Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան անցավ Հայաստանի հետ իր մարտավարության երկրորդ փուլին». Ռուբեն Սաֆրաստյանը՝ Ռուբինյան-Քըլըչ պայմանավորվածության մասին

Հուլիս 02,2022 19:16

«Երեկվա հանդիպման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք տեսանք կոնկրետ արդյունք, շատ փոքր: Դա տեղի ունեցավ, որովհետեւ Թուրքիան անցավ Հայաստանի հետ իր մարտավարության երկրորդ փուլին: Եթե սկզբնական հանդիպումներն, ըստ էության, արդյունք չէին տալիս, դա Թուրքիայի մարտավարությունն էր՝ Հայաստանին այդ գործընթացի մեջ ավելի խորը ներքաշելու: Հիմա, նրանք սկսում են կիրառել իրենց մարտավարության երկրորդ փուլը. փոքր-փոքր քայլերով ավելի հիմնավոր դարձնել բանակցային գործընթացը»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում խոսելով երեկ կայացած Ռուբինյան-Քըլըչ հերթական հանդիպման մասին, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը, ասաց ակադեմիկոս, Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բանախոսն ինքնանպատակ չի համարում: Ավելին, ասում է, որ ռազմավարական առումով Հայաստանը Թուրքիային չի հետաքրքրում, քանի որ Հայաստանն իր համար վտանգ չի ներկայացնում, տնտեսական շուկան շատ փոքր է, իր համար հետաքրքրություն չի ներկայացնում: «Խոսքը գնում է այն մասին, որ Թուրքիան, օգտագործելով բանակցային գործընթացը, փորձում է Հայաստանից զիջումներ կորզել. սա է նպատակը, որ Թուրքիան սկսեց այս բանակցությունները»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ հիշեցնելով, որ սահմանը Թուրքիան էր փակել:

Ինքը, ելնելով տասնյակ տարիների իր փորձառությունից եւ շփումներից, փաստում է, որ իրենց մոտեցումն այն է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսինն է, որ Հայաստանն ավելի շատ պետք է շահագրգիռ լինի Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել, քան Թուրքիան՝ Հայաստանի հետ, ուստի Հայաստանը պետք է գնա զիջումների: Զիջումներից մեկն էլ, օրինակ, Ադրբեջանին միջանցք տալն է, Արցախն՝ Ադրբեջանի կազմում ճանաչելը, Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը եւ այլն: Իր նպատակներին հասնելու համար Թուրքիան որոշակի տակտիկա է կիրառում, որը բանախոսի համոզմամբ մշակված է: Իսկ այս համոզմանն ինքը եկել է՝ բանակցային գործընթացի մեկնարկին ուսումնասիրելով մի շարք գործընթացներ, որոնց արդյունքում հավաստիացել է, որ բանակցային եւ տեսության բնագավառում լավագույն մասնագետներ են ներգրավվել հատուկ ստեղծված խմբերում:

Ձեռք բերված վերջին պայմանավորվածության նպատակն, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, ընդամենը ցույց տալն է, թե որոշակի առաջընթաց կա, թեեւ չի բացառվում, որ այդ սահմանով այդպես էլ որեւէ մեկը չանցնի: Նրա գնահատմամբ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցն ԱՄՆ-ն է դրել Թուրքիայի առջեւ, ինչը ակնհայտ դարձավ նաեւ Բայդենի եւ Էրդողանի վերջին՝ Մադրիդի հանդիպման ժամանակ:

Բանախոսն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման նախորդ երկու փուլերը եղել են միջնորդավորված, իսկ այս փուլում Թուրքիան միջնորդներ չի հանդուրժում եւ փորձելու է օգտագործել Հայաստանի պարտությունը 44-օրյա պատերազմում՝ ճնշում գործադրելու առումով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031