Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ թվով հյուրեր՝ Գյումրիում․ անցկացվում է տարվա ամենամեծ ՏՏ միջոցառումը (ֆոտոշարք)

Հուլիս 02,2022 17:12

Գյումրու դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկեց «Tech Week Gyumri 2022» միջոցառումների շարքը։

Այն տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունն է, որին, ըստ կազմակերպիչների, մասնակցելու համար  նախապես գրանցվել  են ավելի քան 3300 հոգի։ 1000-ից ավելի մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից են, մոտ 2000-ն էլ՝ Շիրակի մարզից են։

Նման միջոցառում անցկացվել է նաև Արցախում․ այն մտադրված են դարձնել ավանդական։

Կազմակերպիչների փաստմամբ, Գյումրիում 60-ից ավելի ընկերություններ են մասնակցում, այդ թվում հայկական ծագումով համաշխարհային մեծ հաջողությունների հասած ընկերություններ՝ ներկայացնելով իրենց փորձը, պատմությունները, ֆիլմերը, աշխատանքի տոնավաճառին իրենց տաղավարները տեղադրելով ու կադրեր փնտրելով։ Մասնակցում են նաև 20 աջակից ընկերություններ։

Նշենք, որ թատրոնի մեծ դահլիճում, որտեղ մեկնարկեց պաշտոնական բացումը, կանգնելու տեղ անգամ  տեղ չկար, երիտասարդները նստել էին հատակին։

Միջոցառումները  բազմաբովանդակ են․ միաժամանակ անցկացվելու են Գյումրու 4 վայրերում՝ թատրոնի մեծ ու փոքր՝ Մհեր Մկրտչյանի անվան դահլիճներում, «Թումո» կենտրոնում, որտեղ կիբերանվտանգության հաքատոն է տեղի ունենալու։  «Թումո»-ում ստեղծվելու է տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ, որը թույլ կտա Հայաստանում բնակվող ցանկացած մարդու ստուգել՝արդյո՞ք իր անձնական տվյալներն արտահոսել են։ Միջոցառումներից մեկը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, այստեղ Շիրակի մարզի զարգացմանն ուղղված «Կորիզ» գաղափարների մրցույթն է տեղի ունենալու, ոլորտները տարբեր են․ կներկայացվի տեխնոլոգիական արտադրանք, ագրոբիզնես, զբոսաշրջություն։

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում էլ կանցկացվի «Հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթ 2022» մրցույթը՝ 14 թիմերի մասնակցությամբ։

Միջոցառումների շարքում իրենց տեղն է գտել ավանդական դարձած «gg race»  բարեգործական մրցաշարը,որին կարող է մասնակցել ցանկացած մեկն իր անձնական մեքենայով՝ անկախ մասնագիտությունից։ Անհատական պատվերներ ընդունելով՝ ստացված հասույթը կուղղվի համայնքի զարգացմանը։

«Նպատակը եղել է մարզերում հավաքել երիտասարդների, մարդկանց, որոնք հետաքրքրված են տեխնոլոգիաներով, ովքեր մտահոգ են իրենց երկրի զարգացմամբ, ովքեր պատրաստ են շենացնելու իրենց երկիրը իրենց գործունեությամբ»,- ասացին կազմակերպիչները։

Ներկաներին հատկապես ոգևորեց թատրոնի մեծ դահլիճում Հայաստանի պաշտպանական համակարգի հզորացմանն ուղղված ծրագիրը՝ ֆիլմի տեսքով։ Մանրամասնորեն ներկայացվում էր ռազմավարությունը, որը հայտնի է որպես՝ պաշտպանության և անվտանգության համապարփակ համակարգ և որն ապավինում է պետության և ժողովրդի բոլոր հնարավորությունները։ Այն կիրառվել է  աշխարհի բազում երկրներում՝  Շվեյցարիայում, Հյուսիսային Եվրոպայի երկրներում, Բալթյան երկրներում, Ավստրիայում,Թաիլանդում, Սինգապուրում, Կուբայում, Վիետնամում, կարողացել են համախմբել իրենց ներուժը ընդդեմ խոշոր պետությունների հարձակումների։

Ֆիլմի հիմքում այն գաղափարն էր, որ այս համակարգի կիրառման դեպքում կունենանք զենքին վարժ տիրապետող հայ ժողովուրդ, որն ընդունակ է զսպելու ու չեզոքացնելու բոլոր տեսակի կատաղի հարձակումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031