն պսակվել է հաղթանակներով, երբեմն պարտություններով ավարտվել: Արցախն է հայոց միջնաբերդը, այդպես եղել է, այդպես կա ու կլինի»,-նշել է Անահիտ Հակոբյանը, շեշտելով` Արցախում ապրելու ձայնն է բոլորիս կանչում՝ բոլոր ուղիներով: «Ապրելով է որոշվում ամեն ինչ, եւ ապրելով է սկիզբ առնում յուրաքանչյուր կյանք»,-եզրափակել է նախարարը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ իր ելույթում ընդգծեց` Հայաստանի գրողների միությունը Արցախի գրողների կողքին է: «Պատերազմից հետո Արցախում այսպիսի միջոցառումները շատ կարեւոր են: Արցախի գրականությունը հզոր է, անտեսել չի կարելի»,-ասել է ՀԳՄ նախագահը։ Իսկ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը վստահեցնում է` ժողովրդի ողնաշարը բոլոր ժամանակներում գրականությունն է եղել։ «Չեմ թերագնահատում մյուս ոլորտները, բայց գրականությունն է մեր ազգային ոգու, արժեհամակարգի գլխավոր կրողը։ Հպարտանում եմ, որ ժողովուրդն այսքան դժվարին ժամանակներում հայացքը չի կտրել գրականությունից»,-ավելացնում է նա։

Արցախի գրական ընտանիքն ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցավ անդառնալի կորուստներ։

Կոմիտաս Հակոբյան, Հայասեր Հովսեփյան, Վահրամ Լալայան. այն տղաներն են, ովքեր գրիչն ու զենքը, իսկ ավելի կոնկրետ` հայրենիքի ազատությունը վեր դասեցին ամեն ինչից, պայքարեցին, կռվեցին, լույս դարձան։ Սակայն այսօր մեզ հետ է նրանց գիրը, պատգամը։

Լիբանանի Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանյան ճեմարանի բազմամյա ու վաստակավոր տնօրեն, հասարակական գործիչ Տիգրան Ջինբաշյանն իր խոսքում նշեց` եթե կա ստեղծագործություն, մշակույթ, գրականություն, նույնիսկ ամենավատ քաղաքական ու տնտեսական պայմանների մեջ ազգը շարունակում է ապրել ու գոյատեւել: «Ողջունելով Արցախում մշակութային սխրագործության բոլոր երախտավորներին՝ հատուկ հիշատակության են արժանի գրական մշակները, որոնց գրչի վրա է ծանրանում Արցախը պահպանելու, այն վերստին ամբողջական ու հզոր դարձնելու պայքարի գաղափարական խմբագրումը, որի արգասիքը պիտի լինի անխուսափելի հաղթանակը»,- ասել է Տիգրան Ջինբաշյանը: Ներկաներին ողջունել է նաեւ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը` կարեւորելով նմանօրինակ նախաձեռնությունները։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930