Լրահոս
Օրվա լրահոսը

Խոդիկյանական խճանկար

Հունիս 30,2022 12:30

Հիշողություններն ինչպես ապրում, այնպես էլ ապրեցնում են: Յուրաքանչյուր կնոջ համար առաջին համբույրն ու սիրահարվածությունը հիշվում են ողջ կյանքի ընթացքում: Աղջկական անմեղ տարիները անցնող կյանքի հետ զուգահեռ, հիշողության մեջ ապրում են՝ դառնալով անցյալի անկեղծ անջնջելի օրեր: Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում 2018թ. բեմադրվեց եւ մինչ օրս խաղացանկում է ժամանակակից հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Հրավիրված եք ծնունդի» երկու գործողությամբ կատակերգությունը (բեմադրիչ՝ Հրաչյա Գասպարյան):

Բեմի առաջնագծի երկու կողմերում դրված էին գիշերային Երեւանը լուսավորող երկու լուսատուներ, իսկ ձախակողմյան լուսատուին անմիջապես կից դրված էր քաղաքի նստարաններից մեկը՝ «Երեւան» մակագրությամբ: Բեմադրիչը նպատակ ունենալով պահել թատրոնի տեսակի երաժշտական գիծը՝ ներկայացման մեջ ներմուծել էր պարային կատարումներ (պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի):


Բեմն ամբողջությամբ ձեւավորված էր տարբեր չափերի ու տեսակի դռներով (բեմանկարիչ՝ Մարիամ Մուրադյան): Դռներից յուրաքանչյուրը խորհրդանշում էր կյանքի բարդ ու դժվարին ճանապարհ: Կյանքը շարունակվում է… Դռներն ինչպես փակվում են ամեն մահացողի հետեւից, այդ նույն տրամաբանությամբ էլ բացվում են հաջորդ սերնդի առաջ: Արմեն – Սիփան Զադոյանը մանկան սայլակով բեմ է դուրս գալիս եւ նայելով լքված տանը՝ կարոտած հայացքով մի քանի պտույտ է կատարում բեմում: Հիշողությունների գիրկն ընկած, մոտենում է անկյունում դրված կախիչին, որի վրա իր պապի՝ Արմենի գլխարկն ու վերարկուն են կախված: Պապիկը՝ Արմենը, չլինելով բեմում, ասես միշտ ներկա է՝ որպես գլխավոր գործող անձ: Նրա շուրջն էլ զարգանում են գործողությունները: Բեմում կարելի էր տեսնել սերունդների, որոնք ներկայացնում են կյանքի բնույթն ու շարունակական լինելը: Սայլակում դրված մի քանի գունավոր տուփերի մեջ հանգուցյալ պապիկի թողած իրերն են՝ մկրատ, խոշորացույց, զարթուցիչ: Կանաչ գույնը խորհրդանշում է նոր կյանք: Համապատասխան գույնի տուփի մեջ գտնվող մկրատը ներկայացվում է որպես կյանքի թել, որը չի կտրվել եւ պետք է փոխանցվի հաջորդ սերնդին:

Զարթուցիչը՝ որպես սիմվոլ, ներկայացնում է մտքի եւ բանականության սթափությունն ու առողջ դատողությունը: Անկախ հանդիպած դժվարություններին, անհրաժեշտ է սառը դատողություն, որով եւ հնարավոր կլինի խնդիրները հաղթահարել:

Խոշորացույցը, որպես հիշողության մասնիկ, ներկայացնում է հանգուցյալ պապիկի կյանքը լիարժեք ճանաչելու եւ հեռատես լինելու փաստը: Առաջին հայացքից անհամատեղելի թվացող այս սիմվոլները համախմբվում են մեկտեղ եւ դառնում նոր կյանքի ուղղորդիչ:

Որպես ժառանգություն, սիմվոլները փոխանցվում են թոռանը, վերջինիս հնարավորություն տալով ապրել պապիկի չապրած, բայց իմաստավորված տարիները: Վերջինիս կյանքում անջնջելի հետք թողած կանայք հայտնվում են նրա տանը՝ անտեղյակ լինելով հոբելյարի ճակատագրից: Սիրո համախմբումը ներկայացնում է մարդկանց, որոնք մոռացության տալով իրենց ներկան՝ եկել են հայտնվելու մի իրականությունում, որն արդեն իրենցը չէր, որը դարձել էր երիտասարդ տարիների հաճելի հիշողություն: Անցել էին տարիները, փոխվել էր բոլորի կյանքն ու այլ իմաստ ստացել, սակայն քաղցր հիշողություններով ու անցած երջանիկ օրերի հետքով՝ վերջիններս գտնվում էին այնտեղ, որտեղ տանող ճանապարհի բոլորը դռները փակ էին: Էմմա – Ռուզան Գասպարյանը բեմ է մտնում ձեռնափայտով ու կիսածռված մեջքով:

Կնոջ ծերացած մարմինն ու դժվար տեղաշարժվելու փաստը վերջինիս հետ չէին պահել իր բաղձալի երազանքից՝ սիրելիի ծննդյանը ներկա գտնվելուց: Հերոսուհին եկել էր, թեկուզ ժամանակավոր, վերագտնելու իրեն եւ իր կորցրած երջանիկ օրերը, որտեղ աղջկական ջանասիրությամբ ու կայտառությամբ ապրել էր անհոգ ու սիրված: Պատկառելի տարիքին զուգահեռ՝ Էմմա – Ռ. Գասպարյանը չէր վարանում իրեն ներկայացնել կայտառ, աշխույժ ու շարժունակ: Երջանիկ անցյալի հետքերով նա նորից, թեկուզ հիշողությամբ, ներկայանում է երիտասարդ ու կայտառ: Նրա կերպարը ինքնավստահ է ու ակտիվ: Նա խոսում է հրամայական եղանակով եւ ուրիշի տանն իրեն պահում է ազատ ու անկաշկանդ: Նրան հակադրվում է Անահիտ – Մարգարիտա Խաչատրյանը, որը հայտնվել էր այդ բնակարանում՝ նույն «առաքելությամբ»: Անահիտ – Մ. Խաչատրանի խոսքը կցկտուր էր ու անվստահ: Դերասանուհին շատ անգամ շփոթվում էր, նույնիսկ ամաչում էր արտահայտել իրեն համակած ապրումները: Իրար են բախվում երկու տարբեր կանանց տեսակները, որոնք իրավիճակի բերումով հայտնվել էին իրար դիմաց: Բեմադրիչ Հ. Գասպարյանն առաջին պլան էր մղել տարբեր աշխարհների ու նախասիրությունների մարդկանց, որոնք համախմբվել են սիրո տանիքի տակ: Վերջիններս գտնվելով անշահեկան վիճակում, գիտակցում են, որ ամեն բան ավարտված է: Ավարտված է նաեւ նրանց երազային աշխարհը, որով ապրել են տարիներ շարունակ: Սակայն այս ամենին զուգահեռ նրանք չեն կորցնում ապրելու ցանկությունը, իմաստավորելու իրենց հետագա կյանքը, քաջ գիտակցելով, որ անկախ կյանքի մատուցած անակնկալներից՝ այն դեռ շարունակվում է: Բեմադրիչի մտահղացումները պտտվում էին մարդու շուրջ:

Վերջինիս հոգեվիճակը, ապրումները, երազանքներն ու երջանկությանը ձգտող տեսակը բեմադրիչի համար դարձել էր նախապայման:

Բեմադրիչի գերխնդիրն էր ներկայացնել սովորական մարդուն, սովորական կենցաղում, որպեսզի հնարավորինս այդ կերպարները մեկտեղվեին հանդիսատեսի հետ՝ հիշեցնելով նրանցից յուրաքանչյուրին: Ներկայացման մեջ արծարծվող խնդիրներն ու հայեցակարգը պտտվում էին մարդու եւ մարդկայինի շուրջ: Մարդուն ու մարդկայինին բնորոշ առաձնահատկությունները տարիք ու ժամանակ չեն ճանաչում, ուստի, որպես արդիականության մոդել, առաջ են մղվում ռեժիսորական յուրովի մեկնաբանությունները՝ «նույն խնդրի շուրջ՝ նորովի լուսաբանում» կարգախոսով:

Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ

Դրամատուրգ, թատերագետ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930